Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» (Արմեդ) ընկերության կայքում առցանց ռեժիմով հասանելի է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում (պետական պատվեր) իրականացնող բժշկական կազմակերպությունների 2019 թվականի հատկացումների մասին տեղեկությունը՝ ըստ ամսական համամասնությունների ու հասանելիության կարգավիճակի։
Կայքում բժշկական ծառայությունների համապատասխան խումբն ընտրելուց հետո էջում հայտնվում է այն բուժհաստատությունների ցանկը, որոնք պետպատվերի շրջանակում տվյալ խմբով նախատեսված ծառայություններ են մատուցում։ Առցանց հնարավոր է տեսնել կոնկրետ բուժհաստատությունում ծառայությունների տվյալ խմբի մասով փաստացի կատարված աշխատանքների (ծախսված միջոցների), հասանելի միջոցների և հերթագրումների մասին տեղեկությունը։
«Այս գործիքն առաջին հերթին նախատեսված է պետպատվերի ծառայություններից օգտվելու իրավասություն ունեցող անձանց համար։ Բուժհաստատություններն էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով մուտքագրում են պետպատվերի շրջանակում կատարված աշխատանքները, և համակարգն ավտոմատ կերպով ցույց է տալիս, թե կոնկրետ ծառայության համար պետության կողմից հատկացված միջոցներից որքանն է արդեն ծախսվել, որքանն է մնացել։ Սա հնարավորություն է տալիս պետպատվերից օգտվող քաղաքացիներին միանգամից դիմել հենց այն հաստատությանը, որտեղ տվյալ պահին չօգտագործված հատկացումներ կան։ Սա թափանցիկությանն ուղղված լավ գործիք է, որը ներդրվել է դեռ 2018թ․ հունիսին՝ ելնելով առողջապահության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության պահանջներից։ Հիմա արդեն հասանելի են 2019 թ․ սահմանաչափերը»,-պարզաբանում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։
Ներկայումս պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը բոլոր բժշկական հաստատություններում իրականացվում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով, ինչը հնարավորություն է ընձեռում ընթացիկ տեղեկատվությունը հասանելի դարձնել կայքում։
Տեղեկանք․ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ հանդիսանում է Հայաստանում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգը կառավարող օպերատորը։ Համաձայն ՀՀ կառավարության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի՝ ընկերությունն ապահովում է համակարգի տեխնիկական կառավարումը, բարելավումը, ծրագրակազմի սպասարկումը։
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ