Այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից իր դեմ ներկայացված դատական հայցին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքն արդեն պարզաբանել է, որ այդքան էլ ճիշտ չի ձեւակերպել իր խոսքը:
«Այսինքն՝ ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես հերքել եմ: Բայց հիմա դատական գործը գնում է, իրավաբաններն աշխատում են, թող աշխատեն, որոշում կայացնեն»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք չի՞ խախտվել անմեղության կանխավարկածը: Ի պատասխան՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ այն խախտելու մասին խոսք չի կարող լինել, քանի որ իրենց տարածած հաղորդագրության վերջում միշտ նշվում է անմեղության կանխավարկածի մասին: Ըստ նրա, այդ գործը բավականին ծավալուն է եւ այլ մարդիկ էլ կան ներգրավված, սակայն այս պահին չի կարող մանրամասներ ներկայացնել:
«Ես խնդրում եմ՝ մի՛ սեւեռվեք այդ հարցի վրա: Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որեւէ անձնական խնդիր չունեմ: Այդ ընտանիքը որեւէ բան անձամբ ինձ չի արել: Ռոբերտ Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահն է եղել, իր գործունեության ընթացքում շատ դրական գործեր, ներդրում է ունեցել, եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, եւ ես՝ որպես Ազգային անվտանգությունում ծառայող սպա, որն աշխատել է նաեւ այդ տարիներին, չեմ կարող որեւէ անձնական հարցով խնդիրներ ունենալ այդ ընտանիքի հետ»,- նշեց նա:
Այն դիտարկմանը, թե Քոչարյանների ընտանիքի հետ կապված շատ գործեր բացվեցին, դրա համար է տպավորություն, թե անձնական խնդիր կա, Արթուր Վանեցյանն ի պատասխան ասաց, որ ԱԱԾ-ում ընդամենը մեկ գործ է քննվում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ