Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախը՝ բարդ խաղի մեջ

Փետրվար 22,2019 12:00

Եթե Մադրիդյան սկզբունքներն օրակարգում չեն՝ ի՞նչ է մնացել բանակցությունների սեղանին

Դեռ անցյալ ամիս պաշտոնական Երեւանը չէր բացառում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը՝ Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում: «Եթե հանդիպումը համաձայնեցվի, մենք կհայտնենք», ասել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Արդեն համաժողովի շրջանակներում Մնացականյանը շարունակում էր չբացառել Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը. «Մենք չէինք ծրագրել առանձին հանդիպում: Մենք կարող ենք դեռ հանդիպել միջանցքներում, գուցե դրա առիթը դեռ չի եղել: Մենք որեւէ խնդիր չունենք արտգործնախարար Մամեդյարովի հետ ոտքի վրա հանդիպելու, բարեւելու, բայց առանձնահատուկ չենք ծրագրել: Եթե ծրագրած լինեինք, կհայտարարեինք դրա մասին: Մենք բավական ուշադիր ենք այդ հարցում»:

Առայժմ պարզ չէ, թե երբ կկայանա Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որը ձգտում էին կազմակերպել Մնացականյանն ու Մամեդյարովը՝ իրենց նախորդ հանդիպումներով։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման չկայացումը կարող է երկու բան նշանակել, կա՛մ Ադրբեջանը վերջին շաբաթներին հայկական կողմից հնչող հայտարարությունները, որոնք վկայում են դիրքորոշման կոշտացման մասին, արդեն տրամադրված է ներկայացնել որպես «հայկական կողմի ոչ կառուցողական կեցվածք», կամ էլ համարում են, որ այլեւս ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցելու թեմաները սպառվել են ու հիմա Փաշինյանի հետ հանդիպման հերթն է:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ, կարծես, կողմերը զրոյից են սկսել ինչ-որ գործընթաց: Հիշեցնենք, օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Մադրիդյան սկզբունքների մասին խոսելով՝ նշեց, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները չեն խոսում, ինչից էլ, նրա համոզմամբ, կարելի է համապատասխան եզրակացության հանգել։

Առհասարակ, բավական անհասկանալի իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ: Կարելի է նույնիսկ հարցադրումներ անել, օրինակ առ այն, որ, եթե Մադրիդյան սկզբունքներն օրակարգում չեն կողմերի համար՝ ուրեմն ի՞նչ է մնացել բանակցությունների սեղանին… Չէ՞ որ Մադրիդյան սկզբունքների անհետացման հետ միասին օրակարգից կարող են վերանալ ժամանակին հայկական կողմի համար կարեւոր որոշ սկզբունքներ, պահանջներ, որոնք արձանագրվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում:
Միայն ասելով, որ՝ «Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի համար առաջնայնություններ են», քիչ է, որովհետեւ այդ սկզբունքներին հավատարիմ մնալը չի երաշխավորում, որ դրանք ընդունվելու են պաշտոնական Բաքվի կողմից: Հետեւաբար, կարեւոր են հայանպաստ այնպիսի սկզբունքների արձանագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություններում, որոնք վերջին տարիներին հայկական կողմը իր ձեռքբերումն է համարել:

Կարեւոր են ոչ միայն կողմերի դիրքորոշումները, այլեւ ընդհանուր մթնոլորտը բանակցային գործընթացի շուրջ: Մի տեսակ տպավորություն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ երկրորդ պլան է մղվել, կարծես Փաշինյանն ու Ալիեւը առավել կարեւորում են իրենց հանդիպումները, (թեկուզ դրանք Փաշինյանն անվանում է ոչ պաշտոնական), քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Նախօրեին Երեւանում, պարզվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ իշխանությունների հետ հանդիպումներին նրանցից ճշտել են Դավոսում՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մանրամասները:

Եթե այս ամենին էլ գումարենք Մադրիդյան սկզբունքների չգոյության մասին պաշտոնական Երեւանի նուրբ ակնարկները, ապա իսկապես, կարելի է արձանագրել, որ ղարաբաղյան թեմայով մեր հասարակությանը ոչինչ էլ հայտնի չէ, որքան էլ Փաշինյանն ակտիվորեն վերջին շրջանում ներկայացնում է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, օրինակ, երբ շեշտում է Արցախի մասնակցության հարցը բանակցություններում:

Հունվարին, հիշեցնենք, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ողջունեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու Բաքվի պատրաստակամությունն՝ ասելով. «Կարծում եմ, որ այդ թվում նաեւ Բաքվից հնչող հայտարարությունները հանգուցալուծում գտնելու պատրաստակամության մասին, արժանի են ամենայն աջակցության: Հուսով ենք, որ հայ բարեկամները եւս փոխադարձ կարձագանքեն»:

Ընդհանրապես, հաշվի առնելով վերջին շաբաթների ռուսաստանյան մեդիայի ուշադրությունը Հայաստանի հանդեպ սկսած՝ աշխարհաքաղաքական ուղղվածությունից մինչեւ Սիրիա հումանիտար խումբ ուղարկելու եւ Ղրիմ-Ղարաբաղ թեմաները, չի կարելի բացառել Ռուսաստանից ապագայում Հայաստանի նկատմամբ ճնշումների գործադրումը:
Ու արդեն կարեւոր էլ չէ, թե ինչի համար ու ինչպես Մոսկվան կորոշի շնորհակալ լինելու պաշտոնական Երեւանին՝ Սիրիա խումբ ուղարկելու համար, թե՞ կշարունակի դժգոհել՝ ՀԱՊԿ-ում ստեղծված հայտնի իրավիճակի կամ Քոչարյանի թեմաներով: Կարեւորն այն է, որ հայ-ռուսական հարաբերություններից չի վերանում «մտրակի ու բլիթի» գործարկման սկզբունքը:
Գիտակցո՞ւմ են արդյոք ՀՀ իշխանությունները ստեղծված իրավիճակի լրջությունը, պատկերացնո՞ւմ են այն բարդ խաղը, որի մեջ հայտնվել է Հայաստանը, ունա՞կ են լուծումներ գտնել, որոնք չեն վնասի մեր պետության ու Արցախի շահերին: Առայժմ այնքան էլ հստակ չէ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728