Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օրինական պահանջը «դավայ հանվի»-ն էր

Փետրվար 22,2019 14:00

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում, Դավիթ Բալայանի նախագահությամբ, նախորդ օրը լսվեց արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անցյալ տարվա մարտին տեղի ունեցած խոշտանգման գործով մեղադրյալ Արմեն Հովհաննիսյանի ցուցմունքը:

Ամբաստանյալ, արդարադատության մայոր Արմեն Հովհաննիսյանը 2014 թվականի նոյեմբերի 5-ից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի N 478-Ա հրամանով զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետի պաշտոնը: 2018թ. ապրիլի 9-ից նրա պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է:

Հիշեցնեմ, որ այս գործով տուժող է ճանաչվել մահացած կալանավոր Արմեն Աղաջանյանը, որի ներկայացուցիչներն են «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը եւ մայրը՝ տիկին Սահակյանը: Արմեն Հովհաննիսյանը եւ Արմեն Աղաջանյանը նախկինում միմյանց չեն ճանաչել: Ամբաստանյալը, որին մեղադրողը դիմում էր «հարգելի ամբաստանյալ»-ով, իսկ տուժողի ներկայացուցչին՝ «տիկին Սահակյան»-ով, հայտնեց, որ անցյալ տարվա մարտի 15-ին եղել է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբում եւ ծառայություն է իրականացրել բնակելի գոտում: Նույն օրը՝ ժամը 17:00-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով, որպես մեղադրյալ ներգրավված, հետախուզման մեջ գտնվող Արմեն Աղաջանյանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը: Ի դեպ, կալանավորումը նույն այս դատավորն էր ընտրել նրա նկատմամբ: Ա. Աղաջանյանը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնից մարտի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Անուշավան Նիկողոսյանի եւ նշված բաժնի եւս երկու աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մինչ տեղափոխելը, նա ծանոթացել է անձնական գործին, ապա դուրս եկել հիմնարկի միջանցք: Մարտի 16-ին՝ ժամը 00:35-ին, Արմեն Աղաջանյանին ընդունել է Արմեն Հովհաննիսյանը: Ըստ գործի նյութերի. «Արմեն Աղաջանյանը տվել է անհասցե հայհոյանքներ եւ բղավել է, ինչի համար Արմեն Հովհաննիսյանը դիտողություն է արել Արմեն Աղաջանյանին՝ պահանջելով իրեն կարգի հրավիրել եւ հայհոյանքներ չտալ՝ զգուշացնելով, որ շարունակելու դեպքում կտեղափոխի պատժախուց, ինչին Արմենը հայհոյանք տալով պատասխանել է՝ «չկա մեկը, ով կարող է իրեն տանել պատժախուց»:

Ամբաստանյալն այս կապակցությամբ հայտնեց դատարանում, որ Արմենը ձգտում էր ընկնել պատժախուց կամ «Դատապարտյալների հիվանդանոց», որովհետեւ որպես նախկինում դատված, իր տպավորությամբ, կարող էր խնդիրներ ունենալ խցում. «Ասացի՝ կարցեր կտանեմ, որպեսզի հանգստացնեմ նրան: Կարցեր տվողը հիմնարկի պետն է: Նա հայհոյեց քննիչին, դատավորին, զազրախոսում էր, ասացինք նորմալ պահիր, պագոնավորի մոտ հաճելի չի, որ հայհոյում են: Մանավանդ՝ նոր եկածը»:

«Դատապարտյալների հիվանդանոցի» հետ կապված, ամբաստանյալը հիշեց, որ երբ նոր էր մտել հիմնարկ, տուժողն ասել է, թե վատ է զգում, շտապօգնություն կանչեք, իսկ հարցին, թե ինչու չեք կանչել շտապօգնություն, ասաց. «բժիշկ չեմ, անհրաժեշտ չի եղել կանչել: Ասաց՝ չեմ ուզում»: Դատախազի հարցին, թե վիրավորանքը անձնակա՞ն էր, հայհոյո՞ւմ էր ձեզ, քրեակատարողական աշխատակիցներին, ամբաստանյալը պատասխանեց. «ՔԿՀ-ի որեւէ աշխատակցի չի վիրավորել, ալամ աշխարհին էր վիրավորում»:

Ըստ գործի նյութերի. «Ձայներից հերթապահ մասից դուրս են եկել հերթապահ խմբում ընդգրկված քրեակատարողական հիմնարկի այլ ծառայողներ, որից հետո Արմեն Հովհաննիսյանն Արմեն Աղաջանյանին ուղեկցել է հիմնարկի հավաքակայանում գտնվող խուզարկության կատարման համար նախատեսված սենյակ»: Այն, որ քրեակատարողական հիմնարկի հերթապահն էր ուղեկցել, երեւաց դատարանում հետազոտված մի տեսանյութից, որը դատարանին ներկայացրեց տուժողի մայրը՝ դատարանին տրամադրելով անձնական օգտագործման համակարգիչը:

Այդ տեսանյութում ձայներ չկային, կար միայն, թե ինչպես են ուղեկցում միջանցքից մի քանի աշխատակից, ապա երեւաց, թե ինչպես է թղթերով մի տղամարդ դուրս գալիս խուզարկության սենյակից՝ «ձեռքերը ցավից թափահարելով»: Ըստ տուժողի մոր, այնքան են ծեծել որդուն, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակցի ձեռքերը «ցավել» են, ինչին հակադարձեց ամբաստանյալը՝ ասելով. «Եթե ձեռքերը թափ է տալիս, նշանակում է՝ մա՞րդ են ծեծել»: Տուժողի մայրը հարցրեց. «Իսկ որտե՞ղ երեւաց, թե շղթայված որդիս ագրեսիվ վարքագիծ է դրսեւորել, ինչո՞ւ են բոլոր վկաները խոսքները մեկ արած նույնն ասում»:

Ոստիկանության աշխատակից Անուշավան Նիկողոսյանը նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, թե խուզարկության սենյակ սկզբում մտել է Արմեն Աղաջանյանը, որից անմիջապես հետո ներս է մտել Արմեն Հովհաննիսյանը, որն առանց որեւէ բառ ասելու՝ բռունցքով հարվածել է Արմենի դեմքին, ապա ՔԿՀ-ի դեռեւս չպարզված մի խումբ ծառայողների հետ, փոխգնդապետի, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Արմենին: Ի դեպ, նրան պատճառվել է առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող՝ աջ եւ ձախ այտային շրջանների, ձախ սրունքի շրջանների քերծվածքների, վերին շրթունքի շրջանի սալջարդ վերքի ձեւով մարմնական վնասվածքներ: Այս վկայի հետ կապված ամբաստանյալն ասաց՝ իրեն ստիպել են ինքնամեղադրական ցուցմունք տալ կամ ձերբակալել: Իսկ կոնկրետ այս վկայի պահով նկատեց, որ նա մի քանի անգամ փոխել է իր ցուցմունքները. «Իրավաբան էր, ինչու է թաքցրել, տասնհինգ օր հետո հայտնել վերադասին»:

Ինչ վերաբերում էր ստացած վնասվածքներին, նա ասաց, որ ամբաստանյալն այլ մարմնական վնասվածքներ չի ունեցել, խուզարկության սենյակում է հավանաբար ստացել, դեմքով սեղանին է կպել: «Իսկ սրո՞ւնքը» հարցին էլ չկարողացավ պատասխանել:

Դատավորը զարմացավ. «Երկու այտերը սեղանին խփելուց նման վնասվածք չի լինում»: Հարցաքննության ժամանակ ճշտվեց, թե ինչու է «ձեռնամարտի» հնարք կիրառել, այն է՝ մեջքի կողմից կռացրել են, ձեռքը ոլորել: Ամբաստանյալն ասաց, եթե չի ենթարկվում կալանավորը իրենց օրինական պահանջներին, դիմադրում է, ՔԿՀ աշխատակիցը կարող է ֆիզիկական ուժ կիրառել կամ ձեռնամարտի դիմի: Թե որն էր օրինական պահանջը, պարզվեց. տուժողին ասել էին՝ «դավայ հանվի»:

Արմեն Հովհաննիսյանին վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված մի հանցավոր արարք էլ. կալանավոր Արմեն Աղաջանյանի նկատմամբ ֆիզիկական ուժ՝ ձեռքի հնարք, կիրառելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի մի խումբ ծառայողների հետ 2018թ. մարտի 16-ին կազմել է իրականությանը չհամապատասխանող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ արձանագրություն առ այն, թե իբր նույն օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, հավաքակայանում Արմեն Աղաջանյանին խուզարկելու ժամանակ վերջինս չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին, քրեակատարողական ծառայողների հասցեին տվել է հայհոյանքներ եւ զազրախոսել՝ խոչընդոտելով իրենց օրինական գործողությունների կատարմանը: Նկատի ունենալով, որ զգուշացվելուց հետո Արմեն Աղաջանյանը շարունակել է իրեն ագրեսիվ պահել եւ խոչընդոտել է իրենց օրինական գործողությունների կատարմանը, նրա ագրեսիվ վարքագիծը կանխելու նպատակով իրենց կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ՝ ձեռնամարտի հնարք: Հրապարակվեց քննիչի մոտ իբրեւ կասկածյալ, ապա մեղադրյալի ցուցմունքները:

Անցյալ տարվա ապրիլի 6-ի, 7-ի, 9-ի, հունիսի 22-ի, հուլիսի 9-ի հարցաքննությունները տեւել էին տասնհինգ-քսան րոպե:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

21.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728