Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հարցին, որ համաներման արդյունքում հանցագործությունների թիվը մեծացել է, համաներվածները կրկնահանցագործներ են դառնում, ավելացել են բնակարանային գողությունները՝ պատասխանեց. «Երբ համաներման նախագիծը քննարկվում էր, մենք քննադատության էինք ենթարկվում, որ այն ծավալուն ու ընդարձակ չի: Մենք ենթադրում էինք, որ լինելու է հանցագործությունների աճ եւ յուրաքանչյուր համաներումից հետո դա տեղի ունենում է: Համաներումով ազատ չեն արձակվել այն անձինք, ովքեր մի անգամ ներվել են, կամ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել: Անշուշտ, համաներումը լավագույն ինստիտուտը չի: Մենք պատժողական քաղաքականությունից վերականգնողական քաղաքականության ենք անցնում: Դեռեւս ուժի մեջ մտած դատավճիռ չունենք, որպեսզի կարողանանք վերլուծություն կատարել՝ հասկանալու համար, թե քանիսն են դիմել կրկնակի հանցագործությունների»:
Զեյնալյանն ասաց, որ ստույգ տեղեկատվություն չկա, որ այդ բոլոր գողությունները կատարել են համաներմամբ ազատ արձակվածները:
Հարցին՝ «Սասնա ծռերի» վրա ի վերջո համաներումը տարածվելո՞ւ է, թե՞ ոչ, երբ առարկություն կա թե՛ ոստիկանապետի, թե՛ այլ տուժողների կողմից՝ Զեյնալյանը պատասխանեց. «Դա նրանց իրավունքն է, համաներման ակտը հավասարակշռվել է նաեւ տուժողների իրավունքներով, որ դա չհանգեցնի տուժողների իրավունքների խախտման»:
Հարցին՝ քանի՞ առարկություն պետք է լինի, որ համաներման ակտը չտարածվի «Սասնա ծռերի» վրա՝ Զեյնալյանը պատասխանեց, որ մեկն էլ բավարար է. «Համաներման մասին օրենքով բացառությունները նախատեսված են: Եթե ֆիզիկական բռնության ենթարկվածը, կամ պատանդառվածը բողոքարկում է, ապա դրանում մեղադրվող անձանց վրա դա չի տարածվում, եթե չեն մեղադրվում, պետք է տարածվի»:
Մեր հարցին՝ անցումային արդարադատության հարցն ի՞նչ եղավ, լինելո՞ւ է, թե՞ ոչ՝ Զեյնալյանն ուշագրավ պատասխան տվեց, նա ասաց, որ համաներման երկու ակտ է ընդունված եղել ու այդ երկու ակտը կարելի է դիտարկել անցումային արդարադատության համատեքստում: Սրանից պարզ չեղավ՝ այսինքն, արդեն կարող ենք դիտարկել, որ անցումային արդարադատությունը եղա՞վ, թե՞ ոչ:
Լրագրողները նաեւ հարցրեցին՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ պետությանը տված 18,5 մլն-ը արդարադատության ի՞նչ ձեւաչափի մեջ է տեղավորվում, սա օրինակա՞ն էր, թե՞ հակաօրինական՝ նախարարը պատասխանեց. «Մարդը իր ցանկությամբ նվիրատվություն է իրականացնում, արդարադատության հետ սա որեւէ առնչություն չունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ