«Վստահ չեմ, որ կառավարության ծրագիրը ստեղծվել է «աղքատությունը մարդկանց գլուխներում» է պնդման հիման վրա: Դա ընդամենը հարցի մասնակի մեկնաբանություն է: Մեր հասարակության դեպքում հեղափոխությունը պետք է երկու նպատակ հետապնդեր՝ քաղաքացու եւ պետության սուբյեկտացում: Այդ նպատակներն իմաստավորված եւ նախանշված չեն կառավարության ծրագրում, ինչի հետևանքով գործընթացները կիսատ-պռատ են»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս ԱԺ-ի ընդունած՝ ՀՀ կառավարության գործունեության հնգամյա ծրագրին, ասաց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:
«Այնպիսի դիրք են բռնել, կարծես թե արտաքին քաղաքականության առումով ինքնիշխան պետության կայացման խնդիր չունենք, ամեն ինչ շատ լավ է, մինչդեռ մենք կիսագաղութային պետություն ենք: Պետք է հավասարակշռենք մեր հարաբերությունները, ազատվենք Ռուսաստանից միակողմանի կախվածությունից եւ վերջինիս հետ հաստատենք արժանապատիվ հարաբերություններ: Այս հարցն առհասարակ անտեսվում է»,-որպես օրինակ մատնանշեց Վարուժան Ավետիսյանը:
Նա նաեւ նշեց՝ գյուղատնտեսությունը եւ տուրիզմը կարեւոր են, բայց դրանք չեն կարող լինել տնտեսության զարգացման ողնաշար. «Թռիչքի մտադրություն, կամք եւ նպատակադրում կառավարության ծրագրում չկան: Դրանում տարեկան 5% տնտեսական աճ է նախատեսվում, բայց 5%-ով չես թռնի անդունդի վրայով: Մենք անդունդի այս կողմում ենք, մինչդեռ արդեն այն կողմում պետք է լինեինք»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
https://www.facebook.com/aravot.am/videos/804489176570496/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ