«Դժվար է գերագնահատել այն դերակատարումը, որ ունեցել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ Հայաստանում երեխաների իրավունքների, սոցիալական պաշտպանության, ներառականության և ապաինստիտուցիոնալացման գործում: Հիմք ընդունելով բոլոր այս նախադրյալները՝ հույս ունենք, որ այս հանդիպումը մեր համագործակցության նոր փուլի սկիզբը կդառնա»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ հանդիպման ժամանակ:
Նախարարը ներկայացրել է ոլորտի առաջնահերթությունները՝ հատկապես առանձնացնելով ապաինստիտուցիոնալացման ծրագիրը, որն առաջին անգամ կներառի նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին:
«Երբ մենք խոսում ենք ապաինստիտուցիոնալացման մասին, պետք է հաշվի առնենք հաստատություններում գտնվող բոլոր երեխաներին: Բացի այդ, պետք է ակտիվ քաղաքականություն վարենք, որպեսզի այս գործընթացը վերաբերի ոչ միայն պետական հաստատություններին, այլև՝ մասնավոր: Մեր մոտեցումը պարզ է։ Եթե կա ֆինանսավորում՝ լինի այն պետության, մասնավոր ընկերության, անհատ բարերաների թե միջազգային կազմակերպությունների կողմից, այն պետք է ուղղվի ոչ թե հաստատությանը, այլ՝ երեխաների ընտանիքներին»,- ասել է նախարարը՝ նշելով, որ նախարարության գործունեության հիմքում լինելու է երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորության ընկալումը:
Նա նաև նշել է, որ պետական քաղաքականությունը պետք է տարվի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը հատուկ հաստատություններ կանխարգելելու ուղղությամբ, հատկապես՝ նորածինների:
Նախարար Բաթոյանը տեղեկացրել է, որ վերանայման կարիք ունի նաև «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը, հատկապես այն դրույթները, որոնք վերաբերում են երեխաների թրաֆիքինգին, աշխատանքային շահագործմանը և այլն:
«Մենք շատ ուրախ ենք լսել ապաինստիտուցիոնալացման վերաբերյալ կառավարության այսօրինակ մոտեցման մասին, քանի որ ինքներս էլ համարում ենք, որ երեխայի իրավունքը՝ անկախ առանձնահատուկ կարիքներ ունենալու հանգամանքից, պետք է պաշտպանված լինի, իսկ ծառայությունները, որոնք անհրաժեշտ են նրանց, չեն կարող տրամադրվել միայն մեկ կամ մի քանի հաստատությունների կողմից»,- ասել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավար Տանյա Ռադոչայը:
Նախարարը նշել է, որ ակնկալում է հասարակական, միջազգային կազմակերպությունների և մասնավոր գործընկերների աջակցությունը հատկապես սոցիալական աջակցության համայնքային կառույցների աշխատակիցների և մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում, քանի որ հաստատությունից դուրս եկած երեխան պետք է ապահովված լինի բոլոր անհրաժեշտ ծառայություններով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երեխաների նկատմամբ բռնության կանխարգելմանը, համընդհանուր ներառական կրթությանը և աղքատության հաղթահարմանն ուղղված մի շարք հարցեր:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ