Այսօր կառավարության նիստից հետո կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի արձագանքին՝ ոստիկանության հայտարարությանը:
ԵՊՀ ռեկտորը բուհի գիտխորհրդի նիստում ասել էր, որ իր վրա ճնշումներ են գործադրվում, քանի որ ՀՀԿ անդամ է:
Ըստ Արայիկ Հարությունյանի, «ԵՊՀ ռեկտորը ակնհայտորեն մանիպուլյացիաների է դիմում, փորձում է իր ղեկավարման տարիների հետ կապված հարուցված քրեական գործերը ինչ-որ ձեւով քաղաքականացնել»:
Նա ասաց, որ ԵՊՀ ռեկտորի վրա քաղաքական ճնշումներ չեն կարող լինել. «Բուհերը ապաքաղաքական են, քաղաքական որեւէ ճնշում չի կարող լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Պարոն Հարությունյանը նաեւ ասաց, որ Արամ Սիմոնյանը ստում է՝ հայտարարելով, որ նախարարությունը ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները խափանում է. «ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների վերաբերյալ խոսակցությունը եղել է այս տարվա հունվարին: Ռեկտորի հետ հանդիպումից հետո ես վարչապետին եմ ներկայացրել ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների անհրաժեշտությունը եւ գործադիրի ղեկավարի կողմից ԵՊՀ 100-ամյակը մեծ շուքով նշելու հանձնարարական ենք ստացել: ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների հանձնաժողովի ստեղծման նախագիծը պատրաստ է: Այս պահին այն ստեղծված չէ, որովհետեւ ղեկավարում եմ Թումանյանի 150-ամյակի և Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովները: Արամ Սիմոնյանի հետ զրույցը եղել է անցած շաբաթ, եթե մարդը մտահոգություն ուներ դրա հետ կապված, կարծում եմ՝ գիտխորհրդին ավելի շուտ պետք է ասեր դրա մասին: Իսկ այդ հապճեպությունն ու խուճապը կապված է եղել նրա հետ եւ նա ակնհայտ սուտ է այնտեղ ասել, որ նման պայման է իր առջեւ դրվել, որ 100-ամյակը չի լինելու, որովհետեւ դու ռեկտոր ես: Իսկ նրա հապճեպություն ու խուճապ է նրա մոտ առաջացել, որ հաջորդ օրը քրեական գործեր են հարուցվելու»:
Կմնա՞ Արամ Սիմոնյանը պաշտոնավարելու թե՝ ոչ հարցին, նախարարն ի պատասխան ասաց՝ ԵՊՀ-ն կորոշի. «ԵՊՀ-ն ինքը թող որոշի՝ ուզո՞ւմ է ունենալ այդպիսի ռեկտոր:
ԿԳ նախարարը նաեւ ասաց, որ վերջին 9 ամիսների ընթացքում ԵՊՀ-ն շատ մեծ ինքնավարություն է ունեցել, որը չի ունեցել նախկին իշխանությունների օրոք եւ իր հետ զրույցում Արամ Սիմոնյանն այդ առումով «մի բոլ բողոքել է Սերժ Սարգսյանից»:
Արայիկ Հարությունյանը նաեւ անդրադարձավ այն մեղադրանքներին, թե Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներին բանաստեղծի գրած ստեղծագործությունը թղթից է կարդացել, այլ ոչ թե արտասանել, ասաց՝ ես ոչինչ չեմ կարող անգիր ասել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ