Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նույնիսկ ինչ-որ մեկն իր պարգեւավճարը որոշել է նվիրել «Իմ քայլին», գուցե եղել է, բայց ես տեղյակ չեմ». Աննա Հակոբյան

Փետրվար 21,2019 14:47

Վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ներկայացրեց հաշվետվություն, թե ինչքան միջոցներ են մուտքագրվել այս հիմնադրամի հաշիվների վրա, ինչքան են ծախսել ու ինչ նպատակով:

6 ամսվա ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարի վրա 859 մլն 55 հազար դրամ է մուտքագրվել, ծախսվել է 236 մլն դրամ: Աննա Հակոբյան ասաց. «Ունենք մնացորդ 622 մլն դրամ: Հիմնադրամի 6 ամսվա ընթացքում ունեցել ենք երկու գործուղում՝ դրամահավաքի նպատակով, գործուղումների վրա ծախսվել է 832 հազար դրամ, հավաքագրված գումարը եղել է 97 մլն-ից ավելի»: Մյուս գործուղման արդյունքում հավաքագրվել է մոտ 75 մլն դրամ: Աննա Հակոբյանն ասաց, որ 11 հոգի աշխատակից ունեն: Նա ներկայացրեց հոգաբարձուների խորհրդի անդամներին, հիմնադրամի աշխատակիցներին, ասաց, որ հիմա հարմար տարածք չունեն, գույք չունեն, աշխատակիցներն աշխատում են սեփական համակարգիչներով: «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների քանակը 114-ն է՝ կազմակերպություն կամ անհատ: Ամենամեծ նվիրատվությունը եղել է 241 մլն դրամ, որի նպատակը Մեղրու մանկապարտեզի հիմնանորոգումն է, ամենափոքր նվիրատվությունը կազմում է 1000 դրամ՝ մի քաղաքացուց: Գործառնական ծախսերը մոտ 24 մլն դրամ է՝ ծախսվել է աշխատավարձերի ու երկու գործուղումների համար:

«Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության 5 ամսվա ընթացքում 264 մլն դրամ է նվիրաբերվել: 85 անհատներից ու կազմակերպությունից են նվիրաբերողները, շահառուները 100-ից ավելի երեխաներ են, միջոցներն օգտագործվում են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար:

Աննա Հակոբյանն ասաց, որ օգնելու են այն ընտանիքներին, ովքեր ուզում են երեխա ունենալ եւ չեն կարողանում, խոսքը արտամարմնային բեղմնավորման մասին է: Նա ասաց, որ բավականին մեծ բյուջե ունեցող ծրագիր է՝ «Արագիլ» հիմնադրամի հետ եմ համագործակցում, արդեն ունենք 400 զույգի հերթ»:

Տիկին Հակոբյանը նաեւ ասաց, որ ուզում են մեկ օրինակելի երազանքի գյուղ ստեղծել Հայաստանում. «Ուզում ենք ցույց տանք, թե մեր գյուղն ինչ տեսք պետք է ունենա, տան առաջ ինչքան ծաղիկ լինի, տներն ինչ գույնով ներկված լինի, էսթետիկ մոտեցումներ լինեն, սա եւս մեր ծրագրերից է, կրկին թանկ ծրագրերից է»:

Լրագրողները հարցրեցին Աննա Հակոբյանին՝ տեղեկություններ կան, որ տարբեր գերատեսչություների պարգեւավճարներն ուղղվել են «Իմ քայլը» հիմնադրամին՝ նա պատասխանեց. «Առաջին անգամ եմ նման բան լսում: Բացարձակապես նման տեղեկություն չունեմ: Իմ քայլը հիմնադրամին 110 տարբեր կազմակերպություն է նվիրաբերություն արել, ես չգիտեմ, թե ովքեր են: Եթե նույնիսկ ինչ-որ մեկն իր պարգեւավճարը որոշել է նվիրել «Իմ քայլին», գուցե եղել է, բայց ես տեղյակ չեմ»:

Հարցին՝ նվիրաբերողների մեջ պաշտոնյաներ կա՞ն՝ նա պատասխանեց. «Չգիտեմ ովքեր են փոխանցումներ անողները, եթե նույնիսկ կան պաշտոնյաներ, այն ենթատեքստը, որով շրջանառվում է այդ տեղեկատվությունը, կորցնում է իր իմաստը, եթե ես տեղյակ չեմ, թե ովքեր են արել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728