Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն առաջիկա տարում, հնարավոր է, որ մնա առանց լիարժեք գլխավոր քարտուղարի, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։ Այդ պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրդվելիության պատճառով, որը ցանկանում է իր թեկնածուին հաստատել։
Թերթը գրում է, որ ՀԱՊԿ-ում արդեն հաշտվել են, որ կազմակերպությունում Հայաստանի դիրքորոշման պատճառով դեռ մեկ տարի լիարժեք գլխավոր քարտուղար չի լինի, որի պարտականությունները կշարունակի կատարել Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը։ «Ելնում ենք այն բանից, որ մինչև 2020թ․ սկիզբը ՀԱՊԿ-ը ղեկավարելու է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը»,- «Կոմերսանտին» ասել է նրա աղբյուրը Ռուսաստանի ԱԳՆ-ում։ ՀԱՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ այդպիսի տրամադրվածություն կա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը 2018-ի վերջին հավանություն են տվել կազմակերպության վեց անդամներից հինգը՝ բացի Հայաստանից։
ՀԱՊԿ-ի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։
Կազմակերպությունն առանց գլխավոր քարտուղարի է Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին 2018թ․ նոյեմբերին այդ պաշտոնից հետ կանչելուց հետո։
Թարգմանությունը՝ Civilnet-ի/Զառա Պողոսյան