Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտորն իզուր է դիմադրում

Փետրվար 22,2019 10:00

Կրկին սրվել են ԿԳ հեղափոխական նախարարի եւ ԵՊՀ նախահեղափոխական ռեկտորի հարաբերությունները: Նոր իշխանությունների կողմից ներկայացվում է մասնագիտական, բարոյական եւ, ամենակարեւորը՝ քրեական մեղադրանքների պատկառելի մի փաթեթ: Թե որն է դրանցից ճիշտը, իսկ որը՝ շինծու, դժվարանում եմ ասել: Մի կողմից՝ վստահ եմ, որ համալսարանում ամեն ինչ չէ, որ իդեալական է՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի ցանկացած պետական կամ մասնավոր հիմնարկում: Մյուս կողմից, ինչպես ասում էր բավականին տաղանդավոր իրավաբան Անդրեյ Վիշինսկին՝ եթե մարդ կա, ապա հոդված միշտ էլ կգտնվի:

Մենք ապրում ենք հարաբերականորեն ժողովրդավարական երկրում, բայց ոչ այնքան ժողովրդավարական, որ՝ եթե նախարարը չի ցանկանում, որ այս կամ այն մարդը աշխատի որեւէ բուհի ռեկտոր, ապա այդ ռեկտորը կկարողանա շարունակել իր պաշտոնավարությունը: Ես չեմ կարող պատկերացնել, որ Բրիտանիայի կրթության նախարարը եւ իշխող պահպանողական կուսակցությունը պայքարեն, որպեսզի այս կամ այն անձնավորությունը չլինի Օքսֆորդի կամ Քեմբրիջի համալսարանի ռեկտոր՝ այնտեղ դա նախարարների կամ կառավարության գործառույթների մեջ հաստատ չի մտնում: Բայց Բրիտանիայի պարագայում մենք խոսում ենք համապատասխանաբար 11 եւ 13-րդ դարերում հիմնած համալսարանների մասին, իսկ մեր համալսարանը պետք է տոնի ընդամենը իր 100-ամյակը: Ի դեպ, այդ հոբելյանը նույնպես հակասությունների առիթ տվեց՝ նոր իշխանությունն ուզում է, որ հոբելյանը նշվի յուրային, ոչ թե «նախորդ հանցավոր ռեժիմի» ռեկտորի մասնակցությամբ: Ռեկտոր-«ռեժիմ» կապն, իհարկե, մտացածին չէ՝ ուզո՞ւմ ես ռեկտոր աշխատել, օգուտներ ունենաս անձամբ քո ու քո բուհի համար, բարի եղիր լեզու գտնել իշխանավորների հետ, մանավանդ՝ եթե քո բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը երկրի առաջին դեմքն է: Ինչպես ներկա ռեկտորը ՀՀԿ-ական թիմից է, հաջորդը հարմար կլինի հեղափոխականների քիմքին: Հայաստանը, կրկնեմ, Բրիտանիա չէ: Առայժմ, համենայնդեպս:

Ներկայիս ռեկտոր Արամ Սիմոնյանը դեռ դիմադրում է, ասում է, որ ինքնակամ հրաժարական չի տա: Կարծում եմ, շատ իզուր է դա ասում: Այդպիսի հուզական պնդումներ արել են բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, իսկ հետո, ի վերջո, գնացել են: Համալսարանի դեպքում դա պետք էր օր առաջ անել, որովհետեւ լարվածությունը խանգարում է ուսումնական ու գիտական գործընթացին. ուսանողներն ու դասախոսները սպասում են իրական բարեփոխումների, որոնք հնարավոր է իրականացնել միայն հանգիստ պայմաններում:

Ինձ համար օրինակելի է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի վարքագիծը: Երբ նրա աշխատասենյակ ներխուժեցին «կաշվե բաճկոններով կոմիսարները» եւ «Ավրորայի նավաստիները», նա շատ հանգիստ ասաց՝ «Ուզո՞ւմ եք՝ գնամ: Խնդրեմ»: Հոգեպես առողջ մարդու վարք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Սիրելի և անմոռանալի Արամ Աբրահամյան: Թույլ տվեք նշել, որ Բրիտանիայի Կրթության նախարարությունը, ինչ ստեղծվել է 2010թ-ին, զբաղվում է միայն դպրոցներով: Եթե նույնիսկ Արայիկ Հարությունյանին և Լիլիթ Մակունցին նշանակեն Բրիտանիայի ԿԳ միասնական նախարար՝ նրանք չեն կարող խառնվել Օքսֆորդների ու Քեմբրիջների բազառներին: Էս ընենց՝մեժդուպռոչեմ եմ ասում: Բայց համաձայնվեք, որ Արայիկ Հարությունյանի պես ոչ այնքան հաճելի մարդը կարող էր այնքան անիմաստ գործել, որ նույնիսկ Արամ Սիմոնյանն է ոչ այնքան տհաճ է թվում:

  2. Հ.Շ. says:

    Բառացիօրէն՝ մի օր, լսում ենք թէ Հայաստանը, հեսա, դառնալու է արդէն Շվեյցարիա. յաջորդ օրը կը կարդանք թէ, դեհ լաւ, Հայաստանը դեռ հարիւր տարուայ բան մըն է, մինչ Բրիտանիայի  հիմնարկութիւնները 11-րդ դարէն ի վեր կը գործեն, հետեւաբար, պէտք չէ բաղդատել… Եւ այսպէս, տեւաբար:

    Ամէն մարդ իր ուզածին պէս, իրեն յարմար եղածին պէս, հաստատում է թէ գոյութեան եւ հոլովոյթի որմէկ աստիճանին հասած է Հայաստանը:

    Այդպէսով ալ, նա կը մնայ… ուր որ է:

    (Քաղաքական bullyingի չյանձնուիլը պատուաւոր կեցուածք է: Եւ կը փաստէ թէ Համալսարանների վարչական գերագոյն պատասխանատուն՝ քաղաքական մարդ չէ, ի պատիւ իրեն: Մինչ ուսանողների մի մասն է որ փաստօրէն ուսանողներ չեն, այլ քաղաքական գործիչներ: Աւելի ճիշդ՝ գործիքներ: )

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728