Ինչպես անդրադարձել ենք. Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Արթուր Խաչատրյանը Շիրակի մարզպետի առանձնասենյակ տանող միջանցքի պատին փակցել էր Շիրակի բոլոր մարզպետների լուսանկարները՝ ըստ պաշտոնավարման հերթականության։ Կարեն Սարուխանյանն էլ մարզպետի պաշտոնը լքելուց առաջ այս լուսանկարների շարքին ավելացրել էր նաև իրենը, իհարկե՝ գունավոր, մյուսներինն՝ անգույն էր։
Այսօր նկատեցինք, որ լուսանկարները հանված են։ Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հանել, արդյո՞ք ճնշել են իրեն այդ նկարները։
«Իհարկե՝ ոչ, ուղղակի պետական կառավարման փիլիսոփայության տիրույթում եմ դիտարկել, վերջերս շատ էինք կարծիքներ ստանում քաղաքացիներից, թե նկարները․․․
Քաղաքացին պետական կառույց է մտել, իհարկե, կառույցն ունի ինստիտուցիոնալ հիշողություն․կան մարդիկ, որոնք իրենց դերն ունեն այս կառույցի կայացման գործում, այդ մասը շատ կարևոր է, բայց երբ որ հենց աշխատանքային գործընթաց է, անձերին մի քիչ ավելի թեթև է պետք թողնել՝ իրենք իրենց ընկալումներով, այդ համակարգային ծանր բանը չֆիքսել, որ ինքը 100 տարվա կամ 20 տարվա համակարգ է դրել։ Չէ, ինքը մտել է պետական ծառայություն, ու այս ծառայության ամբողջ փիլիսոփայությունն է իր հետ լինել, իրեն աջակցել։
Ես անկեղծ ատրիբուտներ հանելու գործոնն եմ տեսնում, նոր Հայաստանում դուք տեսնում եք, որ մենք կամաց-կամաց հրաժարվում ենք իշխանական ատրիբուտներից, ավելի շատ պիտի անցնենք ֆունկցիոնալ գործառույթներ անելու»։
Շիրակի նորանշանակ մարզպետը նաև հավաստիացրեց, որ նկարները խնամքով պահվում են։
«Բոլոր նկարները տեղում են, խնամքով փաթեթավորված են, հաջորդ մարզպետը, եթե որոշի, որ նկարները իրենց տեղը պիտի վերադառնան, դրանք պատրաստ սպասում են»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ