Լրահոս
Օրվա լրահոսը

Զեյնալյանը՝ ցմահ ազատազրկվածներին ներելու մասին. Նրանք իրենց վարքով կարող են հասնել բաց ռեժիմի կամ արձակուրդի՝ մինչեւ 6 ամսով

Փետրվար 22,2019 14:25

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրավիրվել էր քննարկման:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց՝ շատ դատապարտյալներ հասցնում են զղջալ, փոխվել, բայց ներման չեն հասնում, ներման ինստիտուտը ինչո՞ւ հնարավոր չէ կայացնել մեր երկրում:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ իր անձնական կարծիքն ունի՝ «Մեկ ցմահ դատապարտյալի վերաբերյալ արտահոսքը, որը հանրային էսկալացիա բերեց, վնասեց նաեւ մյուս գործերին: Ստեփան Գրիգորյանը պիտի ներվեր միանշանակ, բայց իշխանությունը չասեմ վախեցավ, բայց չփորձեց գնալ հանրային էսկալացիայի ճանապարհով: Իշխանությունը սկսեց բոլորին մերժել, որ էմոցիաներ չլինեն: Բայց չէ՞ որ մենք անհատական լուծումների ու անհատական մոտեցման ճանապարհով պետք է գնանք»: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ որոշել է նախագիծ դնել շրջանառության մեջ, որ ցմահ ազատազրկվածի ներելու դեպքում անպայման հաշվի առնեն տուժողի իրավահաջորդի կարծիքը:

Զեյնալյանը պատասխանեց. «Ներում շնորհում է նախագահը՝ վարչապետի ներկայացումով: Սա ներքին համոզման, անհատական մոտեցում է, սուբյեկտիվ է: Կա ներման  հանձնաժողով, որը խորհրդակցական մարմին է, իր որոշումն է տալիս ներելու, ինչ չափով ներելու, դա քննարկում է վարչապետը, ներկայացնում է նախագահին: Դա միանձնյա հայեցողություն է, չենք կարող միջամտել»:

Ստեփան Գրիգորյանի եւ մյուս դատապարտյալների վերաբերյալ՝ նա ասաց, որ մենք 100 հազար բնակչի հաշվով չափազանց շատ ցմահ դատապարտյալ ունենք: Մարդիկ կան, որ 27 տարի ապրում են՝ խիստ ռեժիմով: Նա ասաց, որ փոփոխություններ են անելու, որ ցմահ դատապարտյալները արժանանան ռեժիմի փոփոխությանը իրենց վարքով՝ ընդհուպ հասնեն բաց ռեժիմի, կարող են գնալ արձակուրդի՝ մինչեւ 6 ամսով: Սրանով կհասկանան, թե նրանք որքանո՞վ են ուղղվել, որքանո՞վ են հասարակական հարաբերություններն ընդունում: Ցմահ ազատազրկվածները 20 տարին լրանալուց հետո կարող են դիմել պայմանական վաղաժամկետ ազատման:

Թագուհի Թովմասյանը նաեւ հարցրեց՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մի շարք աղմկահարույց գործերի մասով ՄԻԵԴ-ում դուք եք լինելու՝ ԱՆ-ն, հետեւո՞ւմ եք այդ գործերին, որ չունենանք պարտություններ: Զեյնալյանը պատասխանեց՝ «Մենք ոչ թե պետք է աշխատենք պարտություններ չունենանք, այլ մենք ամեն ինչ պիտի անենք՝ մարդու իրավունքների խախտում չունենանք, իսկ եթե ՄԻԵԴ-ում գործը լինի, դա ակցիա չէ՝ ընդդեմ ՀՀ-ի, դրանով հարստացվում է իրավունքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728