Հրեական հնագույն հոգեւոր գրքերի մեջ մի պարականոն գիրք կա Գաաֆի մասին: Գաաֆը, ըստ այդ գրքի, Աստծո սիրո շտեմարանն է, որտեղից Աստված սեր է բաշխում մարդկանց, թափում է Երկրի վրա աներեւույթ անձրեւի նման: Դարերի ընթացքում նա այդ շտեմարանից սեր է բաշխել մարդկանց, մարդիկ պատասխանել են նրան շնորհակալությամբ, սիրով, օրհնությամբ: Աստված տվել է մարդուն, մարդը պատասխանել է իրեն: Աստված տվել է, մարդը վերադարձրել է: Այդ երեւույթը կոչվում է շարժում, դիալեկտիկա: Կյանքը դրա շնորհիվ է առաջ գնում: Կյանքը դրա շնորհիվ գոյություն ունի: Եթե մարդը չվերադարձնի, չպատասխանի Աստծո տված սիրուն սիրով եւ պատվիրանով, ըստ այդ գրքի, կյանքը կանգ կառնի: Հազարամյակների ընթացքում մարդը մեկ քիչ է վերադարձրել Աստծուն, մեկ` շատ, բայց վերադարձրել է: Երբ մարդը մոռացել է Աստծուն, չի վերադարձրել Իրեն Իր տվածը, շարժումը կանգ է առել, խցանում է առաջացել դիալեկտիկայի ընթացքի մեջ, ինչպես ջրի խողովակի մեջ, եւ տեղի է ունեցել աղետ, որ մենք ուրիշ կերպ անվանում ենք դատաստան: Շարժումը կարելի է պատկերել շրջանի տեսքով: Վերեւից իջնում է ներքեւ` հողին (Աստված տալիս է), հողից բարձրանում է երկինք (մարդը պատասխանում է): Շրջանը հավերժական շարժման խորհրդանիշ է: Մոլորակները կլոր են, մեծ գնդեր են, եւ նրանք շարժվում են: Մեր ճանաչած համաստեղությունում մոլորակները շարժվում են իրենց առանցքի շուրջը եւ արեւի շուրջը: Ինչպես Գալիլեյն էր ասում. «Երկիրը, Արեգակը, մոլորակները, գալակտիկաները շրջանաձեւ են, այսինքն` կրում են մշտնջենավոր Աստծո նշանը: Ինչպես որ բոլոր մոլորակներն են պտտվում Արեգակի շուրջը, այնպես էլ ողջ մարդկությունը` Քրիստոսի շուրջը»: Մոլորակները շարժվում են միլիոնավոր տարիներ, եւ չի խախտվում նրանց միջեւ տարածքը: Ըստ ամերիկացի աստղագետ Ջելինեկի` եթե նրանց միջեւ թեթեւակի խախտում առաջանա, մեծ աղետներ տեղի կունենան: Ուրեմն` ամեն ինչ շարժվում է Աստծո ծրագրով, Աստծո կամքով: Սերը թագավորում է տիեզերքում: Ամեն ինչ ենթարկվում է Իրեն, Իր կամքին: Աստծուն ենթարկվելը Սեր է, Աստծու կամքը կատարելը Սեր է: Սիրուց սնվող շարժումը հավերժ է, այնտեղ տիրում են երանությունն ու ներդաշնակությունը:
Միայն Երկրի վրա այդպես չէ: Գաաֆը սպառվել է: Մարդկությունն այլեւս, Գալիլեյի ձեւակերպումից ելնելով, չի պտտվում Քրիստոսի շուրջը: Մարդն Աստծուն ոչինչ չի տալիս, մարդը չի լցնում սիրո շտեմարանը, որպեսզի այն պատասխանի իրեն: Տեղի է ունեցել մեծ խցանում: Սերը պակասել է, եւ սա դատաստանի սկիզբն է. («Անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի (Մատթ. 24:12)»: Անօրենությունը չափազանց շատացել է Երկրի վրա: Քրիստոսի պատվիրանը, այն, որ պատգամել է իր աշակերտներին՝ «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք (Հովհ. 14:34-35)», մենք նետեցինք նկուղ, ինչպես մի հնացած ձորձ, ինչպես հնոտիք, եւ ձեռք բերեցինք, այսպես կոչված, նոր արժեքներ, որոնք փայլում են իրենց կարծեցյալ լույսերով, գերում են իրենց հմայքով եւ հարմարավետությամբ, պաճույճներով, բայց չունեն ամենակարեւորը` սերը, այն, ինչի մասին Պողոս առաքյալն ասում է. «Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում (Ա Կորնթ. 13:4-7)»: Իհարկե, այս ամենը, մեղմ ասած, մեր մասին չէ, մեր քաղաքակրթության մարդու մասին չէ: Շուռ տանք առաքյալի խոսքերը՝ կստանանք մեր աշխարհի պատկերը. չենք համբերում ոչ մի բանի, դառնաբարո ենք, նախանձ, ամբարտավան, գոռոզ, անվայել վարմունքներով լեցուն, մերը փնտրող, բարկությամբ գրգռվող, չարը խորհող, անիրավության վրա ուրախացող, ճշմարտությունից փախչող, ոչնչի չդիմացող, ոչնչի չհավատացող, հույս ու համբերություն չունեցող: Ափսոս, շատ ափսոս, որ մենք չենք տեսնում մեր հոգիները, մեզ շրջապատող հոգեւոր աշխարհն այնպես, ինչպես տեսնում էր Իվան Կարամազովը Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» վեպում` դատարանի տեսարանում: Նա, նայելով հավաքված ժողովրդին, տեսնելով նրանց հոգիները, սարսափած, այլայլված կանչում է. «Մենք շրջապատված ենք տականքներով: Մի տականքն ուտում է մյուս տականքին»: Մենք, եթե տեսնեինք մեր հոգիները, մեզ շրջապատող հոգիների բազմությունը, կսարսափեինք եւ՛ ուրիշներից, եւ՛ մեզնից: Մենք այլանդակ պատկեր ունենք, թերեւս գուցե Դորիան Գրեյի պատկերը Օսկար Ուայլդի հանրահայտ ստեղծագործությունից, թերեւս գուցե այն նման լիներ ժամանակակից մարդու ձեւախեղված, այլանդակված հոգուն: Սա է աշխարհի եւ մեր հայ իրականության պատկերը`մի տականքն ուտում է մյուս տականքին, սա էլ կեր է հաջորդ տականքի համար: Նրանք անընդհատ գալիս են հերթափոխելու մեկը մյուսին: Մենք, բացի տականքներից, ուրիշ ծնունդներ չենք տալիս, մենք սկյուռի նման պտտվում ենք վանդակում` հույսով, որ դուրս կպրծնենք այդ վանդակից, բայց դուրս չենք պրծնում, որովհետեւ կույր ենք, որովհետեւ լույս չունենք` տեսնելու համար դուրս պրծնելու միջոցը. «… ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թե ուր է գնում (Հովհ. 12:35)»: Եվ այդ միջոցն Աստված է, որից մենք հեռացել ենք, որից հեռանում ենք ավելի ու ավելի:
Առանց Աստծո հնարավոր չէ տուն շինել: Այն չի շինվի: Առանց Աստծո հնարավոր չէ նոր իշխանություն ստեղծել: Այն չի ստեղծվի, եթե նույնիսկ անընդհատ արտաբերենք «ժողովրդավարություն» բառը: Այն, կախարդական փայտիկի նման, հրաշքներ չի գործի:
Եվ այսպես` Աստծո սիրո շտեմարանը դատարկվել է: Աստված մեզ այլեւս ոչինչ չի տալիս, եւ մենք դատաստանի մեջ ենք, ինչպես եւ բոլոր ազգերը: Բայց մի՞թե մենք իրավունք ունեինք, հազարամյակների ծանրագույն խաչը կրելուց հետո, քրիստոնեության առաջապահ ազգ կոչվելուց հետո, հավասարվել ուրիշներին։
ԹՈՎՄԱ քահանա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
21.02.2019
Սա ձեր թերթում այս հոգեւորականի արդեն որերորդ հոդվածն է ու միշտ կարդում եմ մեկ շնչով: Կասեք ո՞ր եկեղեցում է նա սպասավոր: Ո՞նց կարող եմ տեսնել նրան:
Ի՞նչ տարբերություն՝ որ եկեղեցում: Բոլոր եկեղեցիների բոլոր սպասավորներն էլ նույն բանն են ասում. «սիրեք աստծուն, որ տգետ լինեք: Ինչքան դուք տգետ լինեք, այնքան մենք հարուստ կլինենք…»
Թովմա քահանան` աշխարհիկ անունով Վահան Անդրիասյան, տաղանդավոր բանաստեղծ է, ներհուն մտավորական և առաքինի անձնավորություն, մի խոսքով, օրինակելի հոգևորական: Նման մարդիկ մեր հասարակության մեջ չափազանց քիչ են և գնալով պակասում են: Թե ինչու, պատասխանը գտեք նրա խորունկ և հրաշալի հոդվածում:
«Խորունկ և հրաշալի» հոդվածից միայն մեկ հետեւություն կարելի է անել. եկեղեցին միշտ շահարկել է եւ այժմ էլ շարունակում է շահարկել սիրո եւ ընդհանրապես բարոյականության գաղափարը: Տերտերները միշտ էլ կաշվից դուրս են եկել՝ փորձելով համոզել միամիտ մարդկանց, թե իբր առանց կրոնի չկա բարոյականություն: Այնինչ սա ընդամենը մի պարզունակ կրոնական աճպարարություն է. բարոյականության ակունքները կրոնի մեջ չեն, այն իրականում գոյություն է ունեցել կրոնից առաջ եւ գոյություն կունենա կրոնից հետո էլ: Իսկական քրիստոնեական բարոյականության հիմքում ֆանատիզմ է եւ հիվանդագին հուզավառություն…
Զարմանալ միայն կարելի է տերտերների անսահման կեղծավորության եւ երեսպաշտության վրա: Անընդհատ խոսում են «սիրո» մասին, ավետարաններ ու այլ հրեական փտած գրքեր են մեջ բերում, անվերջ ճամարտակում են «երանության» ու «ներդաշնակության» մասին, բայց մոռանում են նշել, որ հենց կրոնն է միշտ քարոզել ատելություն ու անհանդուրժողականություն, որ հենց եկեղեցին է մարդկանց բթացրել, ստրկացրել ու խարույկի վրա այրել… Խոսում են նույնիսկ Գալիլեյի «աստվածասիրության» մասին, բայց մոռանում են, թե ինչպես էին քրիստոնեական «սիրով» տոգորված ինկվիզիտորները կտտանքների ենթարկում աշխարհահռչակ գիտնականին, ինչպես էին սպառնում նրան հերետիկոս ճանաչել ու ստիպում մեղանչել… Քրիստոնեական եւ ընդհանրապես բոլոր կրոնական ուսմունքները միասին վերցրած՝ Գալիլեյի մեկ եղունգը նույնիսկ չարժեն, նրա աստղադիտակի փոշին անգամ ավելի արժեքավոր է, քան բոլոր այդ անհեթեթությունների դարերով կուտակված աղբը…
«Ըստ ամերիկացի աստղագետ Ջելինեկի` եթե նրանց միջեւ թեթեւակի խախտում առաջանա, մեծ աղետներ տեղի կունենան: Ուրեմն` ամեն ինչ շարժվում է Աստծո ծրագրով, Աստծո կամքով:»
Ա՜յ քեզ կրոնական տրամաբանություն: Ուրե՞մն: Ո՞նց թե «ուրեմն»: Մի նախադասությունը մյուսի հետ ոչ մի կապ չունի, բայց եկեղեցու սպասավորների համար ամեն ինչ պարզ է: Կարելի է հանգիստ հետեւություն անել, այն էլ մի բանի մասին, որի գոյությունը դեռեւս ոչ ոք չի ապացուցել, կարելի է հանգիստ խոսել ֆիկտիվ «ծրագրերի» ու անհասկանալի «կամքի» մասին…
Սերը թագավորում է տիեզերքում:
Իյա, իրո՞ք: Իսկ, օրինակ՝ ազատ ջրածինն ու հելիումը, ծանր տարրերն ու նեյտրինոները, եւ, կներեք արտահայտությանս՝ մութ մատերիան ու մութ էներգիան ի՞նչ են անում էդ խեղճ տիեզերքում: Երեւի յուղ են վառում՝ քրիստոնեական «սիրո» տիեզերական ճրագներով…
Ամեն ինչ ենթարկվում է Իրեն, Իր կամքին:
Կներեք՝ իհարկե, բայց դա որտե՞ղից է ձեզ հայտնի դարձել: Երկու հազար տարվա խրթին ու ծիծաղելի հրեական առասպելների՞ց…
Աստծու կամքը կատարելը Սեր է:
Ավելի անհեթեթ պնդում դժվար է պատկերացնել: Երեք գոյական, որից երկուսը («Աստծված», «Սեր») չեն սահմանվել, իսկ երրորդը («կամք») անիմաստ է առանց այդ երկուսի…