Ժնեւում վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ աշխարհին նոր անակնկալ է մատուցվելու: Այսօր հրավիրած ասուլիսում նրան հարցրեցին՝ ի՞նչ անակնկալի մասին է խոսքը: Աննա Հակոբյանը պատասխանեց. «Ինչպես հեղափոխությամբ մենք անակնկալ մատուցեցինք աշխարհին, այնպես էլ կմատուցենք այն ամենով, ինչի կհասնենք հեղափոխությունից հետո: Դրա մեջ նաեւ մտնում էր տնտեսական հեղափոխությունը, ես նկատի ունեի հենց դա, մենք շատ արագ կդառնանք ամենաբարեկեցիկ երկրներից մեկը՝ ամենահամերաշխ եւ ամենասիրով լեցուն, ես հենց դա նկատի ունեի»:
Աննա Հակոբյանը Շվեյցարիայում ասել էր՝ «Ես հիմա հյուր եմ եկել մի երկիր, որն աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկն է, որտեղ գրեթե չկան աղքատներ կամ գործազուրկներ, որտեղ ամեն ինչ փայլում է, և բոլոր պայմանները կան երջանիկ ապրելու համար: Եվ ես ճանապարհին երկնքից այս չքնաղ վայրը դիտելիս մտածում էի՝ իսկ ինչո՞ւ չի կարող Հայաստանը լինել այսպիսին»: Մեր հարցին՝ հույս կա՞, որ Շվեյցարիայի հետ կկարողանանք երբեւէ ոտք գցել՝ Աննա Հակոբյանը պատասխանեց. «Ոչ միայն հույս կա, այլեւ ես համոզված եմ, որ շատ արագ տեմպերով Հայաստանը ոտք կգցի նման երկրների հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ