Վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հրավիրած ասուլիսում ասաց. «Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր քաղաքացիներից, բայց խնդրում եմ, որ առողջապահական անհատական դիմումներով «Իմ քայլը» հիմնադրամին չդիմեն»: Նա ասաց, որ եթե սկսեն անհատական դիմումերը սպասարկել, նույնքան գումար անհրաժեշտ կլինի, որքան իրենց բոլոր մյուս ծրագրերի համար միասին:
Աննա Հակոբյանի խոսքով՝ «Չունենք մեխանիզմ, թե ինչպես բոլորին բավարարենք, ինչպես մեկին բավարարենք, մյուսին մերժենք: Չափազանց ծանր կացության մեջ ենք հայտնվել և, ըստ էության, պետք է որեւէ բանով չզբաղվենք, միայն անհատական առողջապահական դիմումներով: Այնպես որ՝ շատ եմ խնդրում, նման դիմումներով չդիմել, մենք նման հնարավորություն չունենք»:
Աննա Հակոբյանն ասաց, որ հիմա հիմնադրամը տարածք չունի, հարմար տեղ է փնտրում: Լրագրողները հարցրեցին՝ մամուլում հրապարակումներ կային, որ դուք տարածքի խնդիրը փորձում եք լուծել՝ կառավարության շենքի հաշվին, գրել էին, որ գուցե նախագահականը՝ Մաշտոցի պողոտայի վրա, գուցե այդտեղ տարածք տրամադրվի հիմնադրամին՝ Աննա Հակոբյանը պատասխանեց. «Հիմնադրամը չունի տարածք, ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից կառավարություն, ունեմ այնտեղ աշխատասենյակ: Հիմնադրամի համար կառավարական շենքեր, նման ոչ մի հարց չի քննարկվում: Մենք ուզում ենք ուղղակի մեզ հարմար տարածք գտնել՝ նաեւ մատչելի, որովհետեւ մենք խնայում ենք մեզ վստահված գումարները, ուզում ենք դրանք իրենց նպատակին ծառայեցնել: Նախագահի նստավայրի հետ կապված…ինչպե՞ս կարող է հիմնադրամը տեղավորվել նախագահի նստավայրում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ