Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարոն Փաշինյան, խնդրում եմ հավատացեք, հայ գյուղացին չի վախենում աշխատանքից, նա միայն պետք է համոզված լինի, որ իր մշակած բերքը կունենա սպառելու տեղ. բաց նամակ

Փետրվար 22,2019 11:51

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ`

ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Մեծարգո պարոն վարչապետ

Վերջերս Դուք հայտարարեցիք տնտեսական հեղափոխության մեկնարկը: Հավատալով Ձեզ և Ձեր կառավարությանը որոշեցի կիսվել մի գաղափարով, որը տարիներ ի վեր պտտվում էր իմ գլխում, և եթե նախկին իշխանության օրոք անհնարին էր թվում, ապա հիմա մենք ունենք բոլոր հնարավորություններն այն իրագործելու:

Ես ծնվել և մեծացել եմ գյուղում, զբաղվել եմ հողագործությամբ, ունեմ ջերմոցներ, ուսումնասիրել եմ հիդրապոնիկը, փորձել եմ ներմուծել և արտահանել միրգ և բանջարեղեն, բայց այս ամենը անելու հետ մեկտեղ միևնույն է սպասելիքներս չեն արդարացվել, քանի որ նախկին իշխանությունը շահագրգռված չէր գյուղացու հոգսը թեթևացնելու և կյանքը բարեկեցիկ դարձնելու:

Ընկերներիցս շատերը հիասթափված թողեցին հողագործությունը, ջերմոցները մնացին անմշակ, քանի որ գյուղացու աշխատանքը այլևս եկամտաբեր չէր, ոմանք արտագնա աշխատանքի մեկնեցին, ոմանք էլ ընդհանրապես ընտանիքներով արտագաղթեցին՝ դատարկելով գյուղերը: Այժմ մենք ունենք հեկտարներով չմշակված, ամայի հողատարածքներ՝ ողջ Հայաստանով և Արցախով:

Պարոն Փաշինյան, խնդրում եմ հավատացեք, հայ գյուղացին չի վախենում աշխատանքից, նա միայն պետք է համոզված լինի, որ իր մշակած բերքը կունենա սպառելու տեղ, ստիպված չի լինի թափել չվաճառվածը: Բացի այդ կարողանա բարեկեցիկ կյանք ապահովել իր ընտանիքի համար և ամենակարևորը՝ լուծի իր երեխայի կրթության հարցը:

Այսօր ամբողջ աշխարհում կա օրգանական, մաքուր գյուղամթերքի պահանջարկը, արդեն նույնիսկ Հայաստանում: Մենք ներկրում ենք Հայաստան այնպիսի միրգ և բանջարեղեն, որը մեզ մոտ կարող ենք աճեցնել: Ինչո՞ւ մենք մեր դրախտային երկրում ունենալով ամենաբերրի հողը և ամենահամեղ ջուրը, մեր երեխաներին պետք է տանք պլաստմասե համով լոլիկ և նավթի հոտով խնձոր, արարատյան դաշտավայրի խաղողը փոխարինենք ներկրված, արհեստական տեսքով, աստղաբաշխական գներով խաղողի հետ, եթե մենք կարող ենք ապահովել ամբողջ պահանջարկը: Դրա համար գյուղացին պետք է ունենա մոտիվացիա, աջակցություն պետության կողմից, նա պետք է հավատա, որ իր դերը երկրի տնտեսական զարգացման մեջ ամենամեծն է: Իմ կարծիքով Հայաստանում գյուղատնտեսությունը տնտեսական հեղափոխության առաջնային օղակներից մեկն է: Պետությունը պետք է իր ձեռքը վերցնի այդ բերքի յուրացման, արտահանման գործընթացը: Գյուղացին լավ է հասկանում իր աշխատանքի նրբությունները, բայց ինչ վերաբերվում է վաճառքին, արտահանմանը, նրան օգնություն է պետք:

Գաղափարս հետևյալն է, կառուցում ենք մրգի և բանջարեղենի ընդունման մի քաղաք կայան, որտեղ գյուղացին որքան բերք էլ բերի, նրանից կգնեն ամբողջը, յուրաքանչյուր տարվա սեզոնի համար ֆիքսված և շահավետ գներով՝ ինչպես գյուղացու, այնպես էլ պետության համար (ընդ որում սորտավորված կամ չսորտավորված տեսքով՝ համապատասխան գնային առաջարկով): Այն իր մեջ նաև ընդգրկելու է այդ հանձնած բերքի վերամշակման գերհզոր գործարան, որտեղից էլ կարտահանվի ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված ձևով՝ կիսաֆաբրիկատների, չրի, հյութի, պահածոների և հնարավոր այլ բոլոր տարբերակներով ինչը կարելի է ստանալ մրգերից և բանջարեղենից: Դրա համար այդ «քաղաք-կայանը» պետք է ունենա անսահմանափակ հնարավորություններ այդ բերքը յուրացնելու:

Ծրագրի իրագործման մեկնարկից, ինչու ոչ, հենց կառուցման փուլից՝ մենք կունենանք մեծ թվով աշխատատեղեր: Կարծում եմ շինարարության աշխատանքները կարելի է բաշխել մի քանի ընկերությունների միջև, ինչը կնպաստի մրցակցության մեծացմանը՝ ավելի արագ և որակյալ աշխատանք կատարելու համար, շինարարության ընթացքում ցանկալի է օգտագործել բացառապես հայկական շինանյութ: Գործարանը կունենա մի քանի մասնաշենք, յուրաքանչյուր մասնաշենք կաշխատի կոնկրետ ուղղվածությամբ:

Եթե աշխատանքը կազմակերպվի այնպես, որ «քաղաք-կայանը» ունենա մանրածախ և մեծածախ վաճառք, այսինքն` լինի նաև «սուպեր—շուկա», որտեղից ցանկացած տնտեսվարող կամ վերավաճառող կարողանա ձեռք բերել շատ չնչին գնային տարբերությամբ միրգ և բանջարեղեն մթերման կամ վերավաճառքի համար, ապա դրանով կկանխվի շուկայում գների կտրուկ աճը:

Միգուցե ներկայիս գործարանների սեփականատերերին այս գաղափարը այդքան էլ չուրախացնի, բայց եկեք մտածենք մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ապագայի մասին: Նրանք չեն կարողանում ապահովել գյուղացու համար այնպիսի շահավետ պայմաններ, ինչպիսին կարող է առաջարկվել  այս ծրագրի շրջանակներում.

Առնվազն 10 տարի հետո Հայաստանում և Արցախում չեն մնա անմշակ հողեր, կամ էլ գոնե նվազագույնի կհասցվեն, իսկ գյուղերը կծաղկեն, մեր երկիրը կդառնա կանաչ դրախտ՝ պտղատու այգիներով և մշակված դաշտերով:

Այս ծրագիրը իրագործելով կբացվեն հազարավոր աշխատատեղեր՝ շինարարական հրապարակում, գործարանում և շուկայում, մարկետինգի և սպասարկման բաժիններում և այլն (դա թողնեմ մասնագետներին) և ամենակարևորը գյուղացին կունենա իր երազանքը իրականացնելու երաշխիք, վստահություն վաղվա օրվա հանդեպ:

Պարոն Փաշինյան, ամեն ինչ Ձեր ձեռքերում է և մենք հավատում ենք Ձեզ: Ձեր կոչը Սփյուռքահայությանը որոնել մարկետներում «Պատրաստված է Հայաստանում» կլինի վաճառքների ամենաուժեղ խթանիչը:

Հ.Գ. Սա միտք-գաղափար է, որը մշակման կարիք ունի:

ՀՀ հպարտ քաղաքացի՝ Պետրոս Օհանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728