«Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունների մի քանի հայտարարություններ որոշակի հստակություն մտցրեցին այն ակնկալիքներում, որոնք ուներ ադրբեջանական կողմը բանակցային գործընթացից»,- այս մասին ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով բանակցային գործընթացի վերջին միտումներին:
Ալեքսանդր Ռարի խոսքով՝ բանակցային գործընթացի վերջին ամիսների ինտենսիվությունը կարծես թե կոտրվում է այն հայտարարությունների պատճառով, որոնք արեցին կողմերը վերջին մի քանի շաբաթների ընթացքում։
Նա մատնանշեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև նախարարների վերջին բոլոր հայտարարությունները, որոնցում, ի տարբերություն նախորդ շրջանի անորոշության, կողմերը շատ ավելի հստակ ու կոշտ դիրքորոշում հայտնեցին, միմյանց պատասխանեցին, կասկածի տակ դրեցին նույնիսկ բանակցային գործընթացը։
«Ադրբեջանի իշխանությունների հայտնած դիրքորոշումներում որևէ նորություն չկար՝ նախկին կոշտ դիրքորոշումների համեմատությամբ, իսկ ՀՀ իշխանությունները հստակեցրին, որ Ադրբեջանը ևս պետք է խոսի այն զիջումներից, որոնց ինքն է պատրաստ, Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ։ ՀՀ վարչապետը նշել էր նաև, որ պարզապես «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» կոնցեպտն անընդունելի է հայկական կողմի համար։ Կարծում եմ՝ սա որոշակի հստակություն մտցրեց այն ակնկալիքներում, որոնք ուներ ադրբեջանական կողմը։ Պետք է արձանագրեմ նաև, որ ՀՀ նոր իշխանությունները մի քանի ամիս շարունակ փորձեցին խուսափել հստակ դիրքորոշումներից, որոշ բացառություններով, քանի որ ժամանակ առ ժամանակ խոսում էին բանակցություններում Արցախի մասնակցության մասին, սակայն շարունակում բանակցությունները նախկին ձևաչափով։ Հասկանալի է, որ նախկին ինտենսիվության շահագրգիռ կողմն Ադրբեջանն էր, որը կարծում էր, թե նոր իշխանությունների հետ կկարողանա գնալ այլ գործարքների, քանի որ տեսանելի էր նաև ՀՀ իշխանությունների զգուշությունը և բանակցելու պատրաստակամությունը։ Հիմա իրավիճակ է փոխվում, և հետաքրքիր է լինելու հետևել, թե արդյոք կողմերը կկարողանա՞ն պահպանել նախկին ինտենսիվությունն ու տրամադրվածությունը բանակցային գործընթացի հարցում՝ հասկանալով, որ զիջումների հարցը երկու կողմի համար էլ ցավագին հարց է։ Իմ համոզմամբ՝ բանակցային գործընթացում իրավիճակ է փոխվել կամ փոխվելու է, այն վերադառնալու է նախկին փակուղային վիճակին»:
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում