Լրահոս
Օրվա լրահոսը

Արքմենիկ Նիկողոսյան. Դժվար է ասել՝ այդ նվիրված գրքերի քանի տոկոսն է, որ հետագայում ընթերցվում է, շրջանառվում եւ այդ գրքերի ուղերձները տեղ են հասնում. «Հրապարակ»

Փետրվար 21,2019 12:45

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, որը գիրք նվիրելու օրը «Հայ գիրք» գրախանութում աշխատում էր որպես խորհրդատու, նկատում է, որ առաջին դեմքերի մակարդակով նման մոտեցումը տոնին, գրքին, ընթերցանությանը կարող է լավ ազդեցություն ունենալ հասարակության մեջ։ «Կարծում եմ՝ այս տարիների ընթացքում տոնը կարողացանք այնքան ստացված դարձնել, որ, ուզեին- չուզեին, կառավարության անդամները պետք է մասնակցեին այդ ակցիային, այսինքն՝ տոնն այդքան առինքնող է։ Բայց Նիկոլ Փաշինյանի դեպքում դա ոչ միայն գիրք նվիրելու փաստ էր, այլ նաեւ որոշակի ուղղորդվածություն դեպի հայ ժամանակակից գրողները։ Ես գիրք նվիրելու պրոցեսից զատ, ամենաշատը հենց դա եմ գնահատում, եւ ինքը՝ Փաշինյանը, տարբեր առիթներով բացատրել է, թե ինչու է գնահատում ժամանակակից գրողներին եւ գրականությունը։ Կարծում եմ՝ այդ ուղերձները մեր հասարակությունն ըստ էության կընկալի»,- ասում է Նիկողոսյանն ու հավելում, որ չեն կարող դրական տեղաշարժեր չլինել. «Մնում է, որ այդ տոնական նվիրումներից եւ արարողություններից մեկ քայլ էլ առաջ կատարենք եւ այդ պրոցեսները հասցնենք նաեւ մարզեր։ Գրատոների ընթացքում այդ դիտողությունները մենք մշտապես մարզերից ստացել ենք, թե ինչու նույն պրոցեսները մարզերում չեն կատարվում, ինչպես անել, որ մարզերում գրախանութներ լինեն, ակտիվություն լինի, այդ ամեն ինչն այնտեղ փոխանցվի, եւ այնպես չլինի, որ մարզերի բնակիչները միայն լայվերով հետեւեն այս ամենին»։

Կարեւոր է ոչ միայն գիրք նվիրելու, այլ նաեւ գիրք ընթերցելու մշակույթը. «Ցավոք, այդ տագնապը կա, որովհետեւ այդ էֆեկտն ապահովվում է նվերների, տոնակատարությունների տեսքով, բայց դժվար է ասել՝ այդ նվիրված գրքերի քանի տոկոսն է, որ հետագայում ընթերցվում է, շրջանառվում եւ այդ գրքերի ուղերձները տեղ են հասնում։ Մեր հաջորդ քայլերը պետք է լինեն մարզերում նմանատիպ միջոցառումների առատությունը, նաեւ՝ թե՛ մարզերում, թե՛ Երեւանում ընթերցանության մակարդակի բարձրացումը»։

Գիրք նվիրելու օրը «Հայ գիրք» գրախանութում շատ մեծ ակտիվություն է գրանցվել, ընդ որում՝ եթե տարիներ առաջ գրքի տոնին երիտասարդներն էին ավելի շատ գալիս, այս անգամ շատ ավելի լայն շրջանակ էր ներգրավված՝ ծնողներ, տատիկներ, պապիկներ, ամենատարբեր պաշտոնների ու զբաղվածության մարդիկ, ԱԺ պատգամավորներ։ «Հիմա քանի որ գրքերի տեսականին շատ լայն է ու բազմազան, այս պարագայում էլ ընթերցողներն են կանգնում բարդ ընտրության առաջ։ Մարդիկ ունեն երազած գրքեր, որ այս օրերին առիթն օգտագործում են դրանք նվիրելու կամ ձեռք բերելու համար»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728