Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը գործերից որեւէ մեկով դատավարական ոչ մի կարգավիճակ չունի. փաստաբան. «Հրապարակ»

Փետրվար 22,2019 11:24

Անցյալ տարեվերջին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով։ ՔԿ-ն տվյալներ էր ձեռք բերել, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանության նախկին պետը խոստացել է օգնել Երեւան- Աբովյան երթուղին իրականացնող «Քինգ դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը, որը մրցակցության մեջ էր Գագիկ Ծառուկյանի «բարեգործական ավտոբուսների» հետ, եթե նա ԱԺ ընտրություններում աջակցի Հանրապետական կուսակցությանը։ Քննչական կոմիտեն տվյալներ էր ձեռք բերել, որ Վլադիմիր Գասպարյանը խոստացել էր իր ենթակաների՝ ոստիկանության աշխատակիցների միջոցով խոչընդոտել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի վարորդներին եւ չգրանցել «Քինգ դելյուքսի» վարորդների թույլ տված ՃՈ խախտումները։

Հիշեցնենք, որ հետագա տարիներին «Քինգ դելյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» ընկերությունները բարեգործական ավտոբուսների պատճառով զրկվեցին Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ ուղեւոր տեղափոխելու եւ գումար վաստակելու հնարավորությունից ու սնանկացան։ Իսկ 2015 թվականից նույն երթուղիները սկսեց սպասարկել ԲՀԿ նախագահի «Մուլտի ավտոտրանս» ՍՊԸ-ն։ Այս գործի քննությունը միառժամանակ իրականացվում էր Քննչական կոմիտեում, հետագայում այն ամբողջությամբ տեղափոխվեց ՀՔԾ՝ հայտնեց ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը կոմիտեի հաղորդած տեղեկությունները դրանց տարածման օրը՝ դեկտեմբերի 18-ին, անվանեց սուտ ու զրպարտություն։ Իսկ կարճ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ իր պաշտպանյալը մեր թվարկած գործերից որեւէ մեկով դատավարական ոչ մի կարգավիճակ չունի։ «Վլադիմիր Գասպարյանը պաշտպանության կարիք չունի, ես ընդամենը նրա փաստաբանն եմ, մեկ-մեկ խորհուրդներ եմ տալիս»,- ճշտում մտցրեց Աթանեսյանը։

Նա նաեւ հայտնեց. «Գործերի նախաքննության ընթացքի վերաբերյալ կարող եք հետաքրքրվել նախաքննության մարմիններից։ Պարոն Գասպարյանը, առհասարակ, անհանգստանալու որեւէ առիթ չունի»։

ՀՔԾ-ից ընդամենը տեղեկացանք, որ «Քինգ դելյուքսի» եւ առանձնատան գործերով նախաքննությունը շարունակվում է։ ՀՔԾ աղբյուրը հայտնեց, որ առանձնատան գործով սպասվում է, որ Վլադիմիր Գասպարյանին պետք է հարցաքննեն, իսկ ՔԿ աղբյուրը հայտնեց, որ նա հարցաքննվել է Քննչական կոմիտեում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728