Այսօր վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին լրագրողները հարցրեցին՝ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի հետ կապված լուրեր հրապարակվեցին, որ «Իմ քայլը» հիմնադրամին է փոխանցել իր ամբողջ պարգեւատրման գումարը եւ կասկածներ կային, որ մարզպետները նույնպես փոխանցումներ են արել, ընդ որում՝ ոչ իրենց կամքով: Աննա Հակոբյանը պատասխանեց. «Չկա նման բան, եթե ինձ հիմա հարցնեք, թե ինչ պաշտոն է զբաղեցնում Ինեսսա Գաբայանը, ես չեմ կարող ասել, չեմ ճանաչում: Մարզպետներին էլ չեմ ճանաչում, ինչը կարող են հաստատել տասնյակ մարդիկ: Օրինակ, վերջին քարոզարշավի ընթացքում, երբ ամուսնուս ուղեկցում էի, ինչպես տեսնում եք, ես շատ քիչ եմ լինում ամուսնուս հետ նույն տարածքում, ընդհանրապես չգիտեմ, չեմ ճանաչում…լինում էր իրավիճակ, որ ես նստած էի լինում տարբեր մարդկանց հետ, հարցնում էի՝ բա այս մարդն այստեղ ի՞նչ է անում, ինձ ասում էին՝ մարզպետն է այս մարզի: Ուղղակի անհեթեթություն է այդ լուրը: Չեմ բացառում, որ որեւէ մեկն իր պարգեւավճարը փոխանցած լինի»:
Աննա Հակոբյանն ասաց, որ եթե անուն-ազգանունով հարցնենք, կարող է ճշտել եւ ասել, բայց միայն՝ նվիրաբերողի համաձայնությունը ստանալու դեպքում:
Հարցին՝ մամուլը գրում է, որ դուք վարչապետին միջնորդում եք ձեր այս կամ այն բարեկամին գործի տեղավորելու հարցով, օրինակ, Ռաֆիկ Մաշադյանի որդու նշանակումը, Ձեր վարսավիրի պատմությունը կա, կարո՞ղ եք սպառիչ պատասխան տալ՝ Աննա Հակոբյանը սպառիչ պատասխանեց՝ ոչ: Նա նաեւ ասաց, որ երբ լրագրող էր, ամենաշատը վախենում էր, որ իր այս կամ այն հրապարակումը կկարդան Բաղրամյան 26-ում ու կծիծաղեն՝ սրանով ցույց տալով, որ նման կարգի լուրերը այդ որակի են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ