Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հրազդան ցեմենտի» սեփականատիրոջ խոսքերով՝ ցույցը հրահրված է, հրահրողները իրենց հայտնի են, պատճառները՝ նույնպես. «Ժամանակ»

Փետրվար 22,2019 11:05

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի բակում այսօր բողոքի ակցիա են իրականացրել գործարանի աշխատակիցները՝ պահանջելով իրենց մեկ ամսվա աշխատավարձը։ Մոտ 400 աշխատակիցներ տևական ժամանակ հրաժարվել են աշխատել՝ պահանջելով վճարել «իրենց հալալ քրտինքով վաստակածը», քանի որ իրենք էլ ունեն այլ պարտավորություններ։ «Ամեն օր չենք կարող վարկային կազմակերպությանը, էլեկտրացանցի տեսուչին, գազի տեսուչին խաբել, թե վաղը վճարումները կանենք»,- դժգոհում էին աշխատողները՝ ավելացնելով, որ իրենց հույսը կառավարությունն է, որ կարող է միջամտել և խնդիրը լուծել։

Գործարանի սեփականատերը, սակայն, զավեշտալի է համարում աշխատակիցների ակցիան, քանի որ իրենք աշխատավարձերը ընդամենը 10 օր են ուշացրել։ Նման ուշացման դեպքում ոչ մի երկրում, այն էլ Հայաստանում, Խաչատուրովի խոսքերով, բողոքի ակցիա չեն անում։ Սեփականատիրոջ խոսքերով՝ այսօրվա ակցիան հրահրված է, հրահրողները իրենց հայտնի են, պատճառները՝ նույնպես։ Իսկ 10 օր էլ աշխատավարձերը ուշացրել են, քանի որ ֆինանսական դժվարություններ ունեն, որոնք առաջացել են անցած տարվանից, երբ տեղական շուկան լցվեց պարսկական արտադրության ցեմենտով, որը էականորեն ավելի էժան է տեղականից և, բնականաբար, հարվածում է տեղական ցեմենտի վաճառքին։ «Ասեմ ձեզ, որ այսօրվա ակցիան աշխատավարձերի հետ չի կապված։ Ինչ-որ մարդիկ ինչ-որ հետաքրքրություններ ունեն, հրահրում են։ Խնդիրն ուրիշ բանի մեջ է, որի մեջ ես չեմ ուզում խորանալ, քանի որ ավելի կարևոր խնդիրներ կան։ Մասնավորապես այն, որ պարսկական ցեմենտը ողողել է մեր տեղական շուկան, դեմպինգ են իրականացնում՝ շատ ցածր գներով վաճառում են, որ տեղական արտադրանքը բացարձակ չի վաճառվում»,- ասաց Նիկոլայ Խաչատուրովը՝ ավելացնելով, որ իրենք 8 ամիս առաջ խնդրի մասին տեղեկացրել են կառավարությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, բայց առայժմ ոչ մի դրական լուծում գտնված չի։ «Կառավարությունը ինչ-որ պահի փորձեց քայլեր անի, բայց դրանք եղան ոչ էֆեկտիվ։ 2-3 շաբաթ առաջ նորից զգուշացրել ենք, բոլոր նախարարներին նորից գրություններ ենք գրել, որ վերջապես որոշում կայացնեն։ Նրանք էլ մեզ պատասխանել են, որ սպասենք մի քանի օր, հարցը կքննարկվի և որոշում կկայացվի։ Կարևորն այն է, որ կառավարությունում հասկացել են, որ այն, ինչ արել են մի քանի ամիս առաջ, ոչ էֆեկտիվ է եղել։ Կարծում եմ, որ մենք և կառավարությունը միասին այս հարցին լուծում կտանք, քանի որ սա հարված է ոչ միայն մեզ, այլև մեր պետությանն ու տնտեսությանը»,- ասաց Խաչատուրովը՝ հավելելով, որ ՏՄՊՊՀ-ից էլ պատասխանել են, որ դրանով զբաղվում են նախարարությունները։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728