Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչը լավ էլի, հո՞ լավ էլի ասելով չի, տիկին Վարդանյան. ԿԳ նախարարը՝ ուսուցչին

Փետրվար 21,2019 23:57

«Պարոնա՛յք, դուք ինձ վախեցնում եք, որովհետև սահուն կերպով խոսում եք և կայացնում եք որոշումներ՝ առանց ինձ հարցնելու, իսկ դրանք ես պիտի իրականացնեմ», – այսօր արդի կրթական պահանջները, խնդիրները, լուծումները և զարգացման հեռանկարները թեմայով քննարկման ժամանակ ասաց 196 դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Վարդանյանը՝ խոսքն ուղղելով քննարկման բանախոսներին, մասնավորապես, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:

Տիկին Վարդանյանը բարձրաձայնեց մի շարք խնդիրներ՝ 32 հոգանոց աշակերտներով դասարանները կրճատելուց, ուսուցիչների 22 դրույքաչափը նվազեցնելուց մինչև չնչին աշխատավարձեր, որոնց պատճառով այսօր, ըստ ուսուցչուհու, ոչ մի տղամարդ դպրոց չի մտնում, որի հետևանքով էլ մենք ունենք տղամարդաթափ դպրոցներ:

Տիկին Վարդանյանը շեշտեց, որ իր խոսքը հնչեցնում է շատ ուսուցիչների անունից և հարցն հստակեցնելով՝ ասաց. «Ի՞նչ եք անում դուք այսօր իմ աշխատանքը թեթևացնելու, իմ աշխատանքային պայմանները տանելի դարձնելու համար»: Տիկին Վարդանյանի խոսքը քննարկմանը ներկա կրթության ոլորտի ներկայացուցիչների կողմից ուղեկցվեց ծափահարություններով:

Պարոն Հարությունյանն ասաց, որ ինքն և իր գործընկերները նախևառաջ հնարավորություն են ստեղծում, որ ուսուցիչներն այլևս խնդիր չունենան իրենց խնդիրները բարձրաձայնելու, ինչն, ըստ նախարարի, ունեցել ենք նախկինում:

«Եթե Ձեզ թվում է, որ այն խնդիրները, որոնք Դուք բարձրաձայնում եք, 9 ամսում՝ այն պահից, երբ դուք սկսել եք բարձրաձայնել, լուծումներ պետք է ստանան, կարծում եմ Դուք այնքան էլ ճիշտ չեք: Մոտ 10 տարի է՝ ես շատ ակտիվ զբաղվում եմ կրթական ոլորտով՝ նաև որպես փորձագետ և նման խնդիրների բարձրաձայնում շատ քիչ ուսուցիչներից եմ լսել: Այս բոլոր խնդիրները մենք գույքագրած ունենք: Այս իշխանությունը այնպիսին է, որ ֆինանս ունենալու դեպքում ոչ թե տանելու է իր տուն, այլ ամենափոքր հնարավորության դեպքում դրանք հատ-հատ ուղղել է: Ձեր բարձրացրած խնդիրների մեծ մասը կապված է ֆինանսի հետ, որովհետև կամքի խնդիր մենք չունենք»,- իր խոսքում նշեց նախարարը:

Պարոն Հարությունյանի խոսքով՝ մինչև սեպտեմբեր հաստիքացուցակները կրճատելու են, դպրոցի ֆինանսները ավելացնելու համար էներգախնայողության ծրագրեր են անում, որ էլեկտրաէներգիայի գումարը գնա աշխատավարձներին. «որ գաք-հարցնեք, կասենք: Հիմա եկել եք, հարցնում եք, ասում ենք: Մենք ունենք դպրոցներ լավ տնօրեններով և ուսուցիչներով, բայց որ փորփրես, մեկ լումա անգամ չես գտնի այդ դպրոցում»:

Տիկին Վարդանյանը տեղից արձագանքեց. «Լավ էլի, պարոն նախարար»: Վերջինս էլ պատասխանեց. «Ի՞նչը լավ էլի, հո՞ լավ էլի ասելով չի, տիկին Վարդանյան: Լավ էլին ամենավերջին փաստարկն է: Ես Ձեզ որպես գործընկեր շատ խորհուրդ կտամ՝ խոսենք փաստերով, կոնկրետ»:

Պարոն Հարությունյանն ասաց, որ օրինակ միայն Երևանում 35 հոգանոց դասարանները կրճատելու համար, պետք է 20 տոկոսով նոր դպրոցներ կառուցենք, որովհետև դպրոցների ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս տեղավորել արդեն կիսված դասարանները: Իսկ օրինակ` միայն 10 տոկոսով ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու համար, նախարարի խոսքով, անհրաժեշտ է 7.5 մլրդ դրամ:

«Խնդիրները, որոնք դուք բարձրացրիք, մեր սեղանին առաջնային կերպով դրված են: Ձեզ ինչո՞ւ է թվում, թե մենք չենք ուզում դրանք լուծել», -հավելեց նախարարը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728