Համատիրությունների հարցը դարձյալ օրակարգում է: Կարելի է ենթադրել, որ լուծարվելու են դրանք, կամ փոխվելու է կառավարման մոդելը: Պետք է նաև հուսալ, որ խնդիրների լուծման նոր ու արդյունավետ ձևեր կառաջարկվեն: Փաստն այն է, որ բնակիչ-համատիրություն կապը մշուշոտ ու ձևական բնույթ է կրում: Նախ` բնակիչներից շատերը գումար են վճարում գլուխն ազատելու համար, այնպես էլ չհասկանալով` ու՞ր են գնում վճարված գումարները, ինչի՞ համար են համատիրությունները: Վերջիններս էլ աշխույժ ու պարտաճանաչ են դառնում միայն դռնեդուռ ընկած քաղաքացիներից վարձավճար պահանջելիս: Հիմնականում սրանով է սկսվում ու ավարտվում համատիրությունների հետ բնակիչների կապը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ ԻԶԱԲԵԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԸ քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ բարձրացրել էր խնդիրը, նշել, որ տասնյակ նամակներ է ստացել բնակիչներից, որոնք խնդրում են ազատել իրենց համատիրություններից:
«Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ դեյուրե համարվում է, թե բնակիչները ժողով են արել ու ընտրել համատիրության ղեկավարին, բայց իրականում բնակիչները չեն ընտրել: Ավելին՝ վերջին շրջանում ստացած նամակ-բողոքներից պարզ է դարձել, որ մարդիկ նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում իրենց համատիրությունը, հեռախոսահամար չունեն: «Բացի այդ, ունենք համատիրություններ, որտեղ, օրինակ, 100 շենք է ընդգրկված, և պարզ է, որ դրանք չեն կարող որակյալ ծառայություններ մատուցել բնակչությանը: ՈՒնենք խնդիր` կապված մարդկանց իրազեկվածության հետ. բնակիչը չգիտի՝ այս կամ այն խնդրի դեպքում դիմել համատիրությու՞ն, թաղապետարա՞ն, թե՞ քաղաքապետարան: Հիմնականում միանգամից դիմում են քաղաքապետարան»,- ասաց մեր զրուցակիցը, օրենսդրական խնդրին անդրադառնալով էլ նշեց, որ շատ թույլ է պետական վերահսկողությունը, հանրային հսկողությունն էլ գրեթե բացակայում է. բնակիչները չեն փորձում վերահսկել համատիրությունների գործունեությունը, պահանջել կատարված աշխատանքի հաշվետվությունը, թեև վերջիններս պարտավոր են շքամուտքերում փակցնել տեղեկություն, թե ինչ նպատակով և որքան գումար են ծախսել:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: