Aravot.am-ը այսօր ասուլիսում վարչապետի տիկնոջից՝ Աննա Հակոբյանից հետաքրքրվեց՝ վարչապետն ասաց, որ ինքը ստիպված է միջոցներ ձեռնարկել, որ իր կաբինետ տարբեր նվերներ չտանեն՝ խաչեր, կուլոններ, ականջօղեր, ձեզ այդպիսի նվերներ բերո՞ւմ են ու դուք ո՞նց եք վարվում նվիրատուների հետ, վարչապետն ասաց, որ ինքը չգիտի՝ վռնդի՞, թե՞ ինչ անի, դուք վռնդո՞ւմ եք, թե՞ ասում եք, որ նվերը փոխանցեն «Իմ քայլը» հիմնադրամին, օրինակ:
Նա պատասխանեց. «Լինում են, իհարկե, նվերներ, բայց նվերները լինում են երկու տեսակի: Ես իմ անձնական ուսումնասիրությամբ այս ընթացքում հանգել եմ դրան: Լինում են նվերներ սիմվոլիկ, այսինքն՝ հայկական արտադրության որեւէ իր, որ արտադրողը կարծում է, որ շատ լավ կլինի, որ ես դա կրեմ, որը մեծ արժեք չի ունենում: Եվ լինում են նաեւ արժեքավոր նվերներ: Արժեքավոր նվերները ես նույն կերպ դնում եմ եւ հետ եմ ուղարկում նվիրատուին երկտողով՝ շատ շնորհակալ եմ, համարեք, որ ես դա ունեմ, դուք ինձ դա նվիրել եք, բայց ես դա չեմ կարող ընդունել: Սիմվոլիկ նվերները սիրով ընդունում եմ եւ նաեւ աշխատում եմ օգտագործել հայկական արտադրանքի գովազդի ու ներկայացման շրջանակներում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ