«Մեզ որեւէ բան չի կաշկանդում ցանկացած անձի մասով ստուգումներ անել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին` հնարավո՞ր է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված էլ լինեն ստուգումներ. «Եթե կլինեն փաստեր, եթե այս կամ այն անձի արարքներում առկա կլինի հանցակազմ, մենք կհարուցենք քրեական գործ»:
Պարոն Վանեցյանից հետաքրքրվեցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին առնչվող որեւէ չարաշահում, թեկուզ տնտեսական ոլորտին վերաբերող, չկա՞, ի պատասխան ԱԱԾ ղեկավարն ասաց՝ աշխատում ենք, եթե լինեն, կհարուցվեն:
Արթուր Վանեցյանն ասաց, որ իր եւ վարչապետի ընտանիքների դեմ սպառնալիքները մշտական բնույթ են կրում եւ դրանք երբեք չեն չեզոքանալու. «Եթե չեզոքանան, ԱԱԾ կազմում չի գործի պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը: Այդ սպառնալիքները մշտական են, երբեմն ավելի են ավելանում, երբեմն նվազում են, բայց միաժամանակ կան»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ