Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՎԱԾՔ ԿՈՐՅՈՒՆԻ ՄԱՍԻՆ

Փետրվար 22,2019 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ հիսունութերորդ

ՊԱՏՄՎԱԾՔ ԿՈՐՅՈՒՆԻ ՄԱՍԻՆ

 

Եվ Ջավախյանը զզվանքով նայեց Կորյունին ու ասաց՝ «ինչքան էլ բացատրեմ, մեկ ա՝ չես հասկանա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «տասներկու տարում պոլիտեխնիկի ճարտարապետականը հազիվ ավարտեցիր», եւ Կորյունն արհամարհական նայեց Ջավախյանին ու քամահրանքով ասաց՝ «մի տարի պակաս ես ասում» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «կենսագրությունս լավ ուսումնասիրել ես» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «կարաս իմ մասին էլ պատմվածք գրես», եւ Ջավախյանն արհամարհական  նայեց Կորյունին ու ասաց՝ «քո մասին մի հետ գրել եմ՝ հերիք ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քեզ էդ էլ ա շատ», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «իմիջիայլոց, իմ մասին գրածդ պատմվածքը շատ թույլ էր», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Կորյունին ու ասաց՝ «քեզ էդ էլ էր շատ»  եւ մի քիչ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «մենակ դու էիր պակաս, որ իմ պատմվածքը գնահատեիր», եւ Արիկը քմծիծաղով Ջավախյանին հարցրեց՝ «Կորյունի մասին ի՞նչ պատմվածք ես գրել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ ուժեղ պատմվածք ա» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «վերնագիրը «Տիեզերքի հաշվապահն» ա», եւ Արիկը փռթկացնելով Ջավախյանին հարցրեց՝ «էդ տիեզերքի հաշվապահը Կորյունն ա՞», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Կորյունն Արիկին ասաց՝ «շատ թույլ պատմվածք ա», եւ Արիկը ժպտալով Կորյունին հարցրեց՝ «Ջավախյանը ո՞նց կարող ա թույլ պատմվածք գրի», եւ  Կորյունը մի քիչ մտածեց ու Արիկին ասաց՝ «դեմը գովում ես, բայց հետեւից ուրիշ  բան ես ասում», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «հետեւից ի՞նչ եմ ասում», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասում ես, որ հեչ գրող ա», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես միշտ ասել եմ, որ ինքը լուրջ գրող ա», եւ էդ պահին Ջավախյանի բջջայինը զանգեց, եւ Ջավախյանը համարին նայելով՝ սրճարանից դուրս եկավ, եւ երբ Ջավախյանը դուրս եկավ, Կորյունն Արիկին հարցրեց՝ «իրանից գոնե մի պատմվածք կարդացել ե՞ս, որ ասում ես՝ լուրջ գրող ա», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես չեմ կարդացել, բայց մեր ամբիոնի վարչը բարձրաձայն կարդացել ա, լսել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեր ամբիոնի վարիչ Ստյոպն իրա գրածները շատ ա հավանում», եւ Կորյունը քմծիծաղով Արիկին հարցրեց՝ «ձեր ամբիոնի վարիչն էլ ա՞ իրան լուրջ գրող համարում», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հարցրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «վաղը որ գործի գնամ, կհարցնեմ»,  եւ Կորյունը քմծիծաղով Արիկին հարցրեց՝ «որ ինքը լուրջ գրող ա, բա Թումանյա՞նն ինչ ա», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Թումանյանը շատ լուրջ գրող ա», եւ Կորյունը քմծիծաղով Արիկին հարցրեց՝ «գոնե Թումանյանին կարդացե՞լ ես», եւ Ջոնը փռթկացնելով ասաց՝ «իրանց ամբիոնի վարիչը կարդացել ա, ինքը լսել ա», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «Թումանյանին անձամբ եմ կարդացել»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728