Լրահոս
Օրվա լրահոսը

Ագարակաձորի մանկապարտեզում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվում

Փետրվար 22,2019 14:30

Վայոց ձորի Ագարակաձոր գյուղի մանկապարտեզում ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Կառուցվում է արեւային ջրատաքացուցիչներով համալրված՝ ջեռուցման լոկալ համակարգ: Դրա անհրաժեշտությունն այստեղ առաջացել է խորհրդային համակարգի փլուզումից հետո: Արդեն 38 տարի, ջերմաստիճանային բավարար պայմաններ չլինելու պատճառով, ձմռանը սաների հաճախումը դադարեցվում է:

Լոկալ ջեռուցման համակարգ չունենալու պատճառով, մանկապարտեզը տարվա մեջ աշխատում է 7-8 ամիս: Խմբերում եւ ննջասենյակներում միացված մեկական էլեկտրական սալիկներով՝ համապատասխան ջերմաստիճան ապահովել չի հաջողվում: Կա երեխաների անվտանգության ապահովման խնդիր նաեւ: Ցածր ջերմաստիճանի պատճառով փոքրիկները հաճախ են հիվանդանում: Տուժում է նաեւ մանկավարժների աշխատանքը. իրականացված կրթադաստիարակչական ծրագրերը հարկադրական պարապուրդների պատճառով արդյունք չեն տալիս: 50 երեխա սպասարկող մանկապարտեզի համար՝ խնդրի լուծումը կարեւոր է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) համատեղ ջանքերով, գործնական կոնկրետ քայլեր են իրականացնում: Կառուցվում է ջեռուցման լոկալ համակարգ, որը նախատեսում է նաեւ 9.5 ԿՎտ/Ժ հզորությամբ արեւային ջրատաքացուցիչ եւ 300լ տարողությամբ ջերմափոխանակիչ բաք: Ընթացիկ աշխատանքներն արդեն դրական ազդեցություն են թողել. նախատեսվող փոփոխության շնորհիվ՝ փոքրիկների թիվն ավելացել է: Նախկին 50-ի փոխարեն, աշխատանքներից հետո այստեղ դիմավորելու են 58 երեխայի: 1490 բնակիչ ունեցող գյուղի համար սա կարեւոր ձեռքբերում է:

«Մանկապարտեզը միշտ խնդիր է ունեցել: Երբ չենք կարողացել վառարաններով կամ հոսանքով տաքացնել սենյակները՝ մինչեւ ապրիլի 1-ը, երբեմն նաեւ 15-ը՝ փակել ենք մանկապարտեզը: Ցրտի պատճառով երեխաները շուտ են հիվանդանում, ծնողները վախենում են նրանց բերել: Հոսանքով ինչքան էլ միացնում ենք, սենյակը չի տաքանում: Վառարաններով էլ չի թույլատրվում. ինչքան էլ ուշադիր ենք լինում՝ մի դեպք պատահում է: Այս աշխատանքները կատարելուց հետո մանկապարտեզը կարող է աշխատել ամբողջ տարի: Դա կարեւոր է բոլորի համար»,- ասել է մանկապարտեզի տնօրեն Նախշուն Բեգլարյանը:

«Համայնքի բյուջեն թույլ չի տալիս նման խնդիրներ լուծել: Մանկապարտեզի ջեռուցման հարցի լուծումը կարեւոր աջակցություն է գյուղի համար: Առավել եւս, որ ի տարբերություն անցած տարիների՝ ունենք ծնունդների ավելացում: Այս հնարավորությունը միանշանակ դրական է ազդելու»,- ասել է Ագարակաձորի վարչական տարածքի ղեկավար Դերենիկ Մարտիրոսյանը:

Կառուցվող համակարգը գործելու է առավելագույն օգտակարություն ապահովելու սկզբունքով. գիշերային ժամերին օգտագործվելու է գազի կաթսան՝ ապահովելով մինիմալ ջերմաստիճան: Ցերեկային ժամերին՝ ջեռուցումն ապահովվելու է բացառապես արեւային ջրատաքացուցիչների միջոցով: Դա թույլ կտա նաեւ 40 տոկոսով տնտեսել գազի ծախսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728