Թատրոններում լեփ-լեցուն է հիմնականում պրեմիերաների ժամանակ, հայտագրում ճանաչված արվեստագետների անունները եւ խաղացանկային ներկայացման մեջ նոր դերակատարների հայտնվելը եւս «անշլագ» են ապահովում: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացումը, որը խաղացանկում է արդեն 65 տարի (առաջին բեմադրությունն իրականացրել է Զարեհ Մուրադյանը, 2002-ին էլ՝ Վիլեն Գալստյանը), օրերս ապահովել էր լեփ-լեցուն դահլիճ: Առաջին անգամ Կիտրիի դերապարով հանդես եկավ Կարինա Շիկանյանը, որը շուրջ երկու տարի է՝ կորդեբալետում է: Հիմնականում գլխավոր դերապարեր արտիստները ստանում էին կորդեբալետում որոշ ժամանակ աշխատելուց հետո, օրինակ՝ ժողովրդական արտիստ, թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն էլ է մինչ մենապարերով հանդես գալը եղել կորդեբալետում: Ասում են՝ սա «դասական» ձեւ է ու ճիշտ, որովհետեւ պարարվեստի քոլեջն ավարտած երիտասարդը պետք է աճի, հղկվի, ինչու չէ՝ իր արվեստում խորանա հենց կորդեբալետում «ծառայելու» շրջանում: Բայց ժամանակները փոխվում են, փոխվում են եւ սկզբունքները: Օրինակ՝ հենց Երեւանի թատրոնում միանգամից մենապարեր են վստահվել Ռուբեն Մուրադյանին, Սեւակ Ավետիսյանին, Մերի Հովհաննիսյանին եւ այլն: Նշենք նաեւ, որ նախկինում բավականին սերտ կապ կար թատրոնի եւ քոլեջի միջեւ, ինչի արդյունքում քոլեջի սաները ընդգրկվում էին ներկայացումներում:
«Առավոտը» ներկայացման ավարտին արդեն ուներ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, քանի որ հանդիսատեսը մինչ ներկայացումը եւ ընդմիջմանը խոսում էր դրանց մասին: Պրոֆեսիոնալ հանդիսատեսը հիշեց Կիտրիի դերապարով ժամանակին հանդես եկող ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանին՝ նշելով, որ Կարինան նրա սանն է եղել, վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանին եւ այլն, մեր ժամանակների բալետային աստղեր Սյուզի Փիրումյանին, Մերի Հովհաննիսյանին, Սոնա Առուստամյանին… Խոսակցություններ էլ լսեցինք, որ նույնիսկ կորդեբալետում է առանձնացել այս արտիստուհին, մասնագետներն էլ շեշտում էին «Կիտրիի» ներկայացրած 32 ֆուետեները (պտույտ), ընդ որում՝ մեկումեջ կրկնակի, ինչը խոսում է պարուհու տեխնիկական պատրաստվածության մասին: Ներկայացման ավարտին, երբ հաղթում է երիտասարդների սերն, ու ամեն ինչ պատրաստ է պսակադրության համար, երբ Դոն Կիխոտին ու Սանչո Պանսային հրավիրում են զբաղեցնելու պատվավոր հյուրերի տեղը ու սկսվում է ցնծալի տոնախմբությունը, երջանիկ են Կիտրին ու Բազիլը (Անդրանիկ Աբովյան), մի այլ փայլ են ստանում Կիտրի-Կարինայի աչքերը: Այդ պահին հիացած մի հանդիսատես ռեպլիկ նետեց՝ «երջանիկ եղեք», հետո էլ լսելի կարծիք հայտնեց. «հիանալի դերասանական խաղ էր»:
Մի դիտարկում էլ, որ նաեւ ներկայացումից ոգեւորված հանդիսատեսի ցանկությունն էր՝ մեր թատրոնում տեսնել Չայկովսկու «Կարապի լիճը» եւ «Շչելկունչիկ» բալետները, որոնք պարտադիր ծրագիր են հեղինակավոր մշակութային օջախներում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
21.02.2019