Շոու բիզնեսի ներկայացուցիչ, հաղորդավար, թամադա Կառլին հետաքրքրում է՝ փոքրիկ երգչուհի Լիդուշիկին ու օրինակ՝ երգիչ Մգերին, նո՞ւյն չափով են հարկելու: Արդյոք հարկայինը հաշվի չի առնելու երգչի չափահաս կամ անչափահաս լինելը: «Բոլոր նրանք, որոնք եկամուտ են ստանում հարկվելու են, տարիքի հետ կապված արտոնություններ նախատեսված չեն»,- Կառլի հարցին ի պատասխան տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները:
Այսօր շոու բիզնեսի ներկայացուցիչները ՊԵԿ-ի հրավերով հանդիպեցին կոմիտեի իրավաբանական վարչության աշխատակիցներին, բարձրացրին հարկային դաշտ մտնելու վերաբերյալ իրենց հուզող հարցերը:
ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ավանեսյանն ասաց, որ առաջարկել են շոու բիզնեսի բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք դեռեւս հաշվառում չեն ստացել եւ հարկայինի պահանջը նրանց համար տարընթերցումների տեղիք է տվել, գան հանդիպման՝ հարցերին սպառիչ պատասխան ստանալու:
Այդուհանդերձ, մի շարք հարցեր առաջացան, որոնց պատասխանները ՊԵԿ-ի մասնագետներն էլ դեռ չունեին: Օրինակ՝ «Հավանա» ռեստորանային համալիրի ներկայացուցիչը հարցրեց՝ ակումբում աշխատող երգչի թեյավճարնե՞րն էլ են հայտարարագրելու, թե՝ ոչ: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում նման պրակտիկա չկա, որ թեյավճարից հարկեն:
Տիկին Ավանեսյանն ի պատասխան ասաց, որ այդ հարցի պատասխանն առայժմ չունեն, ապա ավելացրեց՝ «Եթե ինքը կհայտարարագրի իր ստացած թեյավճարը որպես եկամուտ, պետք է վճարի: Իսկ դա կդիտենք որպես եկամուտ թե ոչ, այդ հարցին հետո կպատասխանենք»:
ՊԵԿ-ի պաշտոնյաներից շոու բիզնեսի ներկայացուցիչները նաեւ հետաքրքրվեցին՝ երգիչ-երգչուհիներին ծառայություն մատուցողները՝ վարսահարդար, օպերատոր, պրոդյուսեր նույնպե՞ս հարկվելու են:
Նաիրա Ավանեսյանը պատասխանեց, որ հարկային դաշտ պետք է անցնեն բոլոր նրանք, որոնք եկամուտ են ստանում:
Երգիչ Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսեսյանը հարցրեց՝ եթե ՀՀ քաղաքացի չէ, բայց այստեղ համերգ է տալիս, նույնպե՞ս հարկվելու է:
«Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, բայց այստեղ ռեզիդենտ է հանդիսանում, պետք է նրա եկամտի նկատմամբ հարկեր հաշվարկվեն»,-պարզաբանեցին հարկայինի աշխատակիցները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ