Այսօր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով էր հրավիրվել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նրան հարցրեց. «Նախկինում բազմաթիվ անարդար դատական ակտեր են կայացվել, որի հետեւանքով մարդիկ հանիրավի տուժել են՝ զոհ լինելով իշխանության քմահաճույքներին, բայց հիմա վերանայելու հնարավորություն չունեն: Երբ նրանք դիմում են՝ վերաբացելու գործը, պատասխանում են, որ նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով կարող են նորից քննել տվյալ դատական ակտը: Բայց արդյո՞ք հեղափոխությունը նոր ի հայտ եկած հանգամանք չի: Հաճախ ասում են՝ նոր իրավիճակ է, չե՞ն կարող մարդիկ անարդար դատական ակտերի քննության նոր իրավունք ունենալ»:
Զեյնալյանը պատասխանեց. «Հայաստանում ինչքա՞ն դատավճիռներ են եղել, բոլորը պիտի իրավո՞ւնք ունենան: Դատական գործերի քանակը պատկերացնո՞ւմ եք, մի քանի հարյուր հազար գործեր են այս պահին քննվում՝ 230 դատավորի կողմից: Եթե այս գործերը բացում ենք, միջամտում ենք նաեւ այդ դատական ակտերով բավարարված անձանց իրավունքներին»:
Բագրատյանը զարմացավ՝ ո՞նց, այսինքն, Ստալինի ժամանակվա բռնադատվածները պիտի մնային այդպես էլ բռնադատվածնե՞ր, չպիտի՞ ունենային մի հնարավորություն՝ Զեյնալյանը արձագանքեց. «Քաղաքական խնդիր է դա՝ ռեաբիլիտացիա իրականացնել մարդկանց: Ենթադրենք, 2001-2003-ի ընթացքում վարչական կալանքի ենթարկված անձանց ռեաբիլիտացիա լինի, արդյոք բոլորի՞ պատիժն է եղել անարդար»: Նա ասաց, որ ուրիշ գործեր ունեն անելու, ռեսուրսներ այդքան չունեն:
Զեյնալյանի բացատրությունը, քննարկման մանրամասները՝ տեսանյութերում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ