Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պահք բռնելու եւ ծոմապահության 7 անհրաժեշտ օգուտները

Փետրվար 22,2019 12:30

Պահք բռնելը շատ հին սովորություն է: Այն արտահայտված է եւ Հին, եւ Նոր Կտակարաններում: Իսկական պահքը ունի 7 շատ օգտակար ու անհրաժեշտ օգուտներ, որոնց մասին եկեք մտածենք միասին: Այստեղ պահք եւ ծոմ բառերն օգտագործված են փոխադարձավար: Ծոմապահությունը պահեցողության ավելի խիստ տեսակն է:

1. Պահեցողությունը կարեւոր է մեր մարմինների վրա վերահսկողություն վերականգնելու համար: Աշխարհիկ միջավայրում աստվածաշնչյան ծոմապահությունն անտեսված է: Մարդիկ տարված են շատակերությամբ: Ուտելիքն ազդում է մեր կյանքի բոլոր ասպարեզների վրա: Ու եթե մենք մեր ուտելու չափին չվերահսկենք, ապա մենք մեզ խոցելի կդարձնենք բոլոր տեսակի գայթակղություններին: Սբ. Իսահակ Սիրիացին գրում է, որ մեր բնության տրված առաջին պատվիրանը ուտելիքից պահք բռնելն էր, որի պատճառով ընկավ մեր նախահայր Ադամը: Նրանք, ովքեր ուզում են վերականգնել Աստուծո նկատմամբ երկյուղը, պետք է սկսեն կառուցել այնտեղ, որտեղ այն քանդված էր: Պետք է սկսեն պահք պահելու պատվիրանից:

2. Պահք պահելը պարզեցնում է մեր կյանքը: Ուտելիքի վրա ավելի քիչ ուշադրություն դարձնելով՝ մենք ի վիճակի ենք դառնում մեր ուշադրությունն ուղղորդել ավելի կարեւորի վրա՝ Աստուծո հետ մեր հարաբերության վրա: Պահեցողությունը հոգեւոր կյանքի անքակտելի մասն է կազմում: Առանց պահեցողության հոգին կմեռնի, որովհետեւ կրքերն ու մարմնավոր հաճույքները խեղդում են հոգին: Գրեթե բոլոր կրքերը թուլանում են ծոմապահության ժամանակ: Մարդու կյանքը պազեցվում է: Մի ճգնավորի հարցրին, թե ինչու ես պահք պահում: Նա շատ պարզ պատասխանեց ու ասաց, եթե ես չսպանեմ իմ կրքերին, դրանք կսպանեն ինձ:

3. Պահք բռնելը թեթեւացնում է մեր բեռը եւ հեշտացնում է աղոթելը: Ով որ ուզում է լավ աղոթել, պիտի քիչ ուտի: Թեթեւ ստամոքսը նաեւ թեթեւացնում է միտքն ու հոգին: Դրանից մենք ավելի հեշտությամբ ենք կարողանում մեր միտքն ու սիրտը բարձրացնել առ Աստված: Ով աղոթել է եւ սոված փորին, եւ կուշտ փորին, այս տարբերությունը շատ լավ գիտի:

4. Պահք բռնելը մեր կյանքում վերականգնում է կարգապահությունը: Քանի՞ մարդ կարող է հանգիստ խղճով ասել, որ հոգեւոր կյանքն այնպիսին է, ինչպես սպասվում է Աստծուց: Տեսնո՞ւմ եք՝ ծոմապահության բացակայությունն ինչ օրի է հասցրել աշխարհի բարոյական կերպարը: Պահեցողությունը մեր հոգեւոր կյանքում լրջություն է բերում, կարգապահություն է բերում: Եվ սա ընդամենը սկիզբն է:

5. Պահք բռնելը մեր կյանքում բերում է չափավորություն եւ զսպվածություն: Ծնողները չեն սիրում, չէ,՞ երբ իրենց երեխաներն անհնազանդ են ու ամեն ինչ անում են չափից դուրս: Նույնպես էլ Աստված, մեր Երկնավոր Հայրը դա չի սիրում: Պահք բռնելն Աստուծո պատվիրանների նկատմամբ հնազանդություն է քաջալերում: Դրա համար պահք բռնելը չպիտի լինի ձեր ուզած ձեւով, այլ այնպես, ինչպես սովորեցնում է եկեղեցու սուրբ ավանդությունը: Իսկ սա սովորել է պետք:

6. Պահք բռնելն ի վերջո տանում է սրտի մաքրության: Վարդապետներն ու սուրբերը սովորեցնում են, որ եթե մենք ուզում ենք մաքրել մեր սրտերը, մենք պետք է նախ սկսենք մաքրել մեր մարմնավոր ցանկությունները պահեցողության միջոցով: Պահք պահեք ոչ միայն բերանով, այլ նաեւ աչքով, լեզվով, ձեռքերով, ոտքերով: Անօգուտ բան է ուտելիքից պահք պահել, բայց լեզվով չարախոսել, դատել կամ անօրեն գործեր անել:

7. Պահք բռնելը վերադարձնում է դրախտային կյանքի վիճակին: Ադամն ու Եվան դրախտում միայն բուսական կերակուր էին ուտում (Ծն. 1:30, 9:3): Երբ մենք պահք ենք բռնում, մենք կամավոր վերադառնում ենք այս վիճակին: Միս ուտելը մեղք չի, բայց պահք բռնելով մենք ոչ միայն մյուս վերը նշված օգուտներն ենք քաղում, այլ նաեւ հաստատում մեր ցանկությունը, վերադառնալ մեր իրական հայրենիք՝ Աստուծո Արքայություն:

Պահք բռնելն ամենօրյա հոգեւոր մաքառման հիմքն է: Վարդապետներն ու եկեղեցու հայրերն ասում են, որ մարդու հոգեւոր աստիճանը չափվում է նրանով, թե նա ինչքանով է կարողանում պայքարել իր չար կրքերի դեմ ու զսպել դրանց: Ճիշտ ձեւով պահք պահելը մեծապես օգնում է այս գործին: Ճիշտ ձեւով պահք բռնելը, աղոթքի եւ բարի գործերի հետ միասին այն երեք գործիքներն են, որ Քրիստոսի եկեղեցին տալիս է հավատացյալներին՝ պտղաբեր դարձնելու իրենց կյանքերը: Եթե ճիշտ նպատակով ես պահք բռնում, այն առատացնում է աղոթքը եւ ավելի մոտեցնում Աստծուն:

Ճիշտ պահքի նպատակը սեփական անձը զսպելն է: Աղոթքը եւ ծոմապահությունը իրենց հերթին պետք է ուղեկցվեն բարեգործությամբ, ուրիշների նկատմամբ գործնական արտահայտված սիրով, կարեկցանքով, ներմամբ եւ համբերությամբ:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

21.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728