Aravot.am-ը Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է պատկերացնում ԵՊՀ-ի իրավիճակի հանգուցալուծումը, որի մասին ինքը բարձրաձայնել էր ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստին նաեւ ընդգծել, որ պետք է բարձրացնել նաեւ վստահության խնդիրը:
«Անորոշության լուծման համար պետք է դիմել ճիշտ հասցեատիրոջը, որը համալսարանի հոգաբարձուների խորհուրդն է: Ես բազմիցս եւ նախորդ անգամ եւս առաջարկել եմ, եթե կարիք լինի, էլի նույնն եմ առաջարկելու, որ ամեն կառույց պետք է զբաղվի իր գործով: Իսկ գիտխորհուրդը այն կառույցը չէ, որ այդ հարցը քննարկի: Վստահության կամ անվստահության հարցը հոգաբարձուների խորհրդի լիազորությունների մեջ է»,-ասաց պարոն Դումանյանը:
Խնդրեցինք մեկնաբանել շրջանառվող այն տեղեկությունը, թե իբր ինքը բանակցել է ԿԳ նախարարի հետ իր` ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակվելու շուրջ, հարցրինք՝ որքանո՞վ են հավաստի նման լուրերը: «Ոչ մի քանով, նման բան չկա»,-ասաց Վահրամ Դումանյանը եւ ցանկություն հայտնեց, որ ԶԼՄ-ները համալսարանի բոլոր դեկանների, գիտխորհրդի անդամների եւ ուսանողության ակտիվ հատվածների տեսակետներն էլ ներկայացնեն:
Դեկանը նաեւ հարցրեց, թե՞ որտեղից է այդ տեղեկատվությունը իր եւ ԿԳ նախարարի հանդիպման վերաբերյալ: Նրան խնդրեցինք մեկնաբանել իր եւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մտերմության մասին տեղեկատվությունը, եւ այն լուրը, որ նույնիսկ տարիներ առաջ Կարեն Կարապետյանը մի սեղանի շուրջ խմել է Դումանյանի` ԵՊՀ ապագա ռեկտորի կենացը:
«Վայ, վայ, վայ… Ընդամենը մի բան կարող եմ ասել, որ Կարեն Կարապետյանն իմ հին ուսանողական ընկերն է»,- ասաց Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը:
Վահրամ Դումանյանին հարցրինք` այնուամենայնիվ հավակնություններ, հետաքրքրություններ չունի՞ իր` ԵՊՀ ռեկտոր դառնալու առումով:
«Դեկանին նման հարց չեն տալիս»,- պատասխանեց մեր զրուցակիցը, ապա կես կատակ-կես լուրջ ասաց, որ ՀՀ Սահմանադրությամբ ինքն էլ խոսքի ազատության իրավունք ունի եւ ինքն էլ կարող է լրագրողին ցանկացած հարց տալ:
Քանի որ Արամ Սիմոնյանը խոսել էր ուսանողական որոշ խմբերի հետ քննարկումներ անցկացնելու եւ «Ռեստարտի» գործողություններում արհեստականություն, ուղղորդում ու թիրախավորում տեսնելու մասին, պարոն Դումանյանին հարցրինք` ինքն այդ առումով ի՞նչ կարծիքի է: «Մենք այսօր մի բանի խնդիր ունենք` «Ռեստարտի» նման ավելի շատ երիտասարդական կազմակերպություններ պետք է լինեն, որովհետեւ մինչեւ օրս «Ռեստարտն» ապացուցել է, որ իրենք կարող ուժ են` մասնավորապես տարկետման խնդրում, ինչում ես աջակցել եւ աջակցում եմ: Ու եթե նույն ձեւով իրենք շարունակեն, ես շարունակելու եմ նրանց աջակցել տարկետման խնդրում: «Ռեստարտի» մեջ արհեստականության որեւէ տարր չկա: Ես նման բան չեմ տեսել: Եթե տեսնեի, դա կնշանակեր, որ ես էլ եմ արհեստական այդ գործում»:
Հարցրինք` իր տպավորությամբ 100-ամյակի միջոցառումներին համալսարանը պատշա՞ճ է պատրաստվում: «Այդ հարցին ես չեմ կարող հիմա պատասխանել, որովհետեւ դրա պատասխանատուն չեմ: Բացի այդ տարին նոր է սկսվել, տպավորությունը տարվա վերջում կասենք, երբ նշենք, վերջացնենք»,-ասաց մեր զրուցակիցը:
Վահրամ Դումանյանից հետաքրքրվեցինք` իր կարծիքով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իսկապե՞ս թիրախավորվում է ՀՀԿ անդամ եւ «նախկինների» մարդը լինելու պատճառով: «Մեկ բառով ասում եմ` ոչ»,- շեշտեց դեկանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ