Հավաստիացնում եմ, որ այս շարադրությունը ամենևին պատվիրված չէ Սորոսի կամ այլ կազմակերպությունների կողմից, ինչպես նաև Միչիգանի Համալսարանի հոգաբարձուների կողմից՝ ի սեր Երևանի Պետական Համալսարանի: Հասկանում եմ, որ այս մտորումներս կրկին անգամ «ԵՊՀ-ի դեմ գրված հերթական պատվեր» պիտակավորմանը կարժանանա, սակայն ըմբռնումով եմ մոտենում:
ԵՊՀ ռեկտորի ջանքերը քաղաքականացնել իրեն վերաբերվող, մեղմ ասած՝ բացթողումները և ամեն գնով կառչել իր աթոռին, ինչ որ տեղ ինձ տխրեցնում են: Եվ նույնիսկ հարցն այն չէ, թե նա երբ հրաժարական կտա: Ռեկտորի մասին իմ կարծիքը ես վաղուց եմ հայտնել և կրկնվել չեմ ցանկանում: Սակայն, նորից ու նորից կրկնեմ, երբեմնի քիչ թե շատ մրցունակ համալսարանը այժմ բավականին խղճուկ վիճակում է: Պատճառները շատ-շատ են, սակայն ղեկավարների մեղքի բաժինը` անհերքելի է:
Հիմա էլ նոր թեզ է առաջ քաշվում ռեկտորի կողմից՝ կպայքարեմ մինչև վերջ: իսկ ո՞րն է այդ վերջը, հարգելի ռեկտոր, պրոռեկտորներ, դեկաններ: Վերջնականապես քանդե՞լ ԵՊՀ-ն, դարձնել այն սովորական մի ուսումնարան…
ԵՊՀ ռեկտորը հպարտությամբ նշում է. «Չնայած սուղ ֆինանսավորման, ըստ միջազգային ռեյտինգային սանդղակի` Վեբոմետրիքսի, ԵՊՀ-ն աշխարհի լավագույն համալսարանների 10%-ի ցուցակում է»: Ես որպես օրինակ բերում եմ նույն դասակարգումը՝ համալսարանների տեղը, և ԵՊՀ-ն համեմատում Թուրքիայի, Գանայի, Մոզամբիկի և Բոտսվանայի որոշ համալսարանների հետ:
197 Anadolu Üniversitesi
1447 University of Ghana
2192 Universidade Eduardo Mondlane
2632 Yerevan State University
2696 University of Botswana
Կարծում եմ սա ուղղակիորեն արտացոլում է մեր համալսարանի վերջին տասնհինգ տարվա դեգրադացման իրական պատկերը:
Ինձ առավելապես հուզում է այն փաստը, որ համալսարանում ոչինչ չի փոխվել: Նրա ներսում կարծես սովետական կարգերն են դեռ տիրում: Անհապաղ, արմատական և կառուցվածքային փոփոխություններ են հարկավոր: Միանշանակ պարզ է նաև, որ եթե հիմա ռեկտորին փոխարինի որևէ մեկը նույն համակարգից՝ դեկան, ամբիոնի վարիչ, կամ նույնիսկ` գիտաշխատող, այնպիսի մեկը, որը չունի արտասահմանյան առաջատար համալսարանների աշխատանքի փորձ, ամեն ինչ կմնա նույն մակարդակին: Ցանկալի չէ նաև ունենալ այպիսի մեկին, որն ի հեճուկս զարգացած երկրների առաջադիմության փորձին, դեռ երգում է սովետական կրթության առաջնային լինելու երգը…
Ներկա պահին համալսարանում ես չեմ տեսնում այնպիսի կադրի, որն ի վիճակի է նման բարեփոխումներ իրականացնել: Հներն արդեն տարիքով են, իսկ երիտասարդներն էլ չունեն պատշաճ պատրաստվածություն: Իմ կարծիքով ապագա ղեկավարներին, ռեկտոր, պրոռեկտորներ, պետք է հրավիրել դրսից:
ԵՊՀ-ն աշխարհի լավագույն համալսարանների շարքում մրցունակ լինելու շատ մեծ խնդիր ունի: Պարզ է, որ նման ինֆրաստրուկտուրայով և հագեցվածությամբ այն ոչ միայն հետ է աֆրիկյան համալսարաններից, այլ հավակնում է վերածվելու սովորական ուսումնարանի: Որպես առաջնահերթ քայլ մայր համալսարանը պետք է դառնա գիտահետազոտական համալսարան՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով և տեխնիկապես լիովին վերազինված: Հնարավոր՞ է սա իրագործել, կարծում եմ՝ այո: Մեխանիզմները մի քանիսն են.
1) Ստեղծել ԵՊՀ փրկության ֆոնդ` օգտագործելով տարբեր ֆինանսական միջոցներ (օրինակ Գյուլբեկյան, Ալեք Մանուկյան, ՀՕՖ, անհատական նվիրատվություններ մեծահարուստներից, «named or endowed professorships, research funds etc» և այլն):
2) Գումարները նաև պետք է ուղղորդվեն տարաբնույթ «core facilities» ստեղծելու և համապատասխան մասնագետներ պատրաստելու նպատակին:
3) Պետության հետ միասին փնտրել ուղիներ անխափան «էքսպրես» ծառայություն ապահովելու համար (կարելի է, օրինակ` պայմանագիր կնքել Եվրոպական որևէ երկրի համալսարանի հետ ուղղակի կապով նման ծառայությունից օգտվելու համար): Սա հատկապես կարևոր է նյութերի ձեռք բերման և համալսարան առաքելու տեսանկյունից:
4) Մի շարք աշխատող ինստիտուտներ, որոնք դեռևս ենթարկվում են ազգային ակադեմիային, պետք է միացվեն համալսարանին՝ բազային կարգավիճակով:
5) Համալսարանում, պետք է ներդրվի իսկական մրցույթային համակարգը՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ամբիոնի վարիչների, դեկանների և ղեկավար կազմի ընտրությունները պատշաճ կարգով իրագործելու համար: Ընդ որում, այստեղ մեծ և հիմնական դեր պետք է տրվի ռեյտինգային ցուցանիշների կիրառմանը:
6) Համալսարանի ընտրող մարմինը (search committee-ն), պետք է ի զորու լինի որոշելու հրավիրված գիտնականին առաջարկվող փաթեթի ընտրության չափը՝ կախված պահանջարկից և որակի ձևաչափից:
7) Համալսարանում պետք է անվերապահորեն հաստատվի «անձնական հետաքրքրությունների բախման – Conflict of Intertests» վերահսկողության ձևաչափը
8) ԵՊՀ ֆակուլտետները պետք է ենթարկվեն օպտիմալացման՝ հենվելով առաջատար համալսարանների կառուցվածքների և ներկառուցվածքային բաղադրիչների օրինակի վրա:
9) Աշխարհի առաջատար համալսարանների մեր բազմաթիվ հայրենակիցներին պէտք է ընդգրկել բազմաբնույթ կոմիտեներում:
Սա, իհարկե, ոչ բոլորն է, բնականաբար մի շարք այլ կարևոր հարցեր նույնպես պետք է լուծվեն: Այլ հարց է, թե ինչպիսին պետք է լինի մեր պետության հետագա գիտական քաղաքականությունը: Այն, որ մեր մոտ Հայաստանում գիտությունը մղվել է երկրորդական պլան ոչ զարգացած երկրներին հատուկ մոտեցում է: Հայաստանը սակայն մի շարք առումներով տարբերվում է նման երկրներից: Նախ` գիտական միտքը վաղուց է ձևավորվել, կան գիտական ուղղություններ որոնցում Հայաստանը դեռ մրցունակ է, և վերջապես՝ կա որոշակի համագործակցություն սփյուռքի և արտասահմանյան առաջատար կենտրոնների հետ: Կառավարությունը պետք է գիտական նոր հայեցակարգ մշակի, որն ավելի համահունչ կլինի մեր նոր իրավիճակի հետ: Այստեղ կարևոր է, որ ԵՊՀ-ն ինքը նույնպես ճիշտ գործունեություն ծավալի: Նորից ամեն ինչ կախված է, թե ինչպիսի ղեկավարություն կունենա ԵՊՀ-ն մոտ ապագայում: Հնարավոր՞ է ինչ որ բան փոխել, կարծում եմ՝ այո:
Որպես վերջաբան ցանկանում եմ մեջբերել մի ցայտուն օրինակ, թե ինչ է իսկական հայրենասիրությունը և ինչպիսի օգնություններ կարելի է տրամադրել համալսարանին:
Ահա այն իսկական նվիրվածությունը և հասարակության հանդեպ տածվող խորին հարգանքը, որը դրսևորել են մասնակի անձիք Միչիգանի համալսարանի նկատմամբ: Նվիրատվությունների գումարի չափերն ինքնին խոսուն են…
Source: University of Michigan
The top 10 donors to the University of Michigan:
1.Stephen M. and Kara Ross: $328 million
2.Alfred and Judith M. Taubman: $156 million
3.Samuel and Helen Zell, Zell Family Foundation: $152 million
4.Charles T. Munger: $141 million
5.Samuel P. and Jean Frankel: $86 million
6.Richard and Susan Rogel: $85 million
7.Anonymous donor: $78 million
8.William K. and Delores Brehm: $71 million
9.Ronald and Eileen Weiser: $64 million
10.Donald R. Shepherd: $59 million
Արա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ,
Միչիգանի Համալսարան