Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Ես միշտ իմ մրցանակները տալիս եմ դեբյուտներին»

Փետրվար 22,2019 15:52

Ապրիլի 16-ին կկայանա Ազգային կինոյի երկրորդ «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որն ունենալու է 12 անվանակարգ եւ հատուկ մրցանակ` հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2017թ-ի դեկտեմբերին: Հայտերն ընդունվում են փետրվարի 22-ից մինչեւ մարտի 11-ը: Արդեն պատրաստ է նաեւ նորացված կայքը armfilmacademy.am-ը:

Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահության անդամ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը լրագրողներին հայտնեց, որ Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանը ԱՄՆ-ից նամակ-հրաժարական է ուղարկել, որ չի կարող շարունակել աշխատանքները, եւ առաջիկայում նոր նախագահ են ընտրելու:

Նա նշեց, որ մրցանակաբաշխության անցկացման օրը պատահական չի ընտրվել. «Ապրիլի 16-ը հայկական կինոյի ստեղծման թվերից մեկն է: Կարծում եմ, որ շուտով մենք դիմում կներկայացնենք Կառավարությանը եւ օրենսդրական մարմիններին, որպեսզի ապրիլի 16-ը պաշտոնապես ընդունվի որպես հայկական կինոյի օր»:

Ռեժիսորը ներկայացրեց 12 հիմնական անվանակարգերը, որոնց թվում են` լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, սցենարիստ եւ այլ անվանակարգեր:

Մանրամասները` տեսանյութում:

Հարություն Խաչատրյանի ձեւակերպմամբ, մասնակցությունը կարեւոր է, մյուս կողմից էլ մեր ֆիլմերի քանակն այնքան քիչ է, որ հաճախ հնարավոր չէ, որ 3-ից մեկը լավագույն ֆիլմ լինի, ու 15-20-ից մեկն է լավագույնը:

«Անահիտ» մրցանակաբաշխության կազմակերպչական հարցերով համակարգող Արեւիկ Ուդումյանը տեղեկացրեց, թե ինչպես կարող են կինոգործիչները հայտեր ուղարկել, ասաց, որ դա կարելի է անել եւ ֆիզիկապես` կինոյի տուն բերելով, այնպես էլ առցանց լրացնելով: Նաեւ հավելեց, որ Հանրային հեռուստաընկերությունը ցանկություն է հայտնել ուղիղ եթերում ցուցադրել «Անահիտ» մրցանակաբաշխությունը:

Մանրամասները` տեսանյութում:

Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահության անդամ, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը նշեց, որ «Անահիտ» մրցանակաբաշխությունը ինչ-որ առումով նման է լինելու Golden Globe Award-ին: Ամենակարեւորը հայկական մրցանակաբաշխությունը իր գաղափարախոսությունը կունենա: Հույս հայտնեց, որ մրցանակաբաշխությունը լավ է անցնելու, իսկ ամենավատ բանն այն կլինի, եթե վատագույն ֆիլմին մրցանակ տրվի:

«Սա փառատոն չէ, մրցանակաբաշխություն է, որը փաստում է իրողությունը. ինչ կա` կա, այսինքն, որ սա ունենք այս պահին»,-ընդգծեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Հարություն Խաչատրյանը նշեց, որ մրցանակաբաշխությունը իրականացնելու են կինոակադեմիայի եւ աջակիցների միջոցներով: Նկատեց, որ դեբյուտ անվանակարգ չկա եւ ամեն ինչ կանեն, որպեսի այն եւս լինի, քանի որ երիտասարդներին խրախուսելը կարեւոր է:

«Օսկարի» կամ այլ մրցանակաբաշխությունների հետ համեմատվելն էլ ծիծաղելի որակեց, քանի որ նրա խոսքերով, 200 մլն դոլար է ծախսվում «Օսկարի» պարագայում, իսկ Կաննի կինոփառատոնի միայն բացման համար շուրջ 250 մլն:

«Շատ կարեւոր է ֆիլմերի որակը, բայց նաեւ կարեւոր է, որ ֆիլմով մտածող, ֆիլմի ստեղծմամբ հետաքրքրվող մարդիկ կան»,-ասաց ռեժիսորը: Հարություն Խաչատրյանը խոսեց, իր բառերով, հետաքրքիր երիտասարդների նկարած ֆիլմերի մասին եւս, որոնք արժի ներկայացնել: Հիշեցրեց, որ միշտ իր մրցանակները տալիս է դեբյուտներին, ինչպես դա արել է Մարիա Սահակյանի եւ Աննա Արեւշատյանի դեպքում:

Մանրամասները` տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728