«Նախարարության համար այս քննարկումները կարևոր են ընթացիկ ծրագրերի ապրոբացիայի և քննադատություն լսելու տեսանկյունից, որովհետև որքան էլ որ լավ մասնագետների կողմից ծրագրերը մշակված լինեն, այնուամենայնիվ, դպրոցներում կամ բուհերում աշխատող մասնագետները, որոնք ամենաշատն են այդ խնդիրներին առնչվում, կարող է շատ ավելի լավ լուծումներ առաջարկեն», -այսօր արդի կրթական պահանջները, խնդիրները, լուծումները և զարգացման հեռանկարները թեմայով քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Խոսելով առաջիկա ծրագրերից՝ նախարարն ասաց, որ նախակրթարանների առումով սահմանված է, որ մինչև 2023 թվականը երեխաների մինչև 70 տոկոսը պետք է այցելեն նախակրթարաններ և մանկապարտեզներ: Նախարարի խոսքով՝ այս թիվը երկու անգամ ավելի է, քան ներկայումս կա: Իսկ դպրոցներում փոփոխությունների հետ կապված՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ սկսվում է չափորոշիչների ու ծրագրերի մշակում, դասագրքերի ամբողջական փոփոխություն, որը իրատեսական կանխատեսումներով կավարտվի 2023 թվականին:
«Անընդհատ բողոքում են, որ ծանր են դասագրքերը, հիմա մի լուծում ենք գտել, որի մասին կարող եմ արդեն ասել. դասագրքերը երկհատոր են դառնալու, որպեսզի աշակերտը կիսամյակի առաջին հատվածը գա մի դասագրքով, մյուսին՝ երկրորդով, և պայուսակները երկու անգամ կթեթևանան»,- ասաց պարոն Հարությունյանը:
Aravot.am-ի հարցին, թե ինչ փոփոխությունների պետք է սպասել բուհական համակարգում, նախարարը պատասխանեց, որ ամբողջությամբ փոխվելու է Բարձրագույն կրթության մասին օրենքը. «Դրան միացնում ենք նաև գիտության մասին օրենքը՝ կյանքի կոչելով այն գաղափարը, որ գիտությունը, հետազոտությունը պետք է վերադառնան բուհ»:
Քննարկման ժամանակ Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ մենք պետք է հասկանանք, թե արդյունքում ինչպիսի աշակերտ ենք ուզում ունենալ: Ըստ նրա՝ աշակերտը պետք է լինի անկախ մտածելակերպով, քննադատող և վերլուծող, որն էլ կլինի մեր ապագա քաղաքացին. «Սրա տակ ինչ կարկաս կձևավորենք, սա արդեն բուն մասնագետների խնդիրն է»:
«Ուսուցչի կերպարը, ֆիգուրը պետք է բարձրանա հասարակության մեջ և դառնա էտալոնային ֆիգուր: Պետք է նոր սերունդը մտածի, որ իրենց ուսուցիչը շատ կարևոր է և իրենց ուսուցչի նկատմամբ ունենա լուրջ հարգանք»,- իր խոսքում ասաց ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Պարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ մենք կրթական դաշտում մեկնարկային ոչ վատ պայմաններ ունենք՝ հաշվի առնելով այն բարեփոխումների տեսլականը, որ կա այսօր, ուղղակի պետք է այդ ուղղությամբ աշխատենք բոլորս. «Դա մեկ կամ երկու հոգուց կախված չէ, դա պետք է համընդհանուր ուժերով փորձենք այդ իրավիճակից դուրս գալ»:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, հակադարձելով նախարարին, ասաց, որ եթե մենք փորձենք կրթության բարեփոխումների հիմքում դնել ծրագրեր, դասագրքեր փոխելը, առավելագույնը հինգ տոկոս զարգացում կունենանք, ոչ ավելի, «որովհետև խորքային խնդիրը դասագիրքն ու ուսուցիչը չեն, այլ այն է, որ երեխաների ուղեղը զբաղված է այլ բաներով: Նրանց վրա կողմնակի ազդեցություններ կան, որոնց արդյունքում կրթական գործընթացից բավականին շեղված են: Մեր խնդիրը պետք է լինի երեխաներին կրթական գործընթաց հետ բերելը»:
«Այն գործիքները, որոնցով տարված է աշակերտը, պետք է վերցնի, գա, և դրանք միասին կիրառենք դպրոցում: Մենք պետք է ֆիքսենք, որ գործ ունենք 21-րդ դարի աշակերտի հետ: Մենք չպետք է փոխենք նրան, այլ գնանք իրեն ընդառաջ»,- պատասխանեց նախարարը:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ