«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը
– Հայ ազգային կոնգրես կուսակցությունն առաջարկում է Սահմանադրական փոփոխություններ իրականացնել եւ վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին: Ինչպե՞ս եք գնահատում առաջարկը:
– Այդ առաջարկը վտանգավոր է` Հայաստանի պետական կառավարման, ժողովրդավարության զարգացման եւ ազգային անվտանգության առումներով:
– Ինչո՞ւ, չէ որ Հայաստանը տարիներ շարունակ այդ կառավարման համակարգում էր, ի դեպ, հենց ՀՀԿ-ի իշխանության տարիներին եւ ձեր նշած վտանգների մասին այն ժամանակ չէիք խոսում:
– Նախ`ՀԱԿ-ի հայտարարության մեջ որեւէ հիմնավորում չկա, թե ինչո՞ւ է պետք անցնել կիսանախագահական կառավարման համակարգին: Ես կցանկանայի Տեր-Պետրոսյանից կամ նրա կուսակիցներից լսել հիմնավորումները:
– Հիմնավորումները ներկայացվել էին դեռ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն, մասնավորաբար, նախագահ Սերժ Սարգսյանը, նախաձեռնեցին Սահմանադրական փոփոխություններ: ՀԱԿ-ը, խորհրդարանական կառավարմանն անցնելու ընդդիմախոսներից էր:
– Նախ`ՀՀԿ-ն չէր առաջարկում: Հայաստանի նորագույն պատմության ընթացքում մատների վրա կարելի է հաշվել քաղաքական ուժերին, որոնք դեմ են եղել խորհրդարանական կառավարման համակարգին: Անցած երեսուն տարիները ցույց են տվել, որ նախագահական եւ կիսանախագահական կառավարման համակարգերն իրենց չեն արդարացրել: Խորհրդարանական համակարգին անցումը դրական է մի քանի առումներով`ժողովրդավարական զարգացման, իշխանությունների տարանջատման սկզբունքի եւ քաղաքական համակարգի ձեւավորման: Իշխանությունների տարանջատումը, ընդդիմության դերակատարումը, պառլամենտի եւ պառլամենտական փոքրամասնության կողմից փոխզսպման մեխանիզմները հստակ նշված են խորհրդարանական կառավարման համակարգում: Եթե չհաշվենք էյֆորիկ իրավիճակները, ապա քաղաքական այս համակարգում ֆորս-մաժորները գրեթե բացառված են եւ որեւէ քաղաքական իշխանություն չի կարող քաղաքական մենաշնորհ ունենալ: Պետության համար կարեւորագույն հարցերի լուծման դեպքում, ուզի, թե`ոչ, իշխանությունը ընդդիմության հետ պետք է հաշվի նստի: Նաեւ Վենետիկի հանձնաժողովի հստակ կարծիքը կա, որ Հայաստանում քաղաքական համակարգի կայացման, ժողովրդավարության զարգացման եւ իշխանությունների տարանջատման սկզբունքի առումներով պառլամենտարիզմը կարեւոր է: Մեր խնդիրը ո՞րն է. մեր քաղաքական համակարգը հիվանդ է եղել, միշտ կախված է եղել մարդկանցից`Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սագսյան, այսօր`Նիկոլ Փաշինյան, վաղը կարող է նորից Լեւոն Տեր-Պետրոսյան: Բայց քաղաքական համակարգը չպետք է անձերից կախված լինի, փոխզսպման մեխանիզմներ են պետք: Իսկ կիսանախագահականի դեպքում, այն լիազորությունները, որոնք ունի խորհրդարանը, անցնելու են նախագահին եւ խորհրդարանը դարձյալ դառնալու է գործադիրի կամ նախագահի կցորդը: Սա վտանգավոր է:
Կիսանախագահական համակարգը անվտանգության առումով էլ է վտանգավոր, որովհետեւ, եթե այսօր մենք ունենք ուղիղ մանդատով ընտրված ընդամենը մեկ մարմին`խորհրդարանը, ապա կիսանախագահականի դեպքում ունենալու ենք երկու հրամայական մանդատով ընտրված մարմին`ՀՀ նախագահ եւ խորհրդարանական մեծամասնություն: Մեզ մոտ խիստ չի եղել այդ խնդիրը, քանի որ կիսանախագահական կառավարման տարիներին, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, խորհրդարանական մեծամասնությունը սատարել է նախագահին: Բայց մի պահ պատկերացրեք, որ խորհրդարանական մեծամասնությունը, ասենք, կողմնակից է Հայաստանի`ՆԱՏՕ-ին անդամակցությանը, իսկ հանրապետության նախագահը`ՀՀ-ՌԴ հարաբերությունների խորացմանը: Այս հակասությունն ինչպե՞ս է լուծվելու: Կամ, ավելի պատկերավոր ասեմ`նախագահը Արցախի հարցում զիջումների կողմնակից է, խորհրդարանը`ասում է`ոչ մի թիզ հող. այս խնդիրը ինչպե՞ս է լուծվելու:
Եվ երրորդ. բոլորին է հայտի, որ Տեր-Պետրոսյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայրը եւ, մեծ հաշվով, նրանք նույն քաղաքական դիրքորոշումներն ունեն: Սա ակնհայտ է դառնում նաեւ հեղաշրջումից մի քանի ամիս անց, երբ տերպետրոսյանական կադրերը առաջնային դերերում են հայտնվում: Այս իմաստով, ինձ թվում է, Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը կիսանախագահական համակարգին անցնելու արհեստական օրակարգ են բերում`փորձելով օգնել Փաշինյանին, քանի որ վերջինս անցած ամիսների ընթացքում ձախողել է ամեն ինչ եւ չի կատարել իր տված որեւէ խոստում: Այսպիսով, հասարակության, քաղաքական ուժերի քննարկումները Փաշինյանի եւ նրա ձախողված կառավարության, ներքին եւ արտաքին քաղաքականության հարթությունից, կառավարության ծրագրից սահուն անցնում են սահմանադրական բարեփոխումներին`մի կողմ թողնելով, որ Նիկոլն ասել է կարմիր գծերը կհանի`չի հանել, աղքատությունը կվերացնի, հիմա ասում է աղքատությունը մարդկանց գլխում է եւ այլն: ՀԱԿ-ն ընդամենը փորձում է փրկել Փաշինյանի իշխանության գահավիժումը:
Եվ չորրորդ. սա մի քիչ տեսական եմ ասում, քանի որ Տեր-Պետրոսյանը չի բացատրել իր առաջարկի շարժառիթը, չեմ բացառում, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական հրապարակ նետած այս հարցը ուղիղ կապ ունի Արցախի խնդրի հետ: 2017-ին Տեր-Պետրոսյանը հանդես էր գալիս խաղաղության կոչով: Անցած ամիսների ընթացքում նույն կոչով հանդես էր գալիս Նիկոլ Փաշինյանը: Տեր-Պետրոսյանն Ալիեւին համարում էր ռացիոնալ մտածող մարդ, Փաշինյանը համարում է`կիրթ եւ նորմալ մարդ: Ոչ Ռոբերտ Քոչարյանը, որ Սերժ Սարգսյանը նման որակումներ չեն տվել: Բայց Նիկոլ Փաշինյանը նաեւ տեսավ հասարակության մեծ հակազդեցությունը եւ պարզ է, որ այդ պարագայում նա պատրաստ չէ գնալ հարցի լուծման`«խաղաղություն տարածքների դիմաց» տարբերակով: Հիմա, ըստ իս, սահմանադրական բարեփոխումների տարբերակով, հավանական է ցանկանում են, որ Տեր-Պետրոսյանը կամ նրա վստահությունն ունեցող անձը դառնա նախագահ`դառնալով Արցախի հարցի հիմնական բանակցողը եւ «խաղաղություն տարածքների դիմաց» դոկտրինի ապահովողը: Նիկոլ Փաշինանն էլ, վարչապետի իր պաշտոնից կշարունակի ասֆալտին փռելու գործընթացը:
– Դուք ասում եք`խորհրդարանական համակարգը իշխանությունների տարանջատման սկզբունք է ապահովում, բայց հիմա մենք այդ համակարգում ենք եւ ինքներդ էլ նշեցիք, որ քաղաքական համակարգն այժմ էլ Նիկոլ Փաշինյանից է կախված: Այսինքն, խնդիրն այդքան էլ համակարգի մեջ չէ:
– Ոչ, խնդիրը հենց համակարգի մեջ է: Այսօր է, որ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն շարունակում են պաշտպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Մեկ-երկու տարի հետո կտեսնեք թե ի՞նչ կլինի: Այս համակարգով, ցանկացած իշխանություն, կարեւորագույն հարցեր լուծելու համար, պետք է հաշվի նստի քաղաքական ընդդիմության հետ, ձայների 3/5 է անհրաժեշտ, պառլամենտը կառավարության նկատմամբ վերահսկողական ֆունկցիաներ ունի, ընդդիմությանը բազմաթիվ լիազորություններ են տրված: Այլ հարց, դրանք կարո՞ղ են բավարար չափով կիրառել, թե`ոչ: Դեռ մի քանի ամիս ենք պառլամենտական հաակարգին անցել, այն էլ այդ համակարգին անցումը Հայաստանում նշանավորվեց «թավշյա հեղափոխությամբ». այսինքն, այս համակարգի արդյունքները դեռ ամբողջությամբ չենք տեսել եւ այսօր, դեռեւս արդյունքները չտեսած միանգամից նորից ետ գնալ`դա ուղղակի վտանգավոր է: Կիսանախագահականի բացերը մենք տեսել ենք`հաղթողը ստանում էր ամեն ինչ, պարտվողը`ոչինչ: Իսկ խորհրդարանական համակարգում հաղթողներ եւ պարտվողներ չկան: Երեք ուժ այսօր հաղթող է եղել. նույնիսկ 5 տոկոսանոց ուժը 18 պատգամավոր ունի: Եթե նոր ԸՕ-ն էլ ընդունվեր`չորս ուժ կլիներ: Ամբողջ հնարավորությունները, որ տալիս է խորհրդարանական կառավարման համակարգը, մենք դեռ չենք տեսել:
– Կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ հետեւեցի՞ք նոր խորհրդարանի աշխատանքին, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններին: Ի՞նչ տպավորություններ ստացաք, բանավեճի մեկնարկն ինչպիսի՞ն էր:
– Կոռեկտ եւ հարգալից վերաբերմունք ունենալով բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, ես այն կարծիքին չեմ, որ մենք խորհրդարանում ունենք դասական ընդդիմություն: Ես մնում եմ իմ կարծիքին, որ Հայաստանում դասական առումով իշխանություն էլ չկա: Հայաստանում ունենք մեկ անձի իշխանություն, որի անունն է Նիկոլ Փաշինյան: Կառավարության ծրագրի քննարկումները ինձ «Օսկար» մրցանակաբաշխությունն էին հիշեցնում. սիրո խոստովանություններ, ծափեր, օվացիաներ… իսկը Բրեւժնեւի ժամանակների կոլխոզի ժողով: Մեկը փորձեր Նիկոլին բան ասել`նեղանում էին, պաշտպանում էին եւ ոչ մի քաղաքական տեքստ: Տղաներ, կուռքեր մի սարքեք: Իսկ քաղաքական ընդդիմություն ինձ համար չկա, քանի որ Նիկոլ Փաշինյանն ինը ամիս ինչ ցանկացել`արել է. «բռնաբարել» է Սահմանադրությունը եւ պաշարել խորհրդարանի շենքը: Ո՞ւր էին այդ ընդդիմադիրները, երբ ԱԱԾ-ով վախեցնում էր, ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականների կողմնակիցներին ասֆալտին էր պառկեցնում, պատերին էր փռում, հայտնի ձայնագրությունը`«երկու օր կբռնենք, խելքը գլուխը կգա»…ո՞ւր էին մեր ժողովրդավարության ջատագովները: Այսինքն, եթե ՀՀԿ-ի դեմ է`կարելի՞ է, եթե իրենց է դեմ`չի՞ կարելի: Խորհրդարանում ես գաղափարական ընդդիմություն չեմ տեսնում: Իրական ընդդիմությունն այսօր խորհրդարանից դուրս է:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
21.02.2019
Հիշեք…
Համբերությունը ձգտում է ավարտին հասցնել:
Նիկոլն ասել է աղքատությունը կվերացնի, հիմա ասում է աղքատությունը մարդկանց գլխում է:Իրան դնում է ՀՀ միակ խելոք մարդու տեղ, իսկ ժողովրդին անուղեղի:Ինչու ժողովուրդը իր վերջին կոպեկը պետք է դնի բիզնեսի մեջ իսկ կառավարությունն իր գումարներն պահում է իրեց համար:Մեր ազգի 90% ի վիճակի չէ բիզնեսով զբաղվել այս պայմաններով, տանուլ կտան:
Իսկ ազգի հիմնական բիզնեսմեններն աշխատում են Ռուսաստանի համար որոնք չեն էլ մտածում իրենց բիզնեսն փոխադրել ՀՀ, չնայած այնտեղ էլ մի բան չի:
Նիկոլը Լեվոն Տեր Պետրոսյանի մի մասնիկն է:Բոլորին է հայտի, որ Տեր-Պետրոսյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայրը իսկ այդ «Տնտեսական հեղափոխություն» ես որպես մասնագետ շեշտեմ,Նիկոլն ձեռքերն փռփուռներից է գցում:Ես ունեմ հստակ ծրագիր ամբողջ ազգին գործով ապահովելու, բայց ոչ վարչապետի եվ ոչ էլ նախագահի աշխատակազմը չի փորձում նույնիս լսել թե ինչ ծրագիր եմ առջարկում: Դա իրենց պարզ որոշումն է որ ժողովորդը իրեց չի հետաքրքրում:
Ալեն Սիմոնյանը արդեն չդիմացավ քննադատությանը ժողովրդին անվանեց «վայրահաչողներ»այսինքն ավելորդ ու անմիտ բաներ խոսացղ ժողովորդ ունենք:
Իսկ կառավարությունն լուսնահաչողներ են:Լուսնի վրա հաչելը, շների առանց նկատելի պատճառի հաչելն է: