Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք անչափահաս երեխաները սպառնում են նստել հացադուլի. 4 տարեկան երեխան, որպես բողոքի նշան, մանկապարտեզ չի գնում. Նաիրա Զոհրաբյան

Փետրվար 22,2019 13:40

Այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպմանը «Գորիս» ՔԿՀ-ում պահվող Փարսադան Փարսադանյանի խնդիրը բարձրաձայնեց. «Նրա 3 անչափահաս երեխաները չունեն խնամակալ: Մի խնամակալ ունեին՝ տատիկ, տատիկն էլ մահացել է հունիս ամսին: 16, 10 եւ 4 տարեկան երեխաներ են՝ առանց խնամակալի: Երեք երեխաներից մեկը՝ Մերին, հայտարարեց, որ նստելու են հացադուլի երեխաները»:

Նաիրա Զոհրաբյանը կարդաց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի պատասխանը՝ Փարսադանյանի գործի մասին՝ «Տեղեկացնում եմ ձեզ, որ պայմանական վաղաժամկետ ազատման մասին միջնորդության քննությունը նշանակված է եղել ս.թ.փետրվարի 4-ին, բայց չի կայացել դատավոր Արսեն Սարդարյանի հերթական՝ ամենամյա արձակուրդում գտնվելու պատճառով»: Մի օր կարող է Արսեն Սարդարյանը արձակուրդում լինի, մի օր կարող է իր գլուխը ցավա, մի օր կարող է հավես չունենա Սարդարյանը: Այստեղ երեխաների ճակատագիրն է, որոնք սպառնում են գնալ ծայրահեղ քայլերի: Երբ որ նժարին 3 անչափահասների ճակատագիրն ենք դնում, մյուս կողմից Փարսադանյանի խնդիրը, միգուցե Արսեն Սարդարյանը արձակուրդից շուտ վերադառնա, էլի ու այս մարդու վաղաժամկետ ազատման խնդիրը քննարկի»:

Ի պատասխան՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, թե ինչքան ծանրաբեռնված են աշխատում դատավորները, նրանց վարույթում մի քանի հազար գործ կա. «Կոնկրետ դատավորի վարույթում եղել է 3537 գործ: Իսկ դատավորը նաեւ ունի արձակուրդի իրավունք: Մենք պիտի շահագրգռված լինենք, որ դատավորը իրացնի իր հանգստի իրավունքը: Չենք կարող իրենց սպառել ու դատարկ նստել»:

Զեյնալյանը հարցրեց, թե ինչում է մեղադրվում Փարսադանյանը: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խարդախության հոդվածով է. «Երեխաները, արդեն մեկ ամիս է, որպես բողոքի նշան, դպրոց չեն գնում, փոքրն էլ՝ մանկապարտեզ»:

Զեյնալյանը հետաքրքրվեց, թե այդ երեխաների մայրն ուր է, Զոհրաբյանը պատասխանեց. «Կինը թողել, գնացել է, հիմա եւ չգիտեմ ուր է, ի՞նչ ասեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728