Փետրվարի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ «Աշխատիր Հայաստան» արշավի վերաբերյալ: Ներկա էին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարների տեղակալները և այլ պաշտոնատար անձինք:
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այսօր Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը գործազրկության բարձր մակարդակն է, ինչը հնարավոր է հաղթահարել միայն փաստերի վերլուծության վրա հիմնված զբաղվածության քաղաքականության և հստակ թիրախներով գործողությունների ծրագրի մշակման և հետևողական իրականացման արդյունքում:
Նրա խոսքով կառավարության ծրագրի անկյունաքարն է աշխատանքի խրախուսումը: Միաժամանակ, վերջերս շատ են նաև քննարկվել գործազրկության պատճառները, այդուհանդերձ բացակայում է ոլորտի համապարփակ և թվային ցուցանիշներով հարուստ ուսումնասիրություն, որը նաև թույլ կտա ապագայում նվազեցնելու հատկապես կառուցվածքային գործազրկության մակարդակը և բոլորի համար ստեղծելու արժանապատիվ աշխատանքի պայմաններ:
Փոխվարչապետը հավելել է, որ հրավիրված գերատեսչություններից յուրաքանչյուրն ուղղակիորեն առնչվում է աշխատաշուկայի քաղաքականությանը, և այս ուղղությամբ տարբեր ծրագրեր են իրականացվում: Սակայն, քանի որ զբաղվածության քաղաքականությունը պահանջում է համակարգված միջոցառումների առկայություն, որը կբացառի կրկնությունը և անարդյունավետությունը, ուստի նա առաջարկել է մեկտեղել աշխատանքի խրախուսմանն ուղղված քայլերը «Աշխատիր Հայաստան» արշավի շրջանակներում:
Աշխատանքները համակարգելու համար նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական խումբ, իսկ արշավի մեկնարկը տալ մայիսին: «Աշխատիր Հայաստան» արշավը կդառնա «տանիք» կարճաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումների համար՝ նախապատրաստելով քաղաքացիներին ապագայի աշխատանքին: