Բերանը փակելու մասին: Փաստացի հայոց խորհրդարանում նոր կանոնակարգ է գործում` խիստ արտոնյալ պայմաններ ստեղծելով ընդդիմության համար: Օրինակ` թույլ են տալիս հարցեր տալ, ելույթ ունենալ ու նույնիսկ քվեարկել, այն էլ` դեմ: Քիչ էլ չէ` կառավարության ծրագրին: Պատմության մեջ առաջին անգամ: Հետո էլ երեսով են տալիս` այսքան ճոխ պայմաններում ապրում եք, ինչու՞ եք մուննաթից խոսում` ես չեմ հասկանում:
Չհասկանալու մասին: Ես, իհարկե, հասկանում եմ` ինչու՞ ՀԱԿ-ը ու ինչու՞ հիմա ասպարեզ նետեց Սահմանադրություն փոխելու առաջարկը: Մեծ, շատ մեծ քաղաքականությունից հեռու են նրանք, որ կարծում են` ՀԱԿ-ի ինքնագովազդի գենն էր ճայթել ու ուզում էր հիշեցնել` մենք դեռ կանք ու մենք դեռ կգանք: Առավել ևս, որ մաս-մաս արդեն եկել են: ՀԱԿ-ի ազնիվ պոռթկումը հետհեղափոխական առաջին կառավարության առաջին ծրագրից հետո առաջացած առաջին զարմանքը զայրույթի վերածվելու գործընթացը կանխելն էր` «Սեպը սեպով են հանում» սկզբունքով: Իմա` կառավարություն-վարչապետ հանգիստ թողեք, զբաղվեք Սահմանադրության տուն-տունիկով: Խորհրդարանական կառավարումից կիսանախագահականին անցեք մեկ տարում:
Հերթական ընտրությունները 2023-ին են: Մեղմ ասած, բայղուշություն են անում նրանք, որ հայտարարում են` Ընտրական օրենսգիրքը հիմա կարևոր է, որովհետև չեն բացառվում արտահերթ ընտրություններ (հենց էլ բացառվում են` հույսներդ կտրեք) ու չի կարելի գործող օրենսգրքով գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների: 100 տոկոս համամասնական է պետք` առանց ռեյտինգայինի (ձեզ պետք է` դուք էլ անցեք, մեզ այստեղ էլ լավ են կերակրում): Դատելով Սահմանադրություն փոխելու հայկական ժամանակացույցից (1995-2005-2015), հաջորդ փոփոխությունը լինելու է 2025-ին: Այս Սահմանադրությունը շատ էլ հարմար է Նիկոլ Փաշինյանին սուպերվարչապետական համակարգով: Ավելին` նա մեծացնում է սուպերվարչապետության սահմանները: Օրինակ` վերացնելով Սփյուռքի նախարարությունը ու դուրս բերելով ԱԺ-ի վերահսկողությունից (ՔՊ-ի 82 ձայնի պարագայում` ֆիկտիվ) և ուղղակի իրեն ենթարկելով, որ նշանակում է սփյուռքի ֆինանսների ուղղակի կառավարման փորձ (եթե ներդրումներ լինեն): Ոչ ոք չի կարող նրան մեղադրել իշխանատենչության մեջ, որովհետև Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է և միայն կառավարությունն է, որ Նիկոլ Փաշինյանինն է: Եվ հետո` նա չի հրաժարվում հրաժարվել իր գերլիազորություններից, ընդամենը ուզում է երկիրը ցնցումներից հետ պահել ու մաս-մաս, աստիճանաբար, ժամանակի մեջ որոշ անկարևոր իրավասություններ փոխանցել ԱԺ-ին: ՈՒ ճիշտ է անում` իր կադրերին իրենից լավ ոչ ոք չգիտի: Տեղ-տեղ ինքն էլ չգիտի` ինչեր կարող են անել ու ասել: Վերահսկողությու՞ն եք ուզում` ամեն շաբաթ ՔՊ-ն վարչապետի ենթակայությամբ գործող մեկ պաշտոնյայի կհրավիրի ԱԺ նիստերի դահլիճ ու «կքննի» (ճիշտ` ինչպես «Մենք ենք, մեր սարերում»` «Զավեն, հալա դու ինձ քննի»)` առանց հետևանքների: Եվ ամեն ինչ կստացվի շատ ժողովրդավարաբար: ՈՒ չասեք ներքին գործերի նախարարություն ենք ուզում (որ ի՞նչ լինի), չասեք չպիտի ոստիկանությունը վարչապետին ենթարկվի (բա Օսիպյանին ո՞վ է պառկցնելու հրամաններ տալու): Ուզում եք` ասեք: Լսող չկա:
Չկայի մասին: Չկա, աշխարհում արդարություն չկա: Տրամաբանություն էլ չկա: Օրինակ` ՏԻՄ ընտրություններում: Ավելի պարզ` գյուղապետերի: Հայաստանի հպարտ քաղաքացիները (ներեցեք` գյուղացիները) վերցրին ու ընտրեցին այն թեկնածուներին, որ իրենց պահանջով (կամ` անպահանջ) հրաժարական էին տվել: Մեղմ ասած` «նախկին հանցավոր ու կոռումպացված ռեժիմի» կադրերին: Բայց երկրում հեղափոխություն է եղել` ընտրեցին ու սկսեցին բողոքել իրենց ընտրությունից: Որովհետև` արդարություն չկա աշխարհում ընդհանրապես:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում