Այսօր կառավարության նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կրկին ներկայացրեց աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման վերաբերյալ նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ նախագիծը հաստատելը ասաց՝ պայմանը մեկն է. այս թեմային այլեւս չենք անդրադառնալու. այլեւս Հայաստանի Հանրապետություն աջակողմյան ղեկով ավտոմեքենաներ չեն ներկրվելու:
Հակոբ Արշակյանի ներկայացմամբ՝ կթույլատրվի մեր երկիր ներկրել մինչեւ 2018թ. դեկտեմբերի 30-ը գնված ավտոմեքենաները: Ներկրելու վերջնաժամկետ սահմանվեց մայիսի 1-ը: Այսինքն՝ այդ ժամանակահատվածում պետք է ավտոմեքենան ներկրած լինեն եւ այլեւս որեւէ հարց չլինի: Խոսքը մոտ 830 ավտոմեքենայի մասին է:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում վարչապետը հետ ուղարկեց այդ նախագիծը՝ պատճառաբանելով, որ ներկրողների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտվել է եւ ոչ թե պետք է մինչեւ սեպտեմբերի 30-ը գնած ավտոմեքենաները ներկրվեն, այլ արդեն մաքսակետում եղած, որոնց թիվը չի հասնում 500-ի: Սակայն վարչապետի՝ նախագիծը հետ ուղարկելուց հետո ավտոներկրողները կրկին բողոքի ցույց արեցին՝ պնդելով, որ իրենք վարչապետի հետ նման բան չեն պայմանավորվել եւ խոսքը ի սկզբանե այդ 830 ավտոմեքենաների մասին է եղել: Նախագիծը ընդունվեց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ