Aravot.am-ին է դիմել Նորքի «զինված խմբի» գործով մեղադրյալ, «Հայոց վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի բարեկամներից մեկը՝ ցանկանալով բարձրաձայնել Վարդանյանի առողջական վիճակի մասին: Մեր զրուցակիցը նախընտրեց անունը չբացահայտել եւ վստահեցրեց, որ ահազանգը Վարդանյանի բոլոր հարազատների անունից է: «Արթուր Վարդանյանը 14-15 օր է՝ չի կարողանում սնվել՝ ստամոքսի եւ աղիների հետ կապված հիվանդությունների պատճառով: Նա սոված է՝ իր կամքից անկախ, փսխումների պատճառով չի կարողանում ուտել: Որեւէ բան չի ձեռնարկվում, որպեսզի նա բուժում ստանա քաղաքային հիվանդանոցում: Դատապարտյալների հիվանդանոցում նրան սուր հակաբիոտիկներ են տվել, որոնց ընդունումից հետո նա վատանում է, սուր էրոզիաներ ունի աղիներում: Այնտեղ կրկին տանելով՝ ուղղակի կսպանենք նրան: Առանց այդ էլ նա հորմոնալ դեղերը սոված վիճակում է ընդունում: Եւս հինգ օր էլ այսպես շարունակվեց, նա ուղղակի կմահանա: Խնդիրը հրատապ է, զարմանում եմ, որ այս մասին չի բարձրաձայնվում»,-ահազանգեց մեր զրուցակիցը:
Նա շեշտեց, որ Արթուր Վարդանյանին 3,5 տարի է՝ պահում են անազատության մեջ, մինչդեռ գործով անցնող մյուս ամբաստանյալները, որոնք նույն մեղադրանքն են կրում, ազատված են կալանքից. «Վարդանյանին կալանքից ազատելու արդեն վեցերորդ միջնորդությունն է մերժվել: Որեւէ բան հաշվի չեն առնում… իշխանական պատգամավորներին ենք դիմել անգամ, բայց ասում են՝ «չենք ուզում խառնվել»: Իսկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն ԱԺ հանձնաժողովի նախագահ է, քանիցս ցանկացել է տեսակցել Արթուրին, բայց ասում են, որ տեսակցությունների մասնակի արգելք կա: Բայց չէ՞ որ Նաիրա Զոհրաբյանը պատգամավոր է, նա իրավունք ունի մտնել»:
Վարդանյանի հարազատը նաեւ նշեց, որ Արթուր Վարդանյանին քրեակատարողական հիմնարկից քաղաքային հիվանդանոց են տեղափոխում կարճ ժամանակով, մինչդեռ նվազագույնը երկու օր է հարկավոր՝ ամբողջական հետազոտություն անցնելու համար. «Բժշկին «խեղդում» են՝ ասում են՝ «շուտ դուրս գրի»…Պետությունը չունի բավարար միջոցներ՝ կալանավորի վերահսկողությունն ապահովելու համար»:
Արթուր Վարդանյանի առողջական վիճակի մասին հայտարարություն է արել նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի նյութերի՝ Արթուր Վարդանյանը հանդիսացել է ենթադրյալ զինված խմբի ղեկավարը: Այդ խումբը, ըստ մեղադրանքի, 2015թ.-ին ծրագրել է խոցել նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, զավթել պետական կառույցների շենքերը՝ իշխանությունը բռնությամբ յուրացնելու պատճառով: Ամբաստանյալները մեղադրանքները չեն ընդունում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային