Հասարակական ընկալմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ազգականների ֆանտաստիկ «բիզնես- հաջողությունները» պայմանավորված են բացառապես կոռուպցիոն համակարգով, բայց մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ չի կարելի արդարադատություն իրականացնել հասարակական ընկալումների հիման վրա։ Դրա համար էլ, երբ լրատվամիջոցները «օդում կախված» տեղեկություններ են ներկայացնում, ասենք, Քոչարյանների ունեցվածքի մասին, սրանք աղմուկ են բարձրացնում, թե այդ ամենը հերյուրանք է /ու ներկայացնում են իրենց իրական ունեցվածքի՝ էլի բավականին պատկառելի ցանկը/։ Եվ պահանջում են փաստերով ապացուցել, որ այս-այս-այս հաստատությունները նույնպես իրենցն են։
Իսկ երբ իրավապահները կոնկրետ փաստերի հիման վրա քրեական գործեր են հարուցում, սրանք դա ներկայացնում են արդեն ոչ թե որպես հերյուրանք, այլ որպես քաղաքական հետապնդում։ Ու երեւի անկեղծորեն հավատում են դրան /որովհետեւ իսկապես էլ՝ եթե երկրում քաղաքական փոփոխություններ չլինեին, այդ քրեական գործերը չէին հարուցվի, հետեւաբար՝ պատճառներն ինչ-որ իմաստով քաղաքական են/։
Ու երեւի հենց այս վիճակն է իշխանություններին ստիպում խոսել անցումային արդարադատության ու ապօրինի հարստացման հարցում «մեղավորության կանխավարկածով առաջնորդվելու» մասին։ Մոտեցումներ, որոնք նորմալ իրավիճակներում ոչ միայն անընդունելի են, այլեւ կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ ցանկացած երկրի համար։
Ի դեպ՝ շատ է խոսվում նաեւ «ընտրովի արդարադատության» մասին։ Իբր իրավապահները հատուկ սեւեռվել են միայն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վրա եւ ուրիշ բանով չեն զբաղվում։ Իրականում դա այնքան էլ այդպես չէ: Պարզապես նախկին իշխանությունների հետ կապված գործերը հասարակական ավելի մեծ հնչեղություն ունեն, ու քանի որ նրանք էլ իրենց հերթին լրատվական-քարոզչական լուրջ ռեսուրսների են տիրապետում, հենց այդ գործերն են անընդհատ հայտնվում հասարակության ուշադրության կենտրոնում։ Ու սա, ի դեպ, իր բացասական կողմերն էլ ունի։ Որովհետեւ այնպես չէ, որ այսօրվա իշխանական համակարգում կոռուպցիոն դրսեւորումներ ընդհանրապես չկան։ Պարզապես դրանք իրենց ծավալներով համադրելի չեն նախկինների արածների հետ։
Բայց «պրոֆիլակտիկ աշխատանքներ» հաստատ պետք են, ընդ որում՝ նույնքան հրապարակային։ Որպեսզի նախկինների «սխրանքները» կրկնելու գայթակղությանը տրվողներ չլինեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում