Թուրքիայի սահմանամերձ Կարս նահանգում փետրվարի 4-ից մեկնարկած «2019 ձմեռ» միջազգային զորավարժություններն ավարտվելու են փետրվարի 22-ին։ Բացի Թուրքիայի զինված ուժերից զորավարժությանը մասնակցում է 14 երկիր, որից 7-ը՝ դիտորդի կարգավիճակում։ Զորավարժությանը մասնակցում է 1.446 զինծառայող, օգտագործվում է 545 ռազմական մեքենա և 790 զինատեսակ։
Ինչպես ավելի վաղ նշել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական կողմից զորավարժությանը մասնակցում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ծառայություն իրականացնող ստորաբաժանումներից մեկը։
Զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերը։
Զորավարժության ընթացքին հետևել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դունդարը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալը և ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը։
Թուրքական մի շարք աղբյուրներ հաղորդում են, որ զորավարժություններին հետևել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակամուրջի միջոցով։
Զորավարժության ժամանակ Թուրքիայի զինված ուժերն օգտագործել են թուրքական արտադրության մի շարք զինատեսակներ, ինչպիսիք են «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը, «Atak» «Skorsky» տեսակի ռազմական ուղղաթիռները, «Cirit» և «UMTAS» տեսակի հրթիռները:
Բացի մարտական առաջադրանքներ կատարելուց իրականացվել են փրկարարական գործողություններ։
Զորավարժության շրջանակներում մշակվել է ռազմական գործողությունների հատուկ սցենար։ Գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է եղել, որ բոլոր գործողություններն իրականացվել է ձնառատ պայմաններում և բարդ տեղանքում։
Աղբյուր` ermenihaber/TRT