ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հայտարարում է Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի տեքստի մրցույթ։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ չի նախատեսվում իր կողմից ԱԺ օրակարգ մտցնել օրհներգի հաղթած տեքստը. «Այն կհանձնվի հանրությանը, կմնա մեր օրակարգում, հայ ժողովրդի գլխում, հայ ժողովրդի համար, եւ երբ զգանք դրա ժամանակն է, մենք այդ թեմային նորից կանդրադառնանք»,- ասել է նա։
Նշենք, որ աշխատանքային խմբում ընդգրկված են Տեր Ասողիկ քահանան՝ Մայր Աթոռի կողմից, Գրիգոր Դանիելյանը (Դանիել Երաժիշտ), Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանյանը, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանը, գրականագետ Ֆելիքս Բախշյանը, Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ:
– Պարոն Միլիտոնյան, ինչպիսի՞ն պետք է լինի օրհներգի տեքստը, որպեսզի արժանանա Ձեր հավանությանը։
– Շատ մեծ որակներ են պետք՝ պատմականություն, ներդաշնակություն երաժշտական հնչեղության հետ, սիմվոլիկայի, որակական արժանիքների առկայություն, գրագետ շեշտադրության պահպանում։ Բազում պահանջներ կան։ Ով երբեւէ երգ գրել է, գիտի, թե այն ինչ բարդությունների հետ է կապված։ Ոչ երանի այն մարդուն, որը պետք է գրիչ վերցնի ու օրհներգի տեքստ գրի։ Ամեն դեպքում, այն համոզման եմ, որ օրհներգի պարագայում դոմինանտը եւ որոշիչը երաժշտությունն է։
– Չե՞ք կարծում, որ օրհներգը փոխելուն պետք է գալ-հանգել, այդ գործընթացին պետք է հասնել էվոլյուցիոն ճանապարհով, բնականորեն։
– Այո, ես էլ եմ այդ կարծիքին։ Որեւէ մեկը չի կարող գրչի մի հարվածով օրհներգը փոխելու մասին որոշում կայացնել։ Նման հարցերը միանձնյա չեն որոշվում։ Դրանք համապետական, համահայկական թեմաներ են, որոնք բազմաբնույթ քննարկումներ են պահանջում։ 13-14 տարի այդ հարցը դրված է եղել։ Տարիներ առաջ կազմված հանձնաժողովում էլ առկա էին վեճեր, տարակարծություններ, հիմա էլ վստահ եմ, որ տեքստի հետ կապված բանավեճեր կծավալվեն, ամեն բառի, ամեն տողի շուրջ դեռ պետք է համաձայնության գալ։ Սա իսկապես բարդ փուլ է։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում