Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը հատուկ ընդգծել է, որ պետական մարմինները պարտավոր են գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկերը գաղտնազերծել և հրապարակել. ՀՔԱՎ

Փետրվար 22,2019 12:54

2019թ. փետրվարի 8-ին ՀՀ վարչական դատարանը, Է. Նահապետյանի նախագահությամբ, բավարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը՝ Շիրակի մարզպետարանին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով: Դատարանի վճիռը ստացել ենք փետրվարի 18-ին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. մարտի 23-ին դիմել էր Շիրակի մարզպետարան՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի պատճենը ստանալու հարցով: Կազմակերպությունը հղում էր արել ՀՀ Սահմանադրական դատարանի 2012թ. մարտի 6-ի՝ ՀՔԱՎ դիմումի հիման վրա կայացրած որոշմանը: Այդ որոշմամբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասը՝ «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը այնքանով, որքանով այն չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկատվության:

Չնայած դրան՝ Շիրակի մարզպետարանը կրկին հիմնվել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի վրա, եզրակացրել, որ ցանկը բացահայտում է պետական և ծառայողական գաղտնիք, և հրաժարվել է տեղեկատվություն տրամադրելուց:

2019թ. ապրիլի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջվող տեղեկատվություն ստանալու հարցով դիմել է դատարան: Հայցադիմումում նշել է, որ Շիրակի մարզպետարանը, տեղեկատվության տրամադրումը մերժելով, խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված տեղեկատվություն ստանալու՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավունքը:

Միաժամանակ նշվել է, որ սահմանափակում կարող է կիրառվել այն տեղեկությունների նկատմամբ, որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ համար: Մինչդեռ գերատեսչական ցանկերը ոչ թե նման տեղեկատվություն են բացահայտում, այլ ուղղակի մանրամասնում են ոլորտները, բացառությամբ այն դեպքերի, երբ վերնագիրն ինքնին կարող է գաղտնի տեղեկատվություն պարունակել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի շահերը դատարանում ներկայացրել է Կազմակերպության փաստաբան Արայիկ Զալյանը:

Ավելի քան 10 ամիս հայցը քննելուց հետո Վարչական դատարանը 2019թ. փետրվարի 8-ին վճռել է բավարարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը:

Դատարանը դիրքորոշում է հայտնել, որ «գերատեսչական ցանկերի գաղտնագրումը դուրս է տեղեկությունների գաղտնագրման «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորման տրամաբանության շրջանակից»:

Վարչական դատարանը հատուկ ընդգծել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2012թ. մարտի 6-ի որոշմամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի հակասահմանադրական և անվավեր ճանաչելուց հետո պետական մարմինները պարտավոր են գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկերը գաղտնազերծել և հրապարակել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728