Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ուրվականը Երևանի կամուրջներին է օրվա բոլոր ժամերին

Փետրվար 22,2019 10:19

Կյանքի հետ գոյության պայքարում հոգեպես պարտվածների համար մահը փրկություն է, ուստի, թվացյալ փրկության միակ «անսխալ» ճանապարհը ինքնասպանությունն է: Անսխալ, որովհետև կամրջից նետվելուց հետո ողջ մնալու հավանականությունը շատ քիչ է:

Ինքնասպանության դեպքերը տարեց-տարի աճում են. սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, ֆինանսական՝ վարկային անել պատմությունները շատերին հասցնում են ինքնասպանության: Յուրաքանչյուր ողբերգական դեպքից հետո հասարակության շրջանում բարձրանում են անպատասխան ինչու-ներն ու եթե-ները: Դժգոհության ալիքը զուր է մեղավորներ փնտրում: Շատ դեպքերում մահվան հանգամանքներն այդպես էլ մնում են չբացահայտված:

Ամեն անգամ, հերթական ողբերգությունից հետո, հանրության շրջանում բարձրանում է մայրաքաղաքի կամուրջների զանցապատման հարցը: Կցանցապատե՞ն կամուրջները, թե՞ ոչ: Հայտնի չէ: Չնայած, նպատակադրված ինքնասպանության գնալու դեպքում կամուրջների ցանցն արգելք չէ: Կամուրջների վրա շուրջօրյա հերթապահություն չի սահմանվում, հատկապես եղանակային վատ պայմանների ժամանակ:

Մահվան ուրվականը Երևանի կամուրջներին է օրվա բոլոր ժամերին: Դեպքերի հոգեբանական ազդեցությունը բավական ծանր է, որոնց մեծ մասի հիմքում նյութական խնդիրն է: Ինքնասպանության բոլոր փորձերը անխտիր կարելի է կանխել, եթե տեղադրվեն տեսախցիկներ: Բարեբախտաբար մահվան «վճիռ կայացնող» կամուրջները Երևանում շատ չեն, եթե տեսախցիկի հսկողությունը տարածական ու որակական առումով բավարար է, ապա յուրաքանչյուր կամրջի վրա երկու տեսախցիկը բավական է: Տեսախցիկները պետք է գտնվեն Արտակարգ իրավիճակների /ԱԻ/ նախարարության օպերատիվ վարչության շուրջօրյա հսկողության ներքո, և արձանագրեն կամրջի վրա մարդկանց տեղաշարժը: Ինքնասպանության դիմողը մինչ անհանգիստ ու շփոթված կհաղթահարի իր հոգեբանական պատնեշը ու կմոտենա կամրջին, մինչ վերջին քայլն անելը մայրաքաղաքում շուրջօրյա հերթապահություն իրացնող ոստիկանության օպերատիվ վարչության աշխատակիցները կկանխեն հերթական ողբերգությունը…

Այս օրերին ՀՀ նոր կառավարության օրակարգում ներառված են բազմաթիվ հրատապ խնդիրներ, և որքան էլ որ շատ ցանկանաք, սեղմ ժամանակաշրջանում երկրի քայքայված տնտեսության, ժողովրդի սոցիալական վիճակը չի բարելավվի: Չկա երաշխիք, որ ինքնասպանություններ չեն լինի. հերթականն էլ վերջինն է լինելու: Ուստի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարը, ՀՀ Ոստիկանապետն ու Երևանի քաղաքապետարանի պատկան մարմինները հնարավորինս սեղմ ժամկետում պետք է ձեռնամուխ լինեն տեսախցիկներ տեղադրեն մայրաքաղաքի բոլոր կամուրջներին և աշխատասենյակներից շուրջօրյա հսկողություն սահմանեն: Այլապես մայրաքաղաքի կամուրջները շարունակելու են «անարդարացիորեն» մահվան դատավճիռ կայացնել:

Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728