Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրությունը ձեզ՝ որպես քաղաքական ուժի, վստահության քվե է տվել, որ խոսե՞ք ու հաշվետու լինե՞ք, թե՞ մեզ մեսիջ ուղարկեք». ԵՊՀ ռեկտորը՝ ԿԳ նախարարին

Փետրվար 21,2019 22:30

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտխորհրդի նիստը, որի ընթացքում Արամ Սիմոնյանն անդրադարձավ ՀՀ ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությանը և ՀՀ ԿԳ նախարարի՝ Facebook սոցիալական կայքի միջոցով արված ելույթին:

Խոսելով քրեական գործ հարուցելու հետ կապված ՀՀ ոստիկանության կողմից տարածված հայտարարության մասին՝ Արամ Սիմոնյանն ասաց, որ այն մի քանի կետերից է կազմված, որոնցից առաջինը կապված է բուֆետների հետ. «Ես կռահում եմ՝ ինչի մասին է խոսքը: ԵՊՀ սև շենքի բուֆետապանը, որի վարքը, պահվածքը համալսարանի նկատմամբ, մեղմ ասած, հարիր չէին, և նրա մեղադրանքը, իմ խորին համոզմամբ, շինծու է: Բանն այն է, որ երբ մենք չէինք ուզում նրա հետ երկարաձգել պայմանագիրը, նա ասաց, թե եթե չեք ուզում, ապա դուք դրա արձագանքը դեռ կտեսնեք: Նա մեղադրում է հաշվապահությանը, որ չի ստացել կտրոնները, սակայն բոլոր կտրոնների պատճենները գտնվում են հաշվապահությունում»:

Երկրորդ խնդիրը, ռեկտորի պարզաբանմամբ, վերաբերում է ԵՊՀ 19 դասախոսներին, որոնք բացակայել են երկրից հուլիս, օգոստոս, հունվար ամիսներին և փետրվարի սկզբին. «Այսինքն՝ այն ժամանակ, երբ նրանք զբաղված չեն եղել դասերով: Մենք որևէ կերպ չկարողացանք նրանց բացատրել, թե ա՛յ ընկերներ, հուլիս-օգոստոսին համալսարանը փակ է, քանի որ արձակուրդի շրջան է, իսկ առանձին դեպքերում, եթե դասախոսները դասերին ներկա չեն գտնվել, ապա նրանց փոխարինել են այլ դասախոսներ, և ամենակարևորը՝ մարդկանց երկրորդ անգամ աշխատավարձ չի վճարվել. սա պրակտիկա է, որը կիրառվել է միշտ և կիրառվում է աշխարհի բոլոր համալսարաններում»:

«Օրինակ՝ խոսքը մեր դասախոսներից մեկի մասին է, որի երեխան ավտովթարի է ենթարկվել Չինաստանում, և մայրը գնացել է նրան տեսնելու, խնամելու. այդ դասախոսին փոխարինել են ամբիոնի այլ դասախոսներ: Ուրիշ բան է, որ դեկանատները հաշվետախտակներում նրանց ներկա են դրել, բայց որքանով ես եմ տեղյակ, այդ փաստաթղթերը գործածության մեջ չեն, այսինքն՝ մենք կարող ենք դրանք օգտագործել կամ չօգտագործել. ինչևէ սա երկրորդ մեղադրանքն է, որը լրիվ հիմնազուրկ է»,- ասաց Արամ Սիմոնյանը:

«ՀՀ ոստիկանության կողմից տարածած հաղորդագրության երրորդ կետը վերաբերում է անձամբ ինձ, որ իբրև թե ձեզ քաջածանոթ շինարար Գագիկից 10.000 դոլարի գույք եմ վերցրել. սրանք են մեղադրանքները՝ ուղղված ինձ և համալսարանին»,- պարզաբանեց ԵՊՀ ռեկտորը:

Արամ Սիմոնյանի համար ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ խիստ վիրավորական է եղել այն ձևակերպումը, ըստ որի՝ խմբային շահերից ելնելով՝ դասախոսները փաստաթղթեր են կեղծել՝ հափշտակելով 18 մլն. դրամ. «Կարծում են, թե այդ գումարը վճարվել է երկու անգամ, և տեսեք, թե ինչ ձևակերպումներ են տալիս մեզ՝ դասախոսներիս: Սա ճնշման միջոց է ոչ միայն ռեկտորի, այլև համալսարանի ամբողջ կազմի դեմ: Ես համոզված եմ, որ քննչական մարմինների գործողությունների ընթացքում շատ բան պարզվելու է,և համալսարանի անունը մաքրվելու է»:

Այնուհետև Արամ Սիմոնյանն անդրադարձավ ՀՀ ԿԳ նախարարի ելույթին. «Նա նախ խոսում է, որ իր հետ հանդիպումից անմիջապես հետո հայտարարություն չեմ արել, այլ խուճապի եմ մատնվել և մեկ շաբաթ հետո եմ արել: Եթե մարդ խուճապի է մատնվում, անմիջապես է հայտարարություն անում, այլ ոչ թե մեկ շաբաթ սպասում է, ընդ որում՝ այդ հայտարարությունը գիտական խորհրդինն են, այլ ոչ թե իմը»:

«Նախարարն իր ելույթում ասում է, որ կառավարական հանձնաժողով չի կազմավորվել, բայց շատ շուտով կկազմավորվի, և իրենք մեծ շուքով կնշեն 100-ամյակը: Եղբա՛յր, աշխարհի և մեր պրակտիկան խոսում է այն մասին, որ մեկ տարի առաջ պետք է կառավարական հանձնաժողով կազմավորվի, որովհետև նախահաշիվ է պետք, գործեր պետք է անել, ընթացակարգ կա, մեր հոբելյանը լրանում է մայիսին, իսկ ես դեռևս 2018 թ. հունիսից անընդհատ խոսում եմ այդ մասին. ոչ միայն բանավոր եմ ասել, այլև գրավոր եմ դիմել և որևէ պատասխան չեմ ստացել: Ես ստիպված հիմնական միջոցառումները մայիսից հետաձգել եմ սեպտեմբեր, որ համալսարանը հնարավորություն ունենա տոնելու 100-ամյակն այնպես, ինչպես որ պետք է»,- նշեց Արամ Սիմոնյանը:

«Իմիջիայլոց, եթե հիշում եք, մենք այստեղ ենք որոշել ստեղծել հոբելյանական հանձնաժողով, որն առ այսօր, ամեն երեքշաբթի հավաքվում և աշխատում է, և որի կազմած ծրագրի մեջ մտնում են ձեր ստորաբաժանումների առաջարկները. այնտեղ կան և՛ միջոցառումներ, և՛ գրքեր, և՛ գիտաժողովներ: Նախարարը, իրեն հակասելով, ասում է, թե 100-ամյակի հանձնաժողով չի ստեղծվել, քանի որ Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակները տոնելու հանձնաժողովներով է զբաղված եղել, սա ինչ ասելու բան է: Հնարավոր չէ, որ երեքին էլ պատրաստվեք, թե միայն իրենով է պայմանավորված, և եթե ինքը շատ զբաղված է, ուրեմն 100-ամյակի հանձնաժողովը չպետք է գործի: Կամ ասում է, որ 100-ամյակը նշելու համար ինչ-որ բան ենք մտածել: Ես չեմ հասկանում ՝ ինչ է նշանակում՝ ինչ-որ բան ենք մտածել»,- նախարարի ելույթին անդրադառնալով՝ ասաց Արամ Սիմոնյանը:

Ռեկտորը նշեց, որ նախարարն իր ելույթում հայտարարություն է արել՝ ասելով, որ եթե պետությունը նման մեծ շուքով և հանդիսավորությամբ պետք է նշի այդ միջոցառումը, ապա ինչ մեսիջ ենք մենք տալու մեր հանրությանը, երբ Արամ Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարումը»:

««Ինչ մեսիջ ենք տալու հանրությանը». տեսեք՝ ինչ է ասում նախարարը: Ներողություն, հանրությունը ձեզ՝ որպես քաղաքական ուժի, վստահության քվե է տվել, որ խոսե՞ք ու հաշվետու լինե՞ք, թե՞ մեզ մեսիջ ուղարկեք: Այս քվեն ինչի՞ համար է տրվել, որ մեզ մեսիջնե՞ր ուղարկեք: Սա քաղաքական գործչի խոսելու ձև՞ է, թե՞ ինչ: Նա ասում է, որ այս ամիսներին լայն հնարավորություններ էին համալսարանի համար ստեղծվել: Որո՞նք էին այդ լայն հնարավորությունները, այդ ՊՎԾ-ի վեցամսյա ստուգումնե՞րն էին, որ տրվել էին համալսարանին, որոնք խաթարեցին ԵՊՀ վարչակազմի զգալի մասի բնականոն աշխատանքը: Եթե չլիներ մեր բոլորի լարված գործունեությունը, ապա կարող էր համալսարանի աշխատանքն ընդհանրապես խաթարվել, բայց ոչ մի այդպիսի բան տեղի չունեցավ, քանի որ մենք ի զորու եղանք կատարելու այն գործը, որին կոչված ենք»,- ասաց Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորը նշեց, որ ՀՀ ԿԳ նախարարը նաև այսպիսի հայտարարություն է արել. «Խոսում ենք բուհական ինքնավարությունից, բայց բուհի ղեկավարությունը Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահի հետ մեջքն ուղիղ նկար չունի: Դա ինձ ի նկատի ուներ: Նախ ուզում եմ նրան ասել, որ ճապոնացի ամբողջ ժողովուրդը մեջքը ծռում է, դա հարգանքի նշան է: Վերջին հաշվով, սրանք են նախարարի պատկերացումները և չափորոշիչները բուհական ինքնավարության մասին, քանի որ նա այս ամենը կապում է բուհական ինքնավարության հետ: Նախ` տեսանյութի սկզբում ինձ մեղադրում է ստախոսության մեջ, և ինքն իրեն անմիջապես հակասում է՝ հայտարարելով, որ ես չեմ պատկերացնում Ա. Սիմոնյանի մասնակցությունը 100-ամյակի միջոցառումներին, քանի որ բոլոր նեգատիվ ելույթները, խախտումները, որոնք կան, կապված են իմ անվան հետ: Հա՛մ այսպես է ասում, հա՛մ այնպես է ասում: Նախևառաջ սա նշանակում է անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում, դու իրավական տեսակետից պատկան մարմին չես, որ որոշես՝ ես մեղավոր եմ, թե ոչ, խախտում արել եմ, թե ոչ, դա պատկան մարմինների գործն է, քննչական մարմինների գործն է, դատախազության, դատարանի և այլն: Մինչև դատարանը չապացուցի՝ դու իրավունք չունես այդպիսի հայտարարություններ անելու: Եվ վերջապես, ես գտնում եմ, որ նմանաբնույթ հայտարարություններ անելը և զրպարտությունը բարձրաստիճան պաշտոնյային հարիր չեն»:

Ռեկտորն անդրադարձավ նախարարի հայտարարությանը, թե այժմ իրենք ստեղծում են կառավարական հանձնաժողով. «Որևէ մեկի հետ խոսե՞լ են, համալսարանում որևէ մեկի հետ խորհրդակցե՞լ են, ո՞վ որոշեց, ինչպե՞ս որոշեցին: Ամեն ինչ անհայտ է։ Եվ այնտեղ նաև մի բան է ասում, թե ես ասել եմ իրեն, որ ինձ հարյուրամյակը չի հետաքրքրում, այլ ես ԵՊՀ-ն օգտագործում եմ, կամ ԵՊՀ-ն և գիտական խորհուրդը վահան եմ դարձնում իմ անձնական նպատակների համար։ Ես իրեն ասել եմ հետևյալը. ես ռեկտորի պաշտոնում մնալու եմ, որովհետև ես այս մեղադրանքներից մաքրվելու անհրաժեշտություն ունեմ, և ես այս պաշտոնում դա ավելի լավ կանեմ, քան՝ եթե չլինեմ։ Դրա համար հրաժարական չեմ տալու։ Հիմա, եթե ես իր հորդորն ընդունեի, ինչպես ինքն էր ասում, կնշանակեր, որ ընդունում եմ իմ հասցեին արվող շինծու մեղադրանքները և դրա համար կողքի եմ քաշվում»։

«Հետո մի զարմանալի և համալսարանականին ոչ հարիր բան. ասում է ՝ այդ ի՞նչ եղավ, որ մի ամսվա մեջ երեք անգամ գիտխորհրդի նիստ հրավիրեց: Ասում է՝ Սիմոնյանն իրեն ի պաշտպանություն վահան է դարձնում գիտխորհուրդը։ Նախ, նա ծանոթ չէ գիտխորհրդի կանոնակարգին, որտեղ նշված է, որ գիտխորհուրդն է որոշում, թե քանի անգամ պետք է հրավիրել նիստ»,- ասաց Արամ Սիմոնյանը։

Ռեկտորը հիշեցրեց, թե ինչ թեմաներով են հրավիրվել նիստերը. «Առաջինը կապված էր գիտության բազային ֆինանսավորման խնդրին։ Հիշում եք՝ որոշում ընդունեցինք և այն ուղարկեցինք համապատասխան մարմիններին: Երկրորդը նախորդ նիստն էր, որը տեղի ունեցավ ամսի 19-ին: Այդ ժամանակ որոշում ընդունեցինք հայտարարություն ընդունել։ Երրորդն այսօրվա մեր պլանային նիստն է։ Նա չգիտի, որ մեր գիտխորհրդի նիստերը պլանավորվում են կիսամյակը մեկ։ Մենք շարժվում ենք պլանով՝ նվազագույնն ամիսը մեկ անգամ գիտխորհրդի նիստեր հրավիրելով, ինչպես արել ենք նաև այսօր»:

Անդրադառնալով նախարարի այն հայտարարությանը, թե Սիմոնյանին ոչ ոք քաղաքական հետապնդման չի ենթարկում որպես հանրապետականի՝ Արամ Սիմոնյանն ասաց, որ որպես դրա վկայություն բերում է փաստը, թե այսօր նախարարությունում աշխատում են հանրապետականներ. «Հավանաբար, նկատի ունենալով Նաիրի Հարությունյանին և Ռոբերտ Սուքիասյանին: Նախ` ես շատ ուրախ եմ, որ նաև իմ այս պայքարի շնորհիվ մարդիկ կարող են լինել հանրապետական, բայց աշխատել Կրթության և գիտության նախարարությունում։ Հետո էլ այդ մարդիկ նորմալ աշխատողներ են: Գլուխ եք գովում, թե նրանց չեք հեռացրել որպես հանրապետականների, եթե հեռացնեիք, ինչպե՞ս էիք աշխատելու»։

«Իմիջիայլոց, նախարարն իրենից բառեր է հնարում, որոնք հայերենում չկան. հուզաճմլիկ։ Նախ հուզաճմլիկ բառ չկա, կա սրտաճմլիկ։ Հույզը չի ճմլվում, սիրտն է ճմլվում, պարո՛ն նախարար»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

«Եվ վերջապես, նախարարն այսօրվա մեր գիտխորհրդի անդամներին է դիմում թաքնված սպառնալիքով»,- ասում է Արամ Սիմոնյանը,- «Նա գտնում է, որ կարիք չկա այսօր որոշում ընդունելու և այլն, և այլն, թող ամեն մեկը քննարկի, ինքը որոշի։ Քննարկենք: Նախարարն ասում է՝ թող ամեն մեկը որոշի, թե ինչ պատասխանատվության տակ է մտնում։ Ուրեմն, այս որոշումը ընդունելու համար մենք բոլորս՝ ձեզ հետ միասին, մտնում ենք մի պատասխանատվության տակ, որը նախատեսում է պատիժ։ Սա սպառնալիք է Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի հասցեին»:

«Ահա սա էր իր ելույթի ամբողջ բովանդակությունը, որ ես ուզում էի ներկայացնել ձեզ։ Կարծում եմ՝ սա կարևոր էր, որովհետև մեր հասցեին էր, և ուզում էի, որ բոլորդ իմանայիք։ Պարզվում է, որ ես ձեզ մշտապես՝ հատկապես վերջին ամիսներին, որպես վահան եմ օգտագործում, ի դեպ, ըստ նրա՝ դա արել եմ՝ իմ անձնական, շահադիտական նպատակներին հասնելու համար»,- պարզաբանեց Արամ Սիմոնյանը:

Քնար ՄԻՍԱԿՅԱՆ

Երեւանի պետական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728