Եվ այսպես, պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2018-ին 2017-ի համեմատ աճել է 5,2 տոկոսով։ Եռամսյակային կտրվածքով պատկերը հետեւյալն է. առաջին եռամսյակ՝ աճը 9,9 տոկոս, երկրորդ եռամսյակ՝ 7,4 տոկոս, երրորդ եռամսյակ՝ 2,5 տոկոս, չորրորդ եռամսյակ՝ 3,4 տոկոս։ Մասնագետներն, իհարկե, դեռ ոլորտ առ ոլորտ կուսումնասիրեն այս պատկերը եւ համապատասխան եզրակացություններ կանեն, բայց առաջին մակերեսային տպավորությունն այնպիսին է, թե ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացները բացասաբար են անդրադարձել տնտեսության վրա, ու միայն չորրորդ եռամսյակում է տնտեսությունը հաղթահարել «շոկն» ու ավելացրել աճի տեմպերը։ Ավելորդ է ասել, որ ընդդիմությունն արդեն իսկ հրճվանքով այս թվերը ներկայացնում է որպես նոր իշխանությունների տնտեսական ձախողումների անհերքելի ապացույց, բայց դրանում տարօրինակ բան չկա. ընդդիմության «գործառույթն» է այդպիսին։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ եթե խոսքը տնտեսական հեղափոխության մասին է, կարեւորը ոչ այնքան աճի ծավալներն են, որքան որակը։ Այսինքն՝ շատ ավելի կարեւոր է, թե հատկապես որ ոլորտներն են աճել։ Բայց սա այլ թեմա է եւ ավելի հանգամանալից վերլուծություններ է պահանջում։ Փորձենք հասկանալ, թե այնուամենայնիվ ինչո՞ւ հեղափոխությունից հետո տնտեսական աճի տեմպերը դանդաղեցին։
Հիմնական պատճառը, կարծում ենք, բիզնես-շրջանակների սպասողական վիճակն էր։ Շատերն անգամ բողոքում են, թե «նախկինում ամեն ինչ հասկանալի էր՝ գիտեինք, թե ում ինչքան կաշառք ու ինչքան ատկատ պիտի տանք, որ բիզնես անենք ու երաշխավորված եկամուտներ ստանանք, իսկ հիմա խաղի կանոնները փոխվել են, նորերը ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ որեւէ ձեւով աջակցում են, շվարել-մնացել ենք»։ Եվ սրա մեջ ճշմարտության որոշակի բաժին, իհարկե, կա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում