Լրահոս
Օրվա լրահոսը

«Սննդից եւ ջրից հրաժարվելը մարդու ազատությունն է եւ իրավունքն է». Զեյնալյանի պատասխանը՝ բողոքներին, թե ինչո՞ւ Մհեր Եղիազարյանը մահացավ

Փետրվար 22,2019 14:13

Այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը հրավիրվել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողով՝ քննարկման, ասաց, որ քրեակատարողականների սննդի որակը լավացել է, այդ մասին փաստում է այն, որ հանձնուքների քանակն է նվազել, արդեն քիչ են սնունդ բերում կալանավորին, ըստ նախարարի, լավացել է նաեւ հացի որակը:

Նախարարը խոսեց քրեակատարողականների խնդիրների մասին, վերանորոգման, կոյուղու եւ այլն: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Առանց դաբլ հակագազի հնարավոր չէ «Նուբարաշեն» քրեակատարողականի զուգարան մտնել»: Զեյնալյանը համաձայնեց:

Նա ասաց, որ հիմա վերանայում են հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են պատիժ կրելու հետ: Ուսումնասիրում են միջազգային փորձը:

Նաիրա Զոհրաբյանը հարցրեց Մհեր Եղիազարյանի դեպքի մասին. «Նա նախապես հայտարարել էր, որ առողջական խնդիրներ ունի: Նուբարաշենում այս պահին 35 միայն հսկիչի թափուր տեղ կա, էլ չեմ խոսում բժիշկների, հոգեբանների: Եթե մենք ուզում ենք, որ կալանավորը կալանավայրից դուրս գա սոցիալականացված, ոչ թե դուրս գա առավել գազանացած, նրանց հետ պիտի աշխատեն հոգեբաններ, սոցիոլոգներ: Արդյոք մենք դիպվածային մի հատ հոգեբան պեղելով, ասելով՝ արի համոզենք քեզ 80 հազար դրամով գնա աշխատի՝ միանգամյա լուծումներ տալո՞վ պետք է աշխատենք՝ հրշեջի նման: Չե՞ք կարծում, որ հեղափոխական փոփոխությունների կարիք կա: Նույնը՝ դեղերի մասին, գնում ես, բացում ես դեղերի դարակը, ասում ես՝ լավ էս մարդն էս հիվանդությունն ունի, ինչո՞ւ չկա այս դեղը, ասում են՝ կառավարության որոշմամբ կա հատուկ հաստատված դեղերի ցանկ, այս դեղորայքը չի մտնում այդ ցանկի մեջ: Ցանկն էլ եսիմ որ թվին է հաստատվել, հիմա չպե՞տք է դա վերանայել, որ ադեկվատ լինենք»:

Նաիրա Զոհրաբյանը հարցրեց Մհեր Եղիազարյանի գործի հետ կապված՝ ինչո՞ւ չկար այդ պահին բժիշկ, երբ 44 օր հացադուլ հայտարարած մարդը, որը 10 օր դուրս էր եկել հացադուլից եւ պիտի 24 ժամ գտնվեր բժիշկների հսկողության տակ: Զեյնալյանը պատասխանեց. «Սննդից եւ ջրից հրաժարվելը մարդու ազատությունն է եւ իրավունքն է: Անձը իր կամքով է գնում այդ քայլին, թե այդ հացադուլից եւ ջրադուլից ինչի դիմաց է պատրաստ դուրս գալ՝ դա նաեւ իր խնդիրն է: Մարդն է որոշում ինչպես պաշտպանել իր իրավունքները, բայց կարող ենք զուգահեռ անցկացնել շորթման հետ: Նրա բողոքը ուղղված է եղել ոչ թե կալանավայրի պայմանների դեմ, այլ՝ իր քրգործի դեմ: Իրեն հասկանալի ձեւով բացատրվել է, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ հացադուլը, այդ թվում նաեւ վախճանը: Ով գնում է հացադուլի, պիտի իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով: Մարդը գիտի ինչի է գնում: Հացադուլը դադարեցնելուց հետո մենք տեղեկանք ենք ներկայացրել մանրամասն, թե ինչ միջամտություններ է արվել, քանի անգամ է բուժզննում արվել»:

Զեյնալյանը համաձայնեց, որ ՔԿՀ-ներում թափուր տեղեր ունեն, բայց ասաց, որ դա մեր բոլորի խնդիրն է, մենք պիտի տարբերենք՝ 4-րդ կարգի վթարային շե՞նքն ենք նախընտրում փոխել, կառուցել, Հյուսիս-Հարավ մայրուղի՞ն, թե՞ նոր ՔԿՀ կառուցել: Թե՞ ՔԿՀ-ի աշխատավարձերի հարցը լուծենք: Նա ասաց, որ երբ նոր ՔԿՀ-ներ ունենանք, մի քանի քրեակատարողականներ կօպտիմալացնեն:

Ինչ վերաբերում է դատավորներին՝ Զեյնալյանն ասաց, որ իրենք ազդեցություն չունեն դատավորների վրա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց՝ պրակտիկա կա եվրոպական կոնվենցիաներով ամրագրված, որ եթե մարդը գնում է հացադուլի եւ նրա կյանքին սկսում է վտանգ սպառնալ, գալիս է հարկադրաբար կերակրելու անհրաժեշտությունը, ինչո՞ւ նրան հարկադրաբար չեք կերակրել: Զեյնալյանը պատասխանեց. «Եվրոպական դատարանի իրավունքի համաձայն, անձին չի կարելի հարկադրաբար կերակրել այնքան ժամանակ, երբ ինքը չի ուզում, երբ նա ուշագնաց է, կոմայի մեջ է, կարելի է երակային սնուցում տալ, բայց երբ նա ուշքի գա, չեն կարող հարկադրաբար կերակրել, քանի դեռ իր համաձայնությունը չի տվել: Նրան չէր կարելի հարկադրաբար կերակրել, այդպիսի իրավիճակ չի եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728